Մատչելիության հղումներ

Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված «քրգործերը քառապատկվել են»


Գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրեական գործերը քառապատկվել են, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ այդմ, եթե 2021-ի ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, ապա 2022-ի 1-ին կիսամյակում հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 4 քրեական գործ:

Ներկայումս, ինչպես դատախազությունն է նշում, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11 քրեական գործով:

2022-ի առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022-ի առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ:

Ըստ այդմ, դատախազությունը փոխանցում է, որ հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղարդանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գևորգյանին և վերջինիս կնոջը, ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին՝հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին՝ հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար, Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանին՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ մեկ տարով զրկվելով ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Դատախազությունը փոխանցում է, որ բացի վերոնշյալը, դեռևս 2021-ի ապրիլին մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Դավթյանի և վերջինիս որդու վերաբերյալ քրեական գործը, որով նրանք մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ հանձնաժողով չներկայացնելու համար:

XS
SM
MD
LG