Մատչելիության հղումներ

Մատենադարանը դարձել է բազային կազմակերպությունը ԱՊՀ տարածքում մշակութային ժառանգության վերականգնման ու պահպանման ոլորտում


ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան

Այսօր Երևանում ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ բացվեց հնգօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են հինգ տասնյակից ավելի հյուրեր ԱՊՀ և Մերձբալթյան երկրներից, նաև Վրաստանից։

Համաժողովը բաղկացած է երկու ծավալուն ծրագրերից՝ «ՍոլիդԱրտ․ ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային ծրագիրը, որի շրջանակներում տարբեր երկրներից ժամանած մասնագետները կքննարկեն կինոոլորտում համատեղ արտադրության, ֆիլմերի տարածման և կինոժառանգության պահպանման խնդիրները, և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերակագնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային ծրագիրը։

Ի դեպ, ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորների, պրոդյուսերների և փորձագետների հետ ճեպազրույցներից պարզ դարձավ, որ հետխորհրդային տարածքի երկրներում ամենուրեք խնդիրները նույնն են, բացի մերձբալթյան երկրներից։ Այդ երկրներից ժամանած տարբեր մասնագետները շեշտում էին, որ իրենց երկրներում ոչ մի խնդիր չկա, և իրենք այս երեք տասնամյակների ընթացքում հաղթահարել են կինոոլորտի հիմնական խնդիրները տարբեր հիմնադրամների և եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցության շնորհիվ։

«ՍոլիդԱրտ» միջազգային ծրագրի ղեկավար, կինոգետ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանի խոսքով, այս ծրագրի նպատակը շատ հստակ է. - «Նպատակը նրանում է, որ նախկին սովետական երկրները փլուզումից հետո համագործակցությունը կինոոլորտում բավականին նվազել ա, և հիմա փորձ ա արվում համատեղ արտադրության ուղղությամբ գնալ և դաշտը անել, որ կարողանան էդ երկրները իրար հետ համատեղ ֆիլմեր արտադրեն։ Իրականում առանձին-առանձին բավականին բարդ խնդիր ա ֆիլմարտադրությունը, իսկ համատեղ արտադրությունը տալիս է հնարավորություն նորմալ ֆինանսավորման ֆիլմերի»։

Համաժողովի մյուս՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանն ընդգծում է, որ արդեն 11 տարի գործող այս ծրագրի շրջանակներում Երևանում քննարկումներ են անցկացրել ավելի քան 130 մասնագետ տարբեր երկրներից. - «Վերականգնողներ են, թանգարանային աշխատակիցներ։ Ավելի շատ միտված է փորձի փոխանակման ԱՊՀ տարածքում, պոստսովետական տարածքում։ Ունեցել ենք Եվրոպայից մասնակիցներ, Ամերիկայից մասնակիցներ, որոնք փորձի փոխանակման միջոցով կարողանում են իրենց փորձը տալ մասնակից պետությունների աշխատողներին, որոնք իրենց պետություններում արդեն կազմակերպում են մինի-սեմինարներ, ցույց են տալիս այն, ինչ որ իրենք այստեղ են սովորել։ Շատ ուրախ ենք, որ մի հատ հարթակ է ստեղծվել Հայաստանում, որտեղ կարողանում են բոլոր պետություններից մասնակիցները կիսվել իրենք հաջողություններով»։

«Հիշողության կերպարանքներ,» միջազգային ծրագիրը հիմնադրել է Մատենադարանի նախկին գիտաշխատող, արխիվային վարչության պետ, ներկայումս ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Նա ընդգծում էր, որ այս միջազգային ծրագիրը արդյունավետ համագործակցության լայն հեռանկարներ է ստեղծել այս 11 տարիների ընթացքում. - «Բնականաբար, ծրագրի հղացումը շնորհիվ Մատենադարանում աշխատելու էր, որովհետև Մատենադարանում դու չես կարող անմասն մնալ վերականգնման գործունեությունից, չես կարող տեղյակ չլինել ընդհանուր ձեռագրատան մշակութային ժառանգության ֆիզիկական ու քիմիական վիճակի խնդիրներից։ Եվ հղացավ այդ միտքը, որ Մատենադարանի ռեսուրսի հիման վրա կարելի է ընդհանրապես ԱՊՀ և Բալթյան երկրների, նաև միջազգային տարբեր կառույցների մասնագիտական հանրությանը բերել մի հարթակ, ստեղծել այս լայն քննարկման ասպարեզը։ Սա դարձել է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամենակարևոր նախագծերից մեկը։ Այն աստիճան, որ անգամ եթե մենք չդիմենք ամեն տարի այս նախագիծը շարունակելու, հիմնադրամն է արդեն հիշեցնում, որ չմոռանանք ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։ Ավելի քան ութ հարյուր հիսուն միջազգային կառույցներ, թանգարաններ, գրադարաններ, վերականգնման կենտրոններ մասնակցել են, եկել են Հայաստան, տարբեր բաժանմունքներում քննարկվել են վերականգնման և պահպանման առանձնահատկությունները։ Ի վերջո նաև այս շնորհիվ Մատենադարանը դարձավ ԱՊՀ տարածքում բազային կազմակերպությունը հենց վերականգնման ոլորտում»։

Հավելենք, որ երկու ծավալուն ծրագրերից բաղկացած միջազգային այս հնգօրյա համաժողովի ընթացքում կհնչեն ոչ միայն բանախոսություններ, տեղի կունենան նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ դառնալով մասնագետների կատարելագործման և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծող յուրատեսակ մի հարթակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG