Մատչելիության հղումներ

Վանեցյանը հավաստիացնում է` գործողությունների հստակ ծրագիր կա առանց փակագծեր բացելու


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դեռ մտադիր չէ վերադառնալ Ազգային ժողով, Ազատության հրապարակում շարունակում է նստացույցը։ Չորրորդ օրն է՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է, որ գործողությունների հստակ ծրագիր ունի, բայց դեռ փակագծեր չի բացում։

«Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան, որը մենք իրականացրեցինք, ես կարծում եմ, որ տալիս է իր պտուղները, այսինքն` սրա մասին խոսում են, օրակարգում հստակ այս թեման կա, մարդիկ միանում են պայքարին` ամեն մեկն իր մասով», - նշեց նա:

Արթուր Վանեցյանը լուսացնում է հրապարակում։ Առավոտյան ժամերին է տուն գնում ու վերադառնում։ Օրվա ընթացքում նրան այցելում են նախկին պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Հրապարակը հիմնականում ակտիվանում է երեկոյան ժամերին։ Երեկ էլ նրան այցելել են նախկին արտգործնախարար Արա Այվազյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը, որոնք Փաշինյանի օրոք են պաշտոնավարել։

«Ես տեսնում եմ, որ հնարավոր է հասնել այդ արդյունքին, ես տեսնում, եմ, որ մարդկանց զգալի մաս հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան մեր երկրի համար, և ես համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են», - շեշտեց Արթուր Վանեցյանը:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը նստացույցի առաջին օրն է դեռ հայտարարել՝ հրապարակից չի հեռանա, մինչև չհասնի իր նպատակին՝ վարչապետ Փաշինյանի պաշտոնանկությանը։ Իսկ Փաշինյանը, Վանեցյանի պնդմամբ, պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Կարծում է, որ հանրային ճնշմամբ հնարավոր կլինի կանխել նրա ծրագիրը։ Իսկ մարդիկ ինչպե՞ս են արձագանքում Վանեցյանի սկսած պայքարին։

«Մի մասը թերահավատորեն, մի մասը ասում է` մեկ է` Նիկոլը կպած է իշխանությունից, չի տալու, մյուս մասը քննադատում է: Շատ տարբեր կարծիքներ կան», - նշեց պատգամավորը:

Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ են այցելում Ազատության հրապարակ։ Իրենք էլ իրենց գործողությունների ծրագիրն ունեն, ապակենտրոն պայքարի կողմնակից են։ Դեռ չեն հստակեցնում, թե ինչ են անելու և երբ:

Ազատության հրապարակում երրորդ օրն է՝ հացադուլ են անում 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը. «Մենք անհաշտ ենք այն գաղափարի հետ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ»:

Նրանք էլ այս ծայրահեղ քայլով կոչ են անում, որ երիտասարդները ոտքի կանգնեն. «Մենք հացադուլ ենք անում, որովհետև մենք կարծում են, որ անկախության սերունդը պետք է վեր կենա և իր դիրքորոշումն ասի` Արցախն Ադրբեջանի կազմի մեջ լինելու է, թե չի լինելու», - հայտարարում են նրանք:

Արթուր Ավագյանն ասաց` իր և ընկերոջ ինքնազգացողությունը լավ է, նրանց այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Հացադուլի 3-րդ օրը ոստիկանությունը թույլատրել է նրանց հովանոց տեղադրել հրապարակում: Նստացույցի առաջին օրը վրան փորձեցին տեղադրել Վանեցյանի թիմակիցները, բայց ոստիկաններն արգելեցին ու նրանց բերման ենթարկեցին:

Վանեցյանը հավաստիացնում է` գործողությունների հստակ ծրագիր կա առանց փակագծեր բացելու
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

XS
SM
MD
LG