Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Բրյուսելը կոշտ են արձագանքել իրենց դեսպանների հասցեին Թբիլիսիի մեղադրանքներին


«Անհավանական բան է տեղի ունենում՝ Բրյուսելի և Վաշինգտոնի մամուլի քարտուղարները միաժամանակ մեզ ասում են՝ սովորեք ինչպես պահել ձեզ», - նախօրեին վրացական հեռուստաընկերության «Օրվա Թեման» ծրագրին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Իսկ ի՞նչ է կատարվում Վրաստանում։

Դրսում մեղավորներ փնտրելու իշխանությունների վերջին հարձակումները ուղղված էին Վրաստանում Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպանների դեմ։ Իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրաքլի Կոբախիձեն դժգոհություն է հայտնել ԵՄ դեսպան Կառլ Հարցելի գործունեությունից, ով ավարտում է իր 4 տարվա առաքելությունը Վրաստանում։

Մի շարք պատգամավորներ ևս միացել են կուսակցության նախագահի քննադատությանը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն դեսպանի վրա է բարդել Վրաստանին Եվրամությանը անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ չտալու մեղքը։

Եվրամիության արձագանքը չուշացավ․ «Մեղադրել ուրիշներին՝ սեփական հավակնությունները չիրականացնելու համար, միայն հաստատում է, որ ավելի երկար ժամանակ է պետք հասկանալո՝ւ ինչպես է աշխատում Եվրամիությունը և որ բարեփոխումները տնային աշխատանք են։ Եվրամիությունը ամբողջովին աջակցում է դեսպան Կառլ Հարցելին, ով մեծ աշխատանք է տարել Վրաստան-Եվրամիություն կապերի համար», - հուլիսի 21-ին Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն։

ԱՄՆ-ի դեսպանի հասցեին իշխող ուժի և դատական համակարգի ներկայացուցիչների կողմից մեղադրանքներ էին հնչել, թե Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը ճնշումներ է գործադրում դատական իշխանության վրա։

Այս դեպքում էլ չուշացավ Պետդեպարտամենտի արձագանքը։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը հուլիսի 20-ի ճեպազրույցի սկզբում ասել է, որ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը վայելում է Վաշինգտոնի լիարժեք աջակցությունը և նշել, որ նա և նրա թիմը շատ բան են անում Վրաստանի ժողովրդի համար և աջակցում Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին։

«Վրաստանի որոշ պաշտոնատար անձանց հռետորաբանությունը ասես ուղղված է Վրաստանի քաղաքացիներին շեղելու այդ նպատակից։ Ապատեղեկատվությունը և անձնական հարձակումները դեսպան Դեգնանի կամ նրա թիմի վրա չի համապատասխանում գործընկերների միջև շփումներին։ Մենք կշարունակենք ուշադրությունը կենտրոնացնել մեր ընդհանուր նպատակների աջակցության վրա», - ասել է Նեդ Փրայսը։

Պետդեպարտամենտի կտրուկ արձագանքից հետո Վրաստանի իշխանությունները ասացին, թե թյուրըմբռնում է տեղի ունեցել, դեսպանության մասին հայտարարությունները սխալ են մեկնաբանվել։

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները դժգոհ են Եվրախորհրդարանից, որտեղ ամսվա սկզբին ընդունված բանաձևի մասին «Վրացական երազանքի» նախագահն ասել էր, թե այն գրոշի արժեք չունի։

Եվրախորհրդարանի պատվիրակությունը մինչ Հայաստան ժամանելը, այցել էր Ադրբեջան ու Վրաստան։ Պատվիրակության ղեկավար Դեյվիդ ՄըքԱլիսթերը Թբիլիսիում ամփոփելով այցը, ասել է, որ Վրաստանի համար վճռորոշ փուլ է։

«Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը շատ կարևոր քայլ էր և հիմա անհրաժեշտ է աշխատել բարեփոխումները կյանքի կոչելու վրա։ Ձևակերպված են 12 առաջնահերթություններ, 12 առաջարկներ, որոնց իրականացման վրա քաղաքական գործիչները պետք է աշխատեն», - նշել է նա։

Խոսքը անցած ամսին ներկայացված առաջարկների մասին է, որոնք կատարելու դեպքում Վրաստանը կարող է Եվրամիության անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ։

Եվրախորհրդարանի պատվիրակության կազմում է գերմանացի պատգամավոր Վիլոա ֆոն Կրամոն, ում Իրաքլի Կոբախիձեն ավելի վաղ մեղադրել էր «հանցագործներին պաշտպանելու մեջ», նկատի ունենալով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

XS
SM
MD
LG