Մատչելիության հղումներ

Ամեն ինչ գնում է խաղաղության պայմանագրի կնքման. քաղաքագետ


Խաղաղության պայմանագրի հնարավորություն «իհարկե կա, և նույնիսկ բնական է դա ակնկալելը, դրա այլընտրանքը նոր պատերազմն է, եթե խաղաղության պայմանագիր չկնքվի»: «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արման Գրիգորյանը:

Իսկ որ նոր պատերազմ տեղի չի ունենա, ըստ քաղաքագետի, «դրանում կարելի է վստահ լինել, կամ գոնե դրա հավանականությունը շատ փոքր է՝ թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը պատրաստ չէ նման պատերազմի, և մյուս կարևոր գործող ռեգիոնալ տերությունները նույնպես որևէ շահագրգռություն չունեն նման բան թույլ տալու»:

«Այնպես որ, խաղաղության պայմանագրի շուրջ, իհարկե, կան դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ, բազմաթիվ կնճիռներ, [2020 թվականի] նոյեմբերի 9-ի զինադադարի տարբեր կետերի տարբեր, իրարամերժ մեկնաբանություններ և այլն, կամ փորձեր՝ ինչ-որ բաներ խմբագրելու, այսինքն՝ դժվարությունները վերաբերում են այդ խնդիրներին, այդ կնճիռների հարթմանը, բայց որ ամեն ինչ գնում է նման խաղաղության պայմանագրի կնքման՝ գործընթացն այդտեղ է տանում, այդտեղ կասկած չկա», - ընդգծեց Գրիգորյանը:

Իհարկե, նշեց նա, կարող են տեղի ունենալ գործընթացներ «հայ - ադրբեջանական կոնտեքստից կամ հայ - ադրբեջանական հարաբերություններից դուրս, որոնք կարող են ապակայունացնել տարածաշրջանը, որոնք կարող են այս ստատուս քվոն ապակայունացնել», բայց դրանք կանխատեսել կամ դրանց մասին կոնկրետ ու հստակ բաներ ասելը, ըստ քաղաքագետի, դժվար է:

Հիշեցմանը՝ վարչապետն ասում էր, թե կա պատերազմի վտանգ, Ադրբեջանը փորձում է լեգիտիմ պատճառներ գտնել դրա համար, Գրիգորյանն արձագանքեց. - «Եթե բանը հասնի դրան, ես չգիտեմ՝ ինչ տեսք կունենա այդ պատերազմը, այսինքն՝ պարզապես ադրբեջանցիները կարող են ինչ-որ տարածքներ օկուպացնել մեր շատ վտիտ դիմադրության պայմաններում: Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չի, նման պատերազմը կառնչվի նաև ռեգիոնալ տերությունների շահերին, ես այսօր նման շահագրգռություն կամ նման բան թույլ տալու միտում չեմ տեսնում»:

Անդրադառնալով հնարավորությանը, որ Ադրբեջանը երկու տարուց հրաժարվի ռուսական խաղաղապահ առաքելությունից՝ իր պայմանագրային իրավունքից օգտվելով, քաղաքագետն ասաց. - «Կետ կա, որը ենթադրում է, որ կարող է դա երկարաձգվել, եթե չեն առարկում կողմերը, այո, բայց երկարաձգման հնարավորության մասին նշում այդ փաստաթղթում արդեն կա: Ինձ այստեղ այդքան Ադրբեջանի դիրքորոշումը չի հետաքրքրում, ինչքան Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ռուսաստանը շահագրգռված լինելո՞ւ է այդ տարածքում հայկական ներկայությունը պահել, հետևաբար՝ իր ռազմական և ստրատեգիական ներկայությունը պահել: Ինձ թվում է՝ այստեղ, այս պահին գոնե, որևէ տարակարծություն չի կարող լինել՝ նրանք դրանում շահագրգռված են: Եվ եթե ինչ-որ բան արմատապես չփոխվի, նրանք անպայման պնդելու են, որ այդ խաղաղապահ առաքելության ժամկետը երկարաձգվի, և եթե ռուսները նման պնդում անեն, նման շահագրգռություն ունենան, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը լուրջ կոնֆրոնտացիայի է գնալու Ռուսաստանի հետ՝ փորձելով նրանց դուրս մղել Արցախից: Առավել ևս՝ եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծված չլինի մինչև այդ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է լուրջ փաստարկ ունենալ խաղաղապահներին դուրս հրավիրելու»:

«Մոսկվայում ավելի հակված են փուլային լուծմանը, ինչը նաև Մոսկվայի շահերից է բխում հենց այն տրամաբանությամբ, որ քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, նաև չի կարող խաղաղապահների դուրսբերման հարցը դրվել», - շեշտեց Արման Գրիգորյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG