Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ու Ադրբեջանի հետախուզությունները կհամագործակցեն՝ պաշտպանելու երկու երկրների տարածքային ամբողջականությունը 


Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, արխիվ

Երևանի դաշնակից համարվող Ռուսաստանի հետախուզական ծառայության ղեկավարն ու Ադրբեջանի իր գործընկերը երեկ Բաքվում համաձայնագիր են ստորագրել՝ հետախուզության ոլորտում համագործակցության մասին։ Նպատակը երկու պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունն է։

Այս մասին երեկ Ադրբեջանի մայրաքաղաքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը. «Այսօր հանդիպումներ կայացան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մեր գործընկերների հետ՝ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունից՝ Օրհան Սուլթանովի գլխավորությամբ։ Նախագահի հետ հանդիպմանը ընդհանուր և բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, բովանդակությանը, բնույթին։ Ընդգծվել է համագործակցության ռազմավարական բնույթը և զարգացման լավ հեռանկարները։ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության գործընկերների հետ, իհարկե, քննարկել ենք մեր խորը, մանրամասն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ ուղղված Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերին»։

Արդյո՞ք ռուսական կողմը կօգնի Բաքվին տեղեկություններ ստանալ Հայաստանի ռազմական կարողությունների վերաբերյալ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին ընդունել է ՀՀ վարչապետը
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին ընդունել է ՀՀ վարչապետը

Նարիշկինը Երևանից մեկնեց Բաքու և այստեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպումներից հետո, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին, անվտանգության ոլորտում ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան, այնուամենայնիվ, որևէ փաստաթուղթ չստորագրեց՝ գերադասելով այդ անել Հայաստանի ու Արցախի հետ շարունակաբար ռազմական բախումների մեջ գտնվող Ադրբեջանի հետ։

«Այսօր Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի Արտաքին հետախուզության ծառայության միջև համաձայնագիր է ստորագրվել հետախուզության ոլորտում համագործակցության զարգացման մասին։ Այն հիմնարար փաստաթուղթ է։ Թեև այն ֆորմալ բնույթ ունի, սակայն լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր հարաբերությունների, փոխգործակցության զարգացմանը։ Մեր ծրագրերում համատեղ գործողություններ են՝ ուղղված մեր պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության աջակցմանը, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարին, արտերկրում մեր հաստատությունների, երրորդ երկրներում Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանությանը», - ասել է նա։

Թե հետախուզության ոլորտում Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչպե՞ս են համագործակցելու, օրինակ՝ արդյո՞ք ռուսական կողմը կօգնի Բաքվին տեղեկություններ ստանալ Հայաստանի ռազմական կարողությունների վերաբերյալ, կողմերը չեն մանրամասնում։

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության կայքէջը Բաքվում ստորագրված համաձայնագրի մասին լռում է։ Ոչինչ չեն հաղորդում նաև Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները։

«Ազատությունն» այսօր փորձեց պարզել, թե Հայաստանի ԱԱԾ-ն համագործակցության ի՞նչ փաստաթղթեր է կնքել Սերգեյ Նարիշկինի գլխավորած կառույցի հետ, բաց աղբյուրներում այդպիսի տեղեկություն չգտանք, ԱԱԾ լրատվական ծառայությունից խոստացան պատասխանել ավելի ուշ։

Նարիշկինն ու իր ընտանիքի անդամները սերտ կապեր ունեն Ադրբեջանի ղեկավարության հետ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, արխիվ
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, արխիվ

Հայ-ռուսական բարեկամության մասին Երևանում Նարիշկինի հնչեցրած հայտարարության ֆոնին հիշեցնենք հետաքննական լրագրությամբ զբաղվող ռուսաստանյան Проект հարթակի 2020թ. դեկտեմբերի հրապարակումը, թե Նարիշկինն ու իր ընտանիքի անդամները ինչպիսի սերտ կապեր ունեն Ադրբեջանի նախագահի ընտանիքի, կառավարության և գործարար հանրության ներկայացուցիչների հետ։

Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի անվտանգության ոլորտում իր համագործակցությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով` Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղուց է, ինչ հանդես են գալիս որպես ռազմա-քաղաքական դաշնակիցներ, և Հայաստանում պետք է գիտակցեն սա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, Մոսկվա, 22-ը փետրվարի, 2022թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, Մոսկվա, 22-ը փետրվարի, 2022թ․

«Սա, կարծում եմ, նորություն չէ, ընթացիկ տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրեցին դաշնակցային գործընկերության մասին հայտնի հռչակագիրը, որը բավականին լայն փաստաթուղթ է, և այնտեղ հենց առաջին կետերից մեկն այն է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկու երկրները հարաբերությունները կառուցում են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով և հարգելով», - ասաց քաղաքագետը:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, արխիվ
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, արխիվ

Ըստ նրա` Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի անվտանգության ոլորտում իր համագործակցությունը՝ խորացնելով կապերը ուժային այլ կենտրոնների հետ. «Մենք չպետք է միայն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կառուցենք, մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները մյուս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ, որովհետև կյանքը ցույց տվեց, որ եթե մենք բոլոր մեր անվտանգային և ռազմավարական ռեսուրսները տալիս ենք Ռուսաստանին, ապա դա միայն ու միայն բերելու է մեզ համար ոչ թե նոր անվտանգության, այլ նոր խնդիրների»:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական զինուժի ներխուժմանը, Երևանը դիմեց ՀԱՊԿ աջակցությանը, սակայն Ռուսաստանի առաջնորդած դաշինքը առայսօր գործնական որևէ քայլ չի ձեռնարկել։

2020թ. արյունալի պատերազմին նախորդած տարիներին հենց Ռուսաստանն էր հարձակողական սպառազինության գլխավոր մատակարարը Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին։

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն` 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած առաջին ու երրորդ երկրները ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանն ու Բելառուսն են։ Այդ տարիներին Ադրբեջանը Հայաստանի դաշնակից համարվող երկրներից ստացել է իր ներմուծած զենքի 67.2%-ը` ավելի քանի 2/3-րդը։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է ամբողջի ընդամենը 2.9%-ը։

XS
SM
MD
LG