Մատչելիության հղումներ

Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել


Արթուր Վանեցյանը հանրահավաքի ժամանակ, մայիս, 2022թ.

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Ազատությանն» այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին ԱԺ նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց, եթե նա հետ չվերցնի իր դիմումը։

Ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մանդատը վայր դնելու իր որոշմանը՝ Վանեցյանը, մասնավորապես, գրել է՝ իրեն այլևս չի տեսնում այս խորհրդարանում․ - «ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»։

«Հայրենիք» կուսակցությունն, ըստ պատգամավորի, կշարունակի գործունեությունը խորհրդարանից դուրս, և դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։

Ընդգծելով, որ պատգամավորական մանդատն իր համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր երկրին ու պետականությանը ծառայելու համար՝ Վանեցյանը շեշտել է՝ այդ գործիքն այսօր այլևս իր համար կիրառելի չէ։

«Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին», - եզրափակել է Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը, որ ապրիլի 17-ից նստացույց էր սկսել Ազատության հրապարակում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով, «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ եթե չհաջողեն այս պայքարում և հասկանան, որ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա, այսինքն` Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել, և որևէ կերպ չեն կարողանալու լուծել իրենց առջև դրված խնդիրը, ապա ինքը չի վերադառնա խորհրդարան, «որովհետև ես բան չունեմ այնտեղ»։

Վանեցյանը պնդում էր, Փաշինյանը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արցախի կարգավիճակի նշաձողի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստերն ու կառավարության հետ հարցուպատասխանը՝ հայտարարելով, որ մեկնում է Արցախ ու սահմանամերձ մարզեր, որտեղ երկրի առաջնահերթ օրակարգն է։ Ընդդիմությունն այս քայլին գնաց՝ իշխող ուժին մեղադրելով Հայաստանին ու Արցախին առնչվող իրական օրակարգերը քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն կրավորական կեցվածք ընդունելու համար։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG