Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում առերևույթ ոչնչացվել է 19 պատմամշակութային հուշարձան, հայտնում է Դատախազությունը՝ վկայակոչելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ից, Դատախազության ստորաբաժանումներից, Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները։
Դատախազությունը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի արխիվային նյութերում առկա են միայն 4 հուշարձանների քանդման թույլտվություններ, իսկ հուշարձանների քանդման վերաբերյալ փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվ չեն հանձնվել:
«Այսինքն, 2000-2010թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում չեն կատարվել կամ ոչ պատշաճ են կատարվել հուշարձանների պահպանման և հսկողության իրականացման գործառույթները: Արդյունքում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ամբողջությամբ քանդվել է 18 մշակութային հուշարձան, իսկ 1-ը պահպանվել է մասնակի: Ընդ որում՝ նշված հուշարձանների քանդման, վնասման վերաբերյալ նախապատրաստված նյութեր, հարուցված քրեական գործեր ևս չկան», - հայտնում է Դատախազությունը:
Ուսումնասիրության արդյունքները հանցագործության կատարման մասին հաղորդմամբ ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: