Մատչելիության հղումներ

Իշխանությունն ու ընդդիմությունը հակադիր կարծիքներ ունեն Պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների փաթեթի մասին


«Բանակի ղեկավարման արդյունավետությունը կբարձրանա, ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի պաշտոնը կքաղաքականացվի», - իշխանությունն ու ընդդիմությունը հակադիր կարծիքներ ունեն այսօր ԱԺ-ում քննարկված Պաշտպանության ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթի մասին։

Օրենքների նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ, բացառապես իշխանականների ձայներով, ընդդիմադիրները նիստին չմասնակցեցին։ Երկրորդ ընթերցման քննարկումները՝ վաղը։

Այս նախաձեռնությամբ Փաշինյանի կաբինետը առաջարկում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նաև, որ նա չլինի նախարարին փոխարինող անձը։ Գերատեսչության ղեկավարի բացակայության պայմաններում սովորաբար առաջին տեղակալն է նրան փոխարինում, բայց իշխանությունը Սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյայի դեպքում հատուկ կարգավորում է մտցնում։

Չնայած իշխանության որակումներին, թե նախագիծը հեղափոխական է, փոփոխությունները ներկայացնելիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շատ երկար չծավալվեց՝ մոտ 4 րոպե։

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան

«Առաջարկության նպատակն է բարելավել Զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը», - նշեց Պապիկյանը: Թե ինչպե՞ս, չբացատրեց, դահլիճում ներկա իշխանական պատգամավորների մոտ էլ այդ հարցը չծագեց, որ տան նախարարին։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում պնդեց՝ նախկին պատերազմներում կառավարման ու որոշումների կայացման խզում կար՝ պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի միջև։ Այս փաթեթն, ասաց, դրա լուծումն է։

«Սրա անունը, պարոն նախարար, կարող եմ դնել՝ դասեր քաղելու օրինագծեր: Դասեր ի՞նչ առումով, քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ, լուրջ ուսումնասիրություններ, վերլուծություններ, մեր բացթողումների և կառավարման համակարգի մասին», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

Արդեն եզրափակիչ ելույթում պաշտպանության նախարարն անկեղծացավ. - «Շատերը խոսում են նրա մասին, որ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին, Զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չի, շատ հստակ քայլ է: Այո, Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին: Իշխանությունը, որը ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ»:

Մինչ կառավարությունը հիմնավորում է, թե փոփոխությունն անում են բանակի ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով, պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանը հայտարարում է՝ պաշտպանության նախարարը քաղաքացիական է, քաղաքական թիմի անդամ, իսկ Գլխավոր շտաբի պետը՝ զինվորական, իշխանությունը այս փոփոխությամբ քաղաքականացնում է զինվորական ամենաբարձր պաշտոնը։

«Գլխավոր շտաբի պետը, լինելով նախարարի առաջին տեղակալ, նշանակում է, որ զորքը ղեկավարելու է բանակի առանձնահատկություններից բան չհասկացող քաղաքական թիմի անդամ: Իրենք էդ փոփոխությունն անում են միայն մեկ բառի համար, որ Գլխավոր շտաբի պետը լինի առաջին տեղակալ և ասի՝ Գլխավոր շտաբի պետն իմ տեղակալն է, այնինչ այսօրվա օրենքով էլ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Մյուս փոփոխությունը, որը ներկայացրեց պաշտպանության նախարարը, բանակի գնումներին է վերաբերում՝ Զինված ուժերի կարիքների ողջ գնումները վերապահվում են ՊՆ-ը, իշխանականներն ասում են՝ Գլխավոր շտաբը չի զբաղվելու դրանցով։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

«Ինքը լուծում է կոռուպցիայի հնարավոր դրսևորումների խնդիրը, որը առկա էր, որովհետև զինվորականությանը տրված էր նաև տենդերների մասնակցությունը: Զինվորականությունը կզբաղվի զինվորական գործերով, նախարարությունը կզբաղվի այդ ամբողջի քաղաքական կառավարման ճիշտ օրակարգ ձևավորելով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Պաշտպանության նախկին նախարար Օհանյանն ասում է՝ իր համար անհասկանալի է՝ ինչ փոփոխություն են ուզում անել, պնդում էր՝ Գլխավոր շտաբը 2008-ից գնումներ չի իրականացրել։

«Գնումները իրականացնում է պաշտպանության նախարարը և նրա ենթակա նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը: Գլխավոր շտաբը հանդիսանում է պատվիրատու անձնավորություն», - ասաց Օհանյանը:

Օրենքի փոփոխությունների քննարկումների ժամանակ իշխանականները իրենց ելույթների զգալի մասը նվիրեցին դահլիճից բացակայող ընդդիմադիրներին. մեկ կանչում էին նիստերի դահլիճ, հետո փորձում էին հասկանալ՝ ինչի՞ համար են աշխատավարձ ստանում, նաև ուզում էին պարզել իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմության օրակարգը:

«Պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, բարի լինեին մեր գործընկերները, գային այստեղ», - ասաց նախարարը:

Ընդդիմությանն անդրադառնալու գայթակղությանը չդիմացավ նաև պաշտպանության նախարար Պապիկյանը. ակնարկելով նիստերի դահլիճից բացակայող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեց՝ ի՞նչ իրավունքով է զանգել գլխավոր զինկոմին:

«Ինչ-որ հարցադրումներ՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիներին: Ժողովուրդ, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ եք, թե՞ ոնց: Ի՞նչ է նշանակում՝ «պաշտպանության նախարարն է հրահանգել»: Նախ՝ պաշտպանության նախարարը եթե նախկինում նման կերպ է եղել, մեր օրերում այդպես չի, երկրորդ՝ մյուս անգամ իրավունք չվերապահեք ձեզ զանգել զինվորականներին կամ զինվորականներին քողարկված կոչեր անել, որովհետև նման կոչերը ենթադրելու են նաև իրավական պատասխանատվություն», - ասաց Պապիկյանը:

Տեղեկություն ստանալու համար ԱԺ պատգամավորը գրավոր կամ բանավոր իրավունք ունի դիմել յուրաքանչյուր պաշտոնյայի, «Ազատության» հետ զրույցում պնդում էր Սեյրան Օհանյանը։ Չհերքեց՝ զանգահարել է հանրապետության զինկոմին, այլ հարցերի շարքում ասել նաև՝ իր համար անհասկանալի է ընդդիմադիր ակտիվիստներին զորահավաքային ծանուցագրեր ուղարկելու զուգադիպությունը, պնդում էր՝ պաշտպանության նախարարի անուն չի տվել, հարցրել է՝ արդյոք Զինկոմն է ցուցում տվել։

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան

«Զորահավաքը չի կարող ընտրովի լինել, չի կարող այնպես լինել, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարի ամիսներ առաջ, որ ընդդիմության շարքերում այդ ակտիվիստներին բոլորին զորակոչեք, տարեք մոբիլիզացրեք, հայտնվեն բոլորը այդ ցուցակներում: Ի՞նչ իրավական նորմերի մասին են խոսում, մարդիկ են խոսում, որ իրանք ծառայության ժամանակ հանցագործություններ են կատարել, հիմա ամբիոնից հոխորտում են: Այնպես որ թող զբաղվեն իրենց գործով, 1,5 տարվա ընթացքում ինչո՞ւ գերիներով, պատանդներով չեն զբաղվում, միջոցառումներ չեն իրականցնում բանակի մարտունակությունը վերականգնելու, դիրքերը ամրապնդելու», - ասաց Օհանյանը:

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին առնչվող կարգավորումներին, իշխանությունն ավելի հեռուն է ուզում գնալ և չի բացառում սահմանադրական փոփոխությունները, որոնք, ինչպես ասում են, կապահովեն բանակի կառավարման ուղղահայացը։

XS
SM
MD
LG