Մատչելիության հղումներ

Կիևին վաճառվող «Բայրաքթար»-ները կարող են խնդիր դառնալ ռուս-թուրքական հարաբերություններում


Ուկրաինային վաճառվող թուրքական «Բայրաքթար»-ները կարող են խնդիր դառնալ ռուս-թուրքական հարաբերություններում: Մինչ Ռուսաստանը զորք է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին, Անկարան շարունակում է Կիևին տրամադրել թուրքական արտադրության նորագույն անօդաչու սարքեր:

Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի փորձագետ Ասլը Այդընթաշբաշի կարծիքով, Թուրքիային մտահոգում են Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի նկրտումները:

«Թուրքիան ուրախ չէ, որ Ռուսաստանը ուժի ցուցադրմամբ փորձում է ընդլայնվել նախկին սովետական տարածքում: Մասնավորապես Թուրքիան Ուկրաինային աջակցում է զենք և անօդաչու սարքեր վաճառելով», - նշել է Ասլը Այդընթաշբաշը:

Սիրիայում և Լիբիայում կիրառված թուրքական արտադրության անօդաչու սարքերը մեծ հեղինակություն էին ձեռք բերել մատչելի գնի և արդյունավետության հաշվին: «Բայրաքթար»-ները ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ մեծապես նպաստելով ադրբեջանական զինուժի հաջողությանը ղարաբաղյան երկրորդ պատերազմում:

Ռազմական փորձագետ Արդա Մևլյութօղլուի կարծիքով, «Բայրաքթար»-ների համար Ուկրաինայում նույնքան հեշտ չի լինելու, թուրքական ԱԹՍ-ները այնտեղ կարող են հանդիպել ռուսական զինատեսակների դիմադրությանը:

«Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում թուրքական դրոնները կիրառվել են ցածրորակ հակաօդային պաշտպանական սարքերի դեմ կամ օդային տարածքը գրեթե անպաշտպան է եղել: Մինչդեռ ռուսական բանակը մեծ թվով ժամանակակից ՀՕՊ համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների է տիրապետում», - ընդգծել է փորձագետը:

Անցած հոկտեմբերին ուկրաինական բանակի կողմից թուրքական ԱԹՍ-ների օգտագործումը Ռուսաստանի աջակցությունը ունեցող անջատողական ուժերի դեմ, ըստ փորձագետների, ցույց տվեց դրոնների կարևորությունը ոչ միայն ռազմական, այլ հոգեբանական առումով:

«Այդ հանգամանքը ոչ միայն բարձրացրեց ուկրաինական բանակի մարտական ոգին, այլ նաև լայն հանրությանը ցույց տվեց, որ, այո, ուկրաինացիները ի զորու են պաշտպանվել Դոնբասում ռուսական հատվածից: Բացի այդ, Թուրքիան ավելի տեսանելի դարձավ որպես դաշնակից», - նշել է Արդա Մևլյութօղլուն:

Ռուսաստանը շտապեց դատապարտել Ուկրաինայի կողմից թուրքական դրոնների օգտագործումը: Այնուհանդերձ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները շարունակում են համագործակցել ռազմական ոլորտում՝ հարուցելով ՆԱՏՕ-ի անհանգստությունը: Թուրքիան մեծապես կախում ունի ռուսական գազից, բացի այդ Ռուսաստանի հետ գործակցում են նաև Սիրիայում: Բաց եթե թուրքական անօդաչուները Ռուսաստանի համար զոհերի պատճառ դառնան, երկու երկրների հարաբերություններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընի կարծիքով, Թուրքիան կարող է ընտրության առաջ կանգնել:

«Ուկրաինական կողմը կօգտագործի թուրքական զինամթերքն ու ԱԹՍ-ները, ինչն այնքան էլ ընդունելի չի լինի Ռուսաստանի համար: Եթե Թուրքիան ստիպված լինի ընտրություն կատարել, Անկարան կընտրի Արևմտյան դաշինքն ու ՆԱՏՕ-ն: Բայց շատ դժվար է կանխատեսել, արդյոք նույնը կլինի Ուկրաինայի պարագայում», - ասել է պրոֆեսորը:

Մոսկվայի և Կիևի հետ լավ հարաբերություններ ունեցող Անկարան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի երկու երկրների լարվածությունը չհասնի թեժ բախումների: Հենց այդ առաքելությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա հինգշաբթի կմեկնի Կիև և կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկուն:

Էրդողանը Թուրքիա է հրավիրել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Թուրքիայի նախագահը հույս ունի, որ իր դաշնակիցների միջև հակասությունները կհարթվեն դիվանագիտական ճանապարհով և Անկարան կխուսափի դժվար ընտրությունից:

XS
SM
MD
LG