Մատչելիության հղումներ

Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է. Պուտինը՝ Խաչատրյանին


«Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք», - աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

Ըստ հայկական տարածած պաշտոնական հաղորդագրության Վլադիմիր Պուտնինն ընդգծել է. «Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։ Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան»։

Հայաստանի նախագահն էլ նշելով, որ հայ ժողովուրդը «գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը», կարևորել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն։

Կրեմլի փոխանցմամբ՝ Վահանգ Խաչատրյանը ընդգծել է նաև. «Մեզ համար շատ կարևոր է նաև ձեր ջանքերը՝ ապահովելու, որ ռազմական գործողություններ տեղի չունենան, որպեսզի Ձեր, վարչապետի [Հայաստանի] և [Ադրբեջանի] նախագահի միջև պայմանավորվածությունները իսկապես պահպանվեն»։

Նախագահ Խաչատրյանը մասնավորապես նշել է. «Երկար ժամանակ առաջ եմ եղել Սանկտ Պետերբուրգում։ Խորհրդային Միության տարիներին շատ էի այցելում, դա 1980-ական թվականներից մինչև 1992 թվականն էր։ Սա առիթ է տեսնելու, թե ինչպես է փոխվել քաղաքը և կարող եմ գնահատական տալ որպես Երևանի նախկին քաղաքապետ և նշել, որ իսկապես քաղաքը շատ լավ տեսք ունի, այսքան մաքուր, այսքան գեղեցիկ է։

«Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է», - ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ «մեր հարաբերությունները կզարգանան հետագայում ևս, և մենք պետք է աջակցենք դրան»։

Անդրադառնալով Պետերբուրգյան համաժողովին, Հայաստանի նախագահը նշել է, որ միշտ բարձր է գնահատել այն, քանի որ տնտեսագիտական առումով շատ հետաքրքիր և կարևոր քննարկումներ են ծավալվում։

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության Խաչատրյանը նաև անդրադարձել է երեկ տեղի ունեցած քննարկումներին՝ նշելով, որ համաձայն է Կենտրոնական Բանկի նախագահի տեսակետի հետ, թե պետք չէ մտածել, որ այս իրավիճակը կփոխվի, պատժամիջոցները շուտով կավարտվեն, պարզապես պետք է ընտելանալ ու տնտեսությունը պատրաստել այլ փորձությունների։

Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ռուսական տնտեսությունը գոյատևելու է՝ ելնելով նրանից, թե ինչ ռեսուրսներ, հնարավորություններ կան՝ հաշվի առնելով անցած երկու ամիսը։

Հայաստանի նախագահը Ռուսաստան էր մեկնել մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:

Հայաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG