Մատչելիության հղումներ

Պուտինը կփորձի առաջ գնալ ու ջարդել Ուկրաինային. Իան Բժեզինսկի


Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարություններն իրականում ոչ մի փոփոխության մասին չեն վկայում՝ Վլադիմիր Պուտինը մնում է կառչած իր հավակնություններին։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում այս մասին ասաց արտաքին քաղաքականության և ռազմական հարցերով փորձագետ Իան Բժեզինսկին՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունները, թե Ռուսաստանը «դեռ լրջորեն ոչինչ չի սկսել» Ուկրաինայում, կամ՝ որքան պատերազմը երկարաձգվի, այնքան խաղաղ բանակցությունների հեռանկարները կնվազեն, և այլն։

Ռուսաստանի նախագահի հավակնություններն են, ըստ փորձագետի, «հիմնականում վերաստեղծել Մոսկվայի ազդեցության գոտին նախկին Խորհրդային Միության տարածքում, եթե ոչ ավելին, և այդ ծրագրերի համար էական է եղել Ուկրաինայի վերահպատակեցումը»։

«Այնպես որ՝ կասկած անգամ չունեմ, որ Պուտինը դեռևս նպատակներ է հետապնդում վերանվաճելու և վերաենթարկեցնելու ամբողջ Ուկրաինան։ Եթե դրա համար հարկավոր է որոշակի ժամանակահատվածում մաս առ մաս վերցնել այն, դա կլինի նրա ռազմավարությունը։ Ցավոք, մենք չպետք է կասկածենք, որ նա կշարունակի դաժան ռազմավարությունը, որը ներառում է անխտիր հարձակումներ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, դպրոցների, հիվանդանոցների, համալսարանների և այլն», - նշեց Բժեզինսկին։

«Այսպիսով, եթե Դուք ինձ խնդրեիք գուշակել ապագան՝ հենվելով իրերի նման դասավորության վրա, ապա ես կասեի, որ Պուտինը կշարունակի փորձել առաջ գնալ և ջարդել Ուկրաինան՝ սպանելով ավելի շատ ուկրաինացիների, կամաց-կամաց ձեռք բերելով ավելի շատ տարածքներ, ենթադրելով, որ Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային կանհետանա՝ պայմանավորված կոնսենսուսի նվազմամբ, տնտեսական հետևանքներով, այս հակամարտության ներազդեցության և ժամանակի գործոններով», - ասաց փորձագետը։

«Եթե Դուք ինձ հարցնեք, թե ինչ պետք է անենք, ապա ես կասեմ, որ մենք պետք է մեծացնենք մեր աջակցությունը Ուկրաինային։ Առաջին հերթին պետք է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ողջ գործիքակազմը կիրառել, ամբողջական էմբարգո կիրառել Ռուսաստանի տնտեսության նկատմամբ։ Մենք պետք է արագացնենք Ուկրաինային տրամադրվող օժանդակությունը՝ ռազմական տեխնիկայի և մատակարարումների առումով», - կարծում է Բժեզինսկին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG