Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիներն ավերել են Շուշիի Կանաչ Ժամը, այն վերածվում է ուղղափառ եկեղեցու, ահազանգում են Արցախից


Ադրբեջանցիներն ավերել են Շուշիի Կանաչ Ժամ հայկական եկեղեցին, այժմ այն վերանորոգման քողի տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու, Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն է այսպիսի ահազանգ տարածել: 44-օրյա պատերազմի ռումբերից փրկված Կանաչ Ժամը սկսեց ավերակի վերածվել, երբ Շուշին անցավ Ադրբեջանի հսկողության տակ՝ զանգակատան գմբեթից սկսեցին, հետո մտան ներս: Այս ամենը երևում է հենց ադրբեջանցիների տարածած լուսանկարներում ու տեսանյութերում։

«Հայտնվել են լուսանկարներ` պայթեցված վիճակում եկեղեցին, իսկ մենք գիտենք, որ եկեղեցին ռազմական գործողությունների ժամանակ չէր տուժել, բնականաբար այն պայթեցվել էր Շուշին իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո: Անընդհատ ահազանգել ենք, անընդհատ դիմել են, նաև ԿԳՄՍՆ-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ռուս խաղաղապահներին, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն անարգել շարունակում է թե՛ վանդալիզմը, և թե՛ մեր մշակութային արժեքների բռնայուրացումը», - ասում է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ղեկավար Արմինե Հայրապետյանը:

Նա չի կասկածում՝ ջնջվելու են բոլոր վկայություններն Առաքելական եկեղեցու պատկանելության վերաբերյալ, զանգակատան մուտքի վերնամասում արձանագրություն կա՝ Կանաչ Ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին կառուցվել է 1847 թվականին` ի հիշատակ եղբոր։ Եկեղեցին Շուշիի Վերին թաղում է՝ ի սկզբանե Ղարաբաղցոց եկեղեցի էին անվանում:

«Դա 19-րդ դարի հայկական ճարտարապետությանը բնորոշ պատմամշակութային հուշարձան է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող», - պնդում է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը` հավելելով. «Այն, ինչ այժմ Ադրբեջանն անում է այս եկեղեցու հետ, նորություն չէ. խորհրդային տարիներին էլ Կանաչ Ժամը վանդալիզմի թիրախում է եղել»:

Լեռնիկ Հովհաննիսյանի երեք երեխաները այստեղ են մկրտվել. «Խորհրդային ժամանակաշրջանում այն վերածել էին հանքային ջրի ըմպելասրահի զբոսաշրջիկների և Շուշի քաղաք այցելուների համար, և հատուկ այնպիսի տեղեր էին դրել այդ ջրի բաքերը, որ այնտեղից հոսող ջուրը, գիտեք` հանքային ջուրն ունի քայքայիչ հատկություն, և որպեսզի լցվի ավանդատները, այդպես նաև քայքայվեն եկեղեցու հիմքերը»:

Այժմ ադրբեջանցի հանրային գործիչները հոդվածներ, տեսանյութեր են տարածում, որոնցում նաև հանդես են գալիս ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի ներկայացուցիչները, թե հայերը ուղղափառների եկեղեցին էին յուրացրել:

Արմինե Հայրապետյանն ասում է՝ Ադրբեջանը պատերազմից հետո փորձեց Կանաչ Ժամը որպես աղվանական եկեղեցի ներկայացնել, հետո արագ սթափվեցին, քանի որ այն ժամանակ, երբ եկեղեցին կառուցվել է, Շուշիում գեթ մեկ ուդի չի բնակվել, մարդահամարի տվյալներ կան: Հետո կանգ առան ռուսական տարբերակի վրա, միայն թե, Հայրապետյանը հիշեցնում է, Շուշիի ռուսական եկեղեցին քանդել են հենց իրենք` ադրբեջանցիները 70-ականներին. «Սուրբ Նահատակ Գեորգի Պաբեդանոսցի անվան եկեղեցի, նշվում է այդ եկեղեցու վերանորոգման մասին»:

Կան փաստաթղթեր և նույնիսկ ականատեսներ՝ այնտեղ, որտեղ ռուս ուղղափառ եկեղեցին է եղել, ադրբեջանցիները խորհրդային տարիներին մշակույթի տուն ու հարակից ռուսական գերեզմանատան տեղում ռայկոմի շենք են կառուցել: Լեռնիկ Հովհաննիսյանը հիշում է՝ 2000-ականներին, երբ Շուշիի այդ հատվածը սալապատում էին, ռուս սպայի հագուստի նմուշներ գտան՝ կոճակներ:

Արցախցի պաշտոնյաների կարծիքով՝ այժմ Կանաչ Ժամի հայկական դեմքը պահպանելու համար Մայր Աթոռը պիտի բանակցի ռուս ուղղափառ եկեղեցու հետ՝ բացատրելու՝ այն, ինչ ձերն է եղել, չկա, քանդել են, Կանաչ Ժամը հայկական է:

«Էջմիածինը կարող է նաև այս փաստաթղթերը նկատի ունենալով, այս փաստաթղթերին հղում անել` հոգևոր առաջնորդների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի, որպեսզի Կանաչ Ժամի հանդեպ այդ վերանորոգման անվան տակ վանդալիզմը և պատմության բռնազավթումը չիրականացվի», - կարծում է Արմինե Հայրապետյանը:


Միջազգային կառույցներից որևէ արձագանք կամ գործնական քայլ արցախցի պաշտոնյաներն այլևս չեն ակնկալում: Ադրբեջանն արդեն իսկ բազմաթիվ հնագույն հուշարձաններ կա՛մ ավերել է, կա՛մ ուդիական ներկայացրել: Լեռնիկ Հովհաննիսյանը թվարկում է. «Դադիվանքն է, Ծիծեռնավանքն է, Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչն է, Հադրութի Սուրբ Հարությունն է…»:

Նա շեշտում է՝ Կանաչ Ժամի հետ տեղի ունեցող ուղղափառացումը նույնքան վտանգավոր է, որքան մյուս գանձերի աղվանացումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG