Մատչելիության հղումներ

Սկանդալային ձայնագրության հրապարակումից չորս օր անց Ջհանգիրյանը դեռ հրաժարական չի տվել


Սկանդալային ձայնագրության հրապարակումից չորս օր անց էլ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական չի տվել, թեև նման կոչեր հնչեցրել են և՛ ընդդիմությունը, և՛ քաղհասարակությունը։

Օրերս դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի կասեցված լիազորություններով ղեկավար Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր իր ու ԲԴԽ-ի ներկայիս ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի զրույցի գաղտնի ձայնագրությունը, որում վերջինս հորդորում էր Վարդազարյանին՝ պաշտոնից հեռանալ, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։

Հայաստանյան յոթ հասարակական կազմակերպություններ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը պահանջելուց բացի կարծում են, որ դատական և իրավական համակարգում անհրաժեշտ է համընդհանուր վեթինգ անցկացնել՝ առաջինը սկսելով հենց Բարձրագույն դատական խորհրդից։

Այս հայտարարությանը միացած Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ Ջհանգիրյանի հրաժարականին այլընտրանք չկա։

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

«Առաջին հերթին՝ նման ձայնագրությունը փաստում է, որ ներկա բոլոր մարդիկ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները՝ նախկին, թե նոր, անհապաղ պետք է հրաժարական տան։ Դա է պահանջում պատասխանատվությունը պաշտոնատար անձի, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների, որոնք, ըստ էության, հանդես են գալիս դատական իշխանության կառույցում ոչ հարիր գործողությամբ և կասկածի տակ են դնում դրանով իսկ հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ», - ասաց Սաքունցը։

Գաղտնի ձայնագրված զրույցին ենթադրաբար ներկա է նաև ԲԴԽ մեկ այլ անդամ՝ 2020-ին ընտրված Ստեփան Միքայելյանը։ Քաղհասարակությունը պահանջում է նաև սկանդալային զրույցի մասնակիցների հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն։ Իրավապահները մինչ այս պահը քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն չեն արել։

«Բացառիկ անպատասխանատու վերաբերմունք կա հանրության նկատմամբ և նաև դատական իշխանության նկատմամբ։ Եթե լիներ պատասխանատու կառավարում, նման ձայնագրության փաստն արդեն իսկ հիմք էր, որպեսզի այդ մարդիկ մեկ վայրկյան անգամ չլինեին իրենց պաշտոններում», - ասաց իրավապաշտպանը։

Ինքը՝ 67-ամյա Ջհանգիրյանը, ըստ էության, հաստատել էր ձայնագրության իսկությունը, բայց չէր մեկնաբանել այն։ Նա «Ազատությանն» ասաց՝ այսօր հարցազրույց կտա, իսկ մինչ այդ հրաժարվեց պատասխանել հարցին՝ հրաժարական տալ պատրաստվո՞ւմ է, թե՞՝ ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG