Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է` համաշխարհային պատմության նոր փուլ է, և միայն ինքնիշխան պետությունները կկարողանան զարգանալ


Ռուս - ուկրաինական պատերազմի առաջին ամիսների համեմատ վերջերս տեսախցիկների առաջ ավելի հաճախ երևացող Ռուսաստանի նախագահը հայտարարում է, թե աշխարհը թևակոխել է նոր դարաշրջան և համաշխարհային պատմության նոր փուլ։

«Արևմուտքը փորձում է պահպանել համաշխարհային զարգացման համար արգելակ հանդիսացող միաբևեռ աշխարհակարգը, բայց գալիս է նոր դարաշրջան», - ասել է Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումի լիագումար նիստում, որին հիմնականում մասնակցում էին երիտասարդները։

Հարևան պետության դեմ դաժան պատերազմ սկսած ու Արևմուտքի կոշտ պատժամիջոցների հետևանքով միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանի նախագահը պնդել է, թե միայն ինքնիշխան, այսինքն` Արևմուտքից անկախ պետությունները կկարողանան զարգանալ և ապահովել կյանքի բարձր որակ. «Գալիս է նոր դարաշրջան, նոր փուլ համաշխարհային պատմության մեջ, և միայն իսկապես ինքնիշխան պետությունները կարող են ապահովել աճի բարձր դինամիկա, կյանքի չափանիշների և որակի, ավանդական արժեքների պաշտպանության օրինակ դառնալ ուրիշների համար»։

Վերջերս Պուտինը ավելի հաճախ է հրապարակային ելույթներ ունենում, ավելին՝ օրերս Ուկրաինա ներխուժելուց հետո առաջին անգամ ոչ հետխորհրդային երկիր՝ Իրան էր այցելել։ Մինչ այդ, փետրվարի 24-ից ի վեր, նա միայն Տաջիկստանում ու Թուրքմենստանում էր եղել։

Պուտինն առաջին անգամը չէ, որ հայտարարում է «հին, միաբևեռ աշխարհի» տապալման մասին։ Միջազգային հանրությունից մեկուսացած Ռուսաստանի նախագահը սակայն, չի ընդունում, թե դա մեկուսացում է, և ըստ քաղաքական մեկնաբանների` փորձում է գոնե դե յուրե մնացած մի քանի դաշնակիցների ու գործընկերների հետ նոր աշխարհ կառուցել։ Այդ առումով Թեհրանը պատահական չէր ընտրված, թեև վերլուծաբանններից շատերը փետրվարի 24-ից հետո կանխատեսում էին Ռուսաստան-Չինաստան մերձեցումը։ Սակայն, ներխուժումից հետո Ռուսաստանին Բելառուսից ու հատուկենտ այլ պետություններից բացի, միայն Իրանի հոգևոր առաջնորդն էր աջակցություն հայտնել՝ պնդելով՝ եթե ռուսները չհարձակվեին, ՆԱՏՕ-ն կհարձակվեր Ռուսաստանի, մասնավորապես Ղրիմի վրա։

Պուտինը կարծում է, թե ինքն այսօր և ապագայում կարող է գլխավորել հակաարևմտյան աշխարհը, ասում է քաղաքագետ Կոնստանտին Գաազեն. «Վլադիմիր Պուտինի հեռանկարը. իհարկե, նա կարծում է, թե գլխավորում է հակաարևմտյան, հակագլոբալիստական ինտերնացիոնալը, որը միավորում է միատեսակ քաղաքական ռեժիմներ ունեցող պետություններ»:

Մատնաշնելով Պուտին-Էրդողան-Ռաիսի եռակողմ հանդիպումը` քաղաքագետը հավելում է՝ ոչ Իրանը, ոչ էլ Թուրքիան Ռուսաստանի համար չեն կարող հուսալի դաշնակից լինել թեկուզ միայն շահերի ակնհայտ բախման պատճառով։ Եվ Ռուսաստանը պարզապես փորձում է «ուզածը իրականության տակ անցկացնել»՝ մեկուսացված չթվալու համար։

XS
SM
MD
LG