Մատչելիության հղումներ

Վարչապետը Արտեմ Փաթափությանին պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով


Գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան, Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ հանդիպմանը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը ողջունելով անվանի գիտնականին՝ նշել է. «Երեկ ուշադիր լսեցի Ձեր ելույթը Երևանի պետական համալսարանի ավարտական միջոցառման ժամանակ և շատ տպավորված եմ: Բնականաբար, այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում: Իհարկե, մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ վերջապես Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին»:

Իր հերթին, Արտեմ Փաթափությանը նշել է. «Իմ հանդիպած ուսանողների աչքերի ուրախությունը իսկապես ապշեցուցիչ է, և կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ այսպես չի գնահատում իր երիտասարդ գիտնականներին։ Շատ ուրախ կլինեմ օգնել որևէ կերպ, իմ հնարավորությունների սահմաններում։ Արդեն հանդիպել եմ բազմաթիվ նախարարների, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների, նաև մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ են հիմնել»։

Անվանի գիտնականը ևս ընդգծել է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի կյանքի հաջորդ փուլի համար` «ոչ թե միայն տնտեսության, ռազմական ոլորտի, այլ բոլոր ուղղությունների»։

«Հայաստանն իր սահմանափակ բյուջեով կարող է ռազմավարական մոտեցում ցուցաբերել այն ոլորտներին, որտեղ հնարավորություն ունի կարճ ժամանակահատվածում հասնել առավելագույնի։ Կարծում եմ՝ կան որոշակի ուղղություններ, որտեղ կարող ենք մրցակցել, կան նաև ուղղություններ, որտեղ իմ կարծիքով իմաստ չունի փորձել դառնալ լավագույնը։ Կրկնում եմ, ուրախ կլինեմ օգնել իմ կարողությունների սահմաններում։ Շատ ոգևորված եմ այն ընդհանուր հակակոռուպցիոն շարժման համար, որ դուք սկսել եք, որն արդեն արտացոլվում է ակադեմիկական շրջանակում», - նշել է Փաթափությանը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում գիտության և կրթության ոլորտի խնդիրներին ու կառավարության նախաձեռնած բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստվում է մինչև 2026 թվականը շարունակական ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը և հավելել, որ այն արդեն իսկ ավելացել է 80 տոկոսով:

Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Փաթափությանը Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Փաթափությանն անցած տարի իր գործընկերոջ հետ Նոբելյան մրցանակին արժանացավ բժշկագիտության ոլորտում նոր հայտնագործության համար։ Աշխատանքը ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ է։
Գիտնականների հայտնագործությունը նկարագրելիս Նոբելյան կոմիտեն գրել էր՝ նրանք տվել են մարդու օրգանիզմի վերաբերյալ ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ «ինչպե՞ս ենք մենք զգում մեր շրջակա միջավայրը»։

XS
SM
MD
LG