Մատչելիության հղումներ

Գործարքների անկանխիկ տարբերակին անցնելուց առաջ, ըստ տնտեսվարողների, տեխնիկական խնդիրներն էր պետք լուծել


300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքներն այսօրվանից պետք է իրականացվեն միայն անկանխիկ եղանակով։ Դա վերաբերում է ցանկացած տեսակի առևտրին, բանկային գործարքներին ու տարատեսակ վճարումների կատարմանը։

Անկախ գումարի չափից այսօրվանից Երևանում պարտադիր պետք է անկանխիկ եղանակով լինեն նաև աշխատավարձերի, ուսումնական ու բժշկական ծառայությունների վճարումները։ Երկու տարի հետո սա պարտադիր կլինի ամբողջ Հայաստանում։

Իշխանություններն այս փոփոխությունները հիմնավորում են կանխիկ գումարի կիրառումը կրճատելու ու արդյունքում ստվերային՝ չհարկվող դրամաշրջանառությունը կրճատելու նպատակով։

Երևանի առևտրի կենտրոններից մեկում այսօր տնտեսվարողները չէին շտապում գնահատական տալ, թե ինչպես նոր օրենքը կանդրադառնա իրենց բիզնեսի վրա. «Լավ ու վատ կողմերը դեռ չգիտեմ, արդյունքը ցույց կտա», - ասաց նրանցից մեկը:

Իսկ արդյոք տնտեսվարողները պատրա՞ստ են հենց այսօրվանից հետևել օրենքի պահանջներին։ Առևտրով զբաղվող Արսեն Ամիրխանյանը պատմում է՝ արտերկրի գործընկերների հետ ինքը վաղուց է անկանխիկ եղանակով՝ բանկային հաշիվներով աշխատում։ Բայց վստահ չէ, որ այստեղ հնարավոր կլինի անխոչընդոտ քարտային առևտուր անել։ Առևտրականը շաբաթներ առաջ դիմել է բանկերից մեկին անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ձեռք բերման համար, սակայն դեռ սպասում է։

«Նենց չի, որ մեզ ազգին էդ էր անհրաժեշտ, լիքը հարցեր կան լուծելու, ինձ թվում է` դա մի 5-10 տարի հետոյի խնդիր էր մեր պայմաններում ապրելը, այս պահին առաջնային չէր», - նշեց նա:

Մեկ այլ ձեռնարկատիրոջ՝ Արթուր Գևորգյանի կարծիքով` պետությունը նախ տեխնիկան ապահովության հարցը պետք է լուծեր, ապա նոր օրենք ընդուներ։ Նրա գնահատմամբ` առնվազն մեկ տարի կպահանջվի, մինչև բիզնեսն ամբողջությամբ հարմարվի նոր կարգավորումներին. «Դեռ բանկերի հարցերը չլուծած, անցել են մեզ, հիմա ոչ բոլոր բանկերն են պոս տերմինալը տրամադրում, այդ գործարքներն անում, կան մարդիկ` ամսի 5-ին դիմումը գրել են, երեկ նոր զանգել, ասել են, որ մեր բանկը ձեզ չի կարում տրամադրի պոս տերմինալ: Սա երկարաժամկետ խնդիր է»:

Կենտրոնական բանկից չեն թաքցնում՝ տեխնիկական խնդիրները դեռ ամբողջությամբ լուծված չեն։ ԿԲ իրավաբանական ռիսկերի կառավարիչ Լևոն Սահակյանն ասում է՝ այս աշխատանքների համար հնարավոր է` որոշ ժամանակ պահանջվի. «Ամբողջ ֆինանսական համակարգն այդ հարցերով զբաղվում է, որպեսզի կարողանան բոլորն ապահովել օրենքի բոլոր պահանջները»:

ԿԲ պաշտոնյան ասում է՝ վերահսկող մարմիններն օրենքի կիրառման առաջին շրջանում խսիտ վարչարարություն չեն իրականացնի՝ հաշվի առնելով, որ դեռ ոչ բոլորն են տեխնիկապես պատրաստ, թեև օրենքին չհետևելու համար 100 հազար դրամի տուգանք է նախատեսված։

Այսօրվանից Երևանի բոլոր բժշկական հաստատություններում ծառայությունների դիմաց անհրաժեշտ է անկանխիկ եղանակով վճարել՝ անկախ գործարքի չափից։ Սկզբնական շրջանում անկանխիկ է համարվում նաև վճարային տերմինալներով կատարած գործարքը։

«Բժշկական հաստատություններում պետք է, օրինակ, վճարային տերմինալ տեղադրված լինի, հախախորդն, ով բժշկական ծառայություններից օգտվում է և պետք է փոխանցում կատարի, եթե այդ գումարը կփոխանցվի անմիջապես տնտեսվարողին, բժշկական ծառայություն մատուցողի հաշվեհամարին, ապա դա նույնպես համարվելու է անկանկխիկ»:

Այսօրվանից ուժի մեջ մտած օրենքը վերաբերում է նաև քաղաքացիների միջև ֆինանսական փոխառնություններին, մեքենաների, անշարժ գույքի առուծախին։

XS
SM
MD
LG