Մատչելիության հղումներ

Արտեմ Փաթափությանի Նոբելյան մրցանակը կպահվի Երևանի Պատմության թանգարանում


Շուրջ 200 գրամ կշռող Նոբելյան մրցանակը կպահվի Երևանի սրտում՝ Պատմության թանգարանում։ «Ռացիոնալ որոշումներ կայացնելու համար Հայաստանի ապագան կախված է գիտությունից և գիտական մտքից». հենց այս գրությամբ հայազգի Արտեմ Փաթափությանն իր ամենամեծ մրցանակը որոշեց թողնել հայրենիքում։

Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Փաթափությանն անցած տարի իր գործընկերոջ հետ Նոբելյան մրցանակին արժանացավ բժշկագիտության ոլորտում նոր հայտնագործության համար։ Աշխատանքը ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ է։

Գիտնականների հայտնագործությունը նկարագրելիս Նոբելյան կոմիտեն գրել էր՝ նրանք տվել են մարդու օրգանիզմի վերաբերյալ ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ «ինչպե՞ս ենք մենք զգում մեր շրջակա միջավայրը»։

«Եթե 18 տարեկանում ինձ ասեին՝ Նոբելյան մրցանակ ես ստանալու և այդ մեդալը հայտնվելու է Հայաստանի պատմության թանգարանում կմտածեի, թե այդ մարդը կատակում է», - նշեց գիտնականը:

Փաթափությանը ծնվել և մեծացել է Բեյրութում, սովորել է հայկական վարժարանում, ապա Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով երիտասարդ տարիքում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, այնտեղ էլ սկսել է գիտությամբ զբաղվել։ Նա մի շարք այլ հեղինակավոր գիտական մրցանակների դափնեկիր է։ 55-ամյա Փաթափությանը առաջին անգամը չէ, որ Հայաստանում է, այս անգամ նա մի քանի գիտական միջոցառումների է մասնակցում։

«Հանդիպել եմ բազմաթիվ խելացի, խիզախ ու ստեղծագործ երեխաների, երեկ «Թումո» կենտրոն էի գնացել։ Կառավարությունը պետք է ենթակառուցվածքներ ստեղծի, որպեսզի նրանք հաջողեն», - ընդգծեց Արտեմ Փաթափությանը:

Այսօր ավելի վաղ էլ անվանի գիտնականը Երևանի բժշկական համալսարանում էր, այստեղ առիթը բաց չթողեց և կրկին երիտասարդներին դիմեց. «Հույս ունեմ երիտասարդ ուսանողներն իմ օրինակին կհետևեն, եթե Արտեմը կարողացել է, իրենք էլ կարող են։ Ես միջին խավի ընտանիքից եմ, Բեյրութում գիտությունը այդքան էլ հասանելի չէր, ուրեմն եթե ես հաջողել եմ, բոլորն էլ կարող են»:

Արտեմ Փաթափությանին հարց ուղղեցինք սփյուռքում ապրող հայ գիտնականների հայրենիքի հետ կապն ամրապնդելու հնարավորությունների մասին, ասաց՝ դա իր այցի հիմնական նպատակներից մեկն է. «Այցիս առիթներից մեկը Հայաստանի գիտության մակարդակին ծանոթանալն է, նոր կապեր հաստատելը։ Լսել եմ, որ կառավարությունն ավելացրել է գիտության ֆինանսավորումը, ինչը շատ լավ քայլ է»:

Փաթափությանն այսօր բժշկականի ուսանողների համար դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով Նոբելյան մրցանակին արժանացած իր հայտնագործությունը։

XS
SM
MD
LG