Մատչելիության հղումներ

Հրաչյա Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց Երևանի քաղաքապետի լիազորությունները


Հայկ Մարությանի հեռացումից 3 օր անց, այսօր նրա նախկին տեղակալ Հրաչյա Սարգսյանը երդվեց որպես Երևանի նոր քաղաքապետ։ Արարողությանը մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, Ազգային ժողովի նախագահը, այստեղ էր նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ավագանու անդամներ։

«2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են, և մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը», - ասաց Հրաչյա Սարգսյանը։

Ի տարբերություն երեք տարի առաջ նույն դահլիճում Հայկ Մարությանի երդմնակալությանը՝ այս անգամ ներկա չէին Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավագանու անդամներից ոմանք։

«Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին»,- այսօրվա իր ելույթում հայտարարեց վարչապետը, հավելելով՝ ավագանու, համայնքի ղեկավարի կապի խզումն ինստիտուցիոնալ առումով անհամատեղելի է:


Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին Փաշինյանը երեկ տեղի ունեցած առցանց ասուլիսի ընթացքում ևս խոսել է. կառավարման ոլորտում ո՞վ է Ձեզ համար նախընտրելի` կուսակցական գործի՞չը, թե՞ լավ կառավարիչը, հարց էր ուղղվել վարչապետին։

«Ոնց որ ես ասեմ՝ գործ չունեմ խորհրդարանական մեծամասնության հետ, ինձ չի հետաքրքրում խորհրդարանական մեծամասնությունը, բոլոր օրենքները խորհրդարանական մեծամասնությունն է ընդունում։ Այստեղ կան նաև այլ հարթություններ` կա քաղաքական, բարոյական հարթություն և բազմաթիվ այլ հարթություններ։ Կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում։ Առաջիկայում կտեսնենք՝ Երևան համայնքը ավելի լա՞վ կկառավարվի, թե՞ ավելի վատ», - նշեց Փաշինյանը։

«Իմ քայլի» անդամները որպես Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնավորում նշում էին նաև նրա՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու հանգամանքը, իշխանականները պնդում էին, որ Մարությանը խզել է կապն ավագանու իշխող խմբակցության և կառավարության հետ։ Արդյոք նորընտիր անկուսակցական 36-ամյա քաղաքապետը մտադի՞ր է անդամակցել իշխող կուսակցությանը։ «Ազատության» հարցին, Սարգսյանը բացասական պատասխան տվեց։

«Այդպիսի քննարկումներ չունենք: Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որ սկսել եմ, միևնույն ժամանակ ապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև», - ընդգծեց Հրաչյա Սարգսյանը։

Հայկ Մարությանն իրեն անվստահություն հայտնելու գործընթացի օրը ունեցած ծավալուն ելույթում հայտարարել է, որ իր հակասությունները «Քաղաքացիական պայմանագրի» հետ գաղափարական են եղել, մինչև պատերազմն է կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել, հայտարարեց նաև՝ իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք իրենց մերձավորների համար արտոնություններ են խնդրել։

«Էս ծաղկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավելացնենք, էս հողը ընդլայնենք և այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը․ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, և բոլորը հավասար են օրենքի առաջ», - հայտարարել է Մարությանը:


Նոր քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրա՞ստ է Մարությանի օրինակով մերժել իշխանականների խնդրանքները։ Սարգսյանի պատասխանը հակիրճ էր՝ առաջնորդվելու է օրենքով, իսկ իշխող խմբակցության անդամների՝ Մարությանին ուղղված մեղադրանքների մասին էլ տեղեկություն չի ունեցել։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր նաև տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին։ Ասաց՝ կադրային այլ փոփոխություններ ևս սպասվում են, որոշում սակայն, դեռևս չկա։

XS
SM
MD
LG