Մատչելիության հղումներ

Բեռնափոխադրումներ իրականացնող Գևորգյանը թերահավատ է, որ կարճ ժամանակում այլընտրանքային ճանապարհը կսկսի գործել


Լարսի անցակետը, արխիվ
Լարսի անցակետը, արխիվ

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը մեկ բացվում է, մեկ կրկին փակվում. հաղորդագրությունները վերջին օրերին հաջորդում են միմյանց։

Թերեք գետի վարարման հետևանքով միջպետական մայրուղին անանցանելի էր դարձել երեք օր առաջ։ Այժմ վերականգնման աշխատանքներ են, անվտանգության նկատառումներով՝ ճանապարհը պարբերաբար բացվում-փակվում է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցում են՝ վերջին տվյալներով վրացական կողմում 200-ից 300 հայկական մեքենա է խցանված։ Դրանց թվում են նաև բեռնափոխադրումներ իրականացնող Նորայր Գևորգյանի ընկերության մի քանի մեքենաներ։

«Եկող էլ ունենք, որոնք դեռ չեն կարողանում անցնել», - ասաց Գևորգյանը:

Տարիներ առաջ՝ 2015-ին, երբ Լարսը տևական ժամանակով փակվել էր, հայ գործարարները որոշեցին այլընտրանքային ճանապարհ գտնել՝ նավեր վարձել ու բեռնափոխադրումներն այդպես իրականացնել:

Նույն ճանապարհը վերագործարկելու համար կառավարությունն անցած մարտին որոշել էր կես տարով սուբսիդավորել լաստանավային բեռնափոխադրումների լրացուցիչ ծախսերը։ Ըստ իշխանությունների, լաստանավային ճանապարհը պիտի աշխատեր այս ամսվանից, ծովային այս հաղորդակցությունը, սակայն, դեռ չի գործում։

Վարչապետ Փաշինյանը վերջին ասուլիսում ասաց, թե Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն են խանգարում. - «Մասնավոր ընկերությունների հետ կապված հարց կա, ընդ որում, ոչ վրացական մասնավոր ընկերությունների մասին է, նիդերլանդական, որը նավահանգստի օպերատորն է: Վրաստանի վարչապետի վերջին այցի ընթացքում դա մեր քննարկվող թեմաներից մեկն է, և մենք լուծումների ենք սպասում: Մենք ամեն օր ենք սպասում և ամեն օր ենք ուզում դա անել: Մենք ընդհանրապես նախատեսում էինք, որ հունիսի կեսից պետք է դա գործարկվի, բայց այդտեղ էլ խնդիրները այդ պատժամիջոցային գործողությունների հետ են կապված»:

Արդյոք սա է միակ խոչընդոտը, թե կան նաև այլ խնդիրներ՝ վարչապետը չհստակեցրեց, հավաստիացրեց միայն, թե կառավարությունը ցանկանում է օր առաջ գործարկել այլընտրանքային այդ ճանապարհը։ Բեռնափոխադրումներ իրականացնող Նորայր Գևորգյանը, մինչդեռ, թերահավատ է, որ կարճ ժամանակում՝ հայկական մրգի արտահանման ակտիվ փուլում, լաստանավային կապը կսկսի աշխատել:

«Ոնց հասկանում եմ՝ ուզում են մշտական, գոնե միջնաժամկետ հատվածում ունենանք լաստանավի հնարավորությունը, հետևաբար այստեղ պրոցեսն ավելի երկար է տևում, բայց դա հաստատ պետք է, ինքը այլընտրանք է, հնարավորություն է այսպիսի պայմաններում օգտվել», - ասաց Գևորգյանը:

Մինչ Փոթի նավահանգստով լաստանավային փոխադրումների մեկնարկը՝ Լարսի նեղ ճանապարհը դեռևս մնում է միակը, որտեղ եղանակային պայմանների պատճառով խնդիրները պարբերաբար են կրկնվում։

XS
SM
MD
LG