Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանի գնահատմամբ, իշխանությունները հաշվեհարդար են տեսնում ԲԴԽ նախագահի նկատմամբ


Իշխանությունները հաշվեհարդար են տեսնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ՝ հատկապես նրա կողմից արված վերջին համարձակ հայտարարությունների համար, կարծում է իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ կասեցվել են Վարդազարյանի լիազորությունները, քանի որ նրա առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

2019-ին Բարձրագույն դատական խորհուրդը գլխավորած Վարդազարյանը հատկապես հայտնի դարձավ պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի15-ին դատավորներին հղած կոչով. նա հղում կատարելով վարչապետի հեղինակային արտահայտությանը, ասել էր, թե եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. իրենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞՝ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ Հայտարարությունն արվել էր նույն այն ժամանակ, երբ դատարաններում քննվում էին Փաշինյանի հրաժարականը պահանջող մի շարք ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդությունները։

Դատախազությունից երեկ այդպես էլ չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործով է անցնում ԲԴԽ նախագահը, նշվում էր, որ դա իր մասնագիտական գործունեության հետ կապ չունի։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ «խոսքը դատավորի հեղինակությանը, բարի համբավին է վերաբերում»։ Վարդազարյանը ինքն էլ զերծ է մնացել մեկնաբանություններից։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ նախ պետք է իրավապահները թափանցիկ գործեին, տեղեկացնելով, թե ինչ քրեական գործ է հարուցված, ինչ հիմքով են կասեցված նրա լիազորությունները։ Իրավապաշտպանը չի բացառում, որ Վարդազարյանին այս ձևով հեռացնելով՝ իշխանությունները ցանկանում են իրենց ցանկալի թեկնածուին նշանակել այդ պաշտոնին։

«Եթե քրեական գործ է հարուցված, նախ ուզում եմ ասել, որ պետք է թափանցիկ մենք տեսնեինք, թե ինչ գործ է հարուցված, ինչ հիմքով են կասեցված նրա լիազորությունները։ Իշխանությունը բացարձակապես թափանցիկության կողմնակից չի, և, այո՛, չեմ բացառում, որ կարող էին նաև հեռացնել Վարդազարյանին այս ոճով, այս ձևով՝ իրենց ցանկալի թեկնածուին նշանակելու համար», - ասաց Ալեքսանյանը։

Մինչև քրեական գործով վարույթի ավարտը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի խորհրդի տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։

«Օրենքը հստակ կարգավորում է տալիս նման դեպքերում և օրենքն ասում է՝ երբ որ դատավորի, այս դեպքում նաև ԲԴԽ անդամ դատավորին նկատի ունի, նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում, կամ նրան ազատությունից զրկելու որոշում է կայացվում, ԲԴԽ որոշմամբ կասեցվում է վերջինիս լիազորությունները մինչև քրեական վարույթի ավարտը։ Այսինքն՝ այստեղ օրենքի հստակ պահանջն է, որ պետք է կասեցվի, ինչն արվել է խորհրդի կողմից։ Նաև օրենքը նախատեսում է, որ նման դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես՝ մինչև կասեցման ժամկետի ավարտն, իրականացնում է այդ պահին տարիքով ավելի ավագ դատական խորհրդի անդամը։ Իմ կարծիքով, նաև կարծում եմ, որ վարդապետական խորհրդի անդամների մեծամասնությունը համաձայն է, մենք չպետք է ուղղակի սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում, մենք պետք է անմիջապես հետևենք, որովհետև վերջիվերջո մեր անդամի հետ կապված հարց է և, այո՛, մեզ էլ է հետաքրքրում և մենք էլ ենք ուզում, որպեսզի այս դեպքում որևէ այլ նպատակ չլինի և ամեն ինչ լինի միայն օրենքի սահմաններում», - ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Վարդազարյանը երեկ երեկոյան կանչվել էր Հատուկ քննչական ծառայություն։ Նշենք, որ մարտին էլ ՀՔԾ էր հրավիրվել Վարդազարյանի կինը՝ վկայի կարգավիճակով։

XS
SM
MD
LG