Մատչելիության հղումներ

Կարոտ ու անհանգստություն. մուլտիպլիկատոր Յուրան զրուցել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխված երեխաների հետ


Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից ընդամենը 10 օր անց Ռուսաստանում հայտնի մուլտիպլիկատոր ամուսինները՝ Յուրան ու Ասյան, երեխաների հետ տեղափոխվեցին Հայաստան։

«Դա խուճապ էր, շատ արագ հեռացանք։ Երբ պատերազմը սկսվեց, արդեն խոսում էին, որ նման բան հնարավոր է, բայց ոչ ոք չէր հավատում», - ասաց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Յուրան։

Մինչ այդ փորձել էին պայքարել, ակցիաներին մասնակցել․․․ իշխանությունները, սակայն, անգամ փոքրաթիվ ցույցերի հնարավորություն չէին տալիս:

«Մոսկվայում ոստիկանները սովորական անցորդներից ավելի շատ էին։ Երկու անգամ մասնակցել ենք բողոքի ակցիաների, վերջին անգամ մեզ ձերբակալեցին։ Հետո խնդիրներ սկսվեցին։ Ի վերջո, 15 տարվա ազատազրկման վտանգ էլ կար։ Պետք էր արագ որոշում կայացնել, հեռանալ», - պատմեց նա։

Վերջին ամիսներին Յուրայի պես հազարավոր ռուսներ են Հայաստան եկել՝ ընտանիքների ու երեխաների հետ։ Ու մինչ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե պատերազմում են հարևան երկրի դեմ՝ հանուն երկրի ապագայի, Յուրան ու իր թիմակիցները խոսել է այդ ապագայի հասցեատերերի՝ երեխաների հետ։ Ասում է՝ նրանք ավելի անկաշկանդ ու ազատ են գնահատում մեծահասակների գործողություններն ու դրանց հետևանքները։

«Հիմա առանց քաղաքականության ոչինչ չկա, որովհետև պատերազմ է։ Եվ հենց դրա համար որոշեցինք, որ պետք է երեխաները խոսեն. նրանք անմիջական են, նրանց զգացմունքները չեն արտացոլի այն, ինչ գրված է լուրերում։ Գուցե ծնողների խոսակցությունները լսում են, բայց ընկալում են այլ կերպ։ Կարծում եմ՝ շատ լավ գաղափար էր։ Այսօր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում, և այս քաոսում դժվար է հասկանալ՝ ով է ստում, ով ճիշտ է ասում, ում աջակցել։ Ֆիլմի հասցեատերը հատկապես այն մարդիկ են, որոնք լրիվ այլ պատկերացումներ ունեն այս պատերազմի մասին», - նշեց մուլտիպլիկատորը։

5 րոպեանոց ֆիլմում երեխաները պատմում են իրենց կարոտից, վախերից, Հայաստանում տեսած սուրբ երկնքից, ծնողների անհանգստությունից՝ ի՞նչ կլինի, եթե հանկարծ թղթի վրա անգամ պատերազմ բառը գրեն։ Յուրան ասում է՝ նրանց հետ խոսելը հեշտ էր, ծնողներին համոզելը՝ բարդ։ Մեծերը հաճախ էին մերժում․ գուցե վախենում էին, գուցե՝ չէին ուզում երեխաների հետ խոսել պատերազմից ու իրենց համար ցավոտ հարցերից։

Իր զրուցակիցների պես՝ Յուրան էլ է Հայաստանի մասին ժպիտով խոսում, թեև փողոցում բողոքի ցույցեր են, որ իր երկրում երբեք չի տեսել, սահմանին էլ պարբերաբար կրակոցներ են հնչում. - «Զգացվում է, որ հետպատերազմական երկրում ես, բայց մարդկանց վերաբերմունքը դեպի մեզ դրանից չի փոխվել։ Ես, իհարկե, տեսնում եմ, որ հիմա Հայաստանի համար հեշտ ժամանակներ չեն, փողոցում էլ ակցիաներ են, ոմանք դատապարտում են, ոմանք աջակցում, հասարակությունը շատ ակտիվ քաղաքական իրավիճակում է հիմա։ Բայց ես այստեղ ինձ հանգիստ եմ զգում։ Այսինքն՝ համեմատության ոչ մի եզր չկա այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է Մոսկվայում»։

Առաջիկայում հետադարձ «դժվար թե հնարավոր լինի»

«Ազատության» հարցին՝ «հետադարձ ճանապարհ կա՞», Յուրան պատասխանեց. -«Դե հուսով եմ, որ ինչ-որ մի ապագայում կլինի, բայց առաջիկայում դժվար թե հնարավոր լինի։ Կարծում եմ՝ սա շատ տարիներ հարց է»։

Յուրան ետևում է թողել տարիների աշխատանքը՝ նրա «Ցեխ անիմացի» ստեղծագործական խմբի մի մասը Մոսկվայում է, մի մասը տեղափոխվել են Հայաստան ու Վրաստան։ 12 տարի գոյություն ունեցող այս թիմում հիմա հեռավար են աշխատում։ Կիսատ թողած գործեր կան, աշխատում են մի ժապավենի վրա, որը Ռուսաստանի մշակույթի նախարարությունն էր ֆինանսավորել։ Միայն թե կասկածում է՝ արդյոք հիմա այն հնարավոր կլինի որևէ տեղ ցուցադրել։

«Քիչ է մնացել ավարտին։ Աբսուրդ դետեկտիվ է, շատ համեմատականներ կարելի է տանել հիմիկվա իրականության հետ», - նշեց նա։

Պլաստիլին, թուղթ, փայտ... ամեն բանից էլ կարող է տիկնիկ ստանալ։ 21-րդ դարի տեխնոլոգիաներից չի հրաժարվել, բայց ձեռքով ստեղծածն ուրիշ է. - «Սրանք իմ հին տիկնիկներն են։ Արագ էինք հավաքվում, ընդամենը մի քանի գործ բերեցի հետս։ Մենք թվային տեխնոլոգիան նույնպես օգտագործում ենք, բայց ես ավելի սիրում եմ ձեռքի աշխատանքը։ Ես երկար չեմ սիրում համակարգչի առջև նստել, ավելի հակված եմ իրականության մեջ լինել»։

Իսկ հայկական իրականության մեջ շատ աշխատելու հնարավորություն դեռ չունի։ Փաստաթղթերի խնդիր կա, մշտական բնակության վայր առայժմ չունի, երեխաներին դեռ պետք է դպրոց տեղավորի:

«Այսինքն՝ ժամանակիս մեծ մասը հենց այսպիսի բաների վրա է ծախսվում հիմա։ Եթե լինեի մենակ, ազատ արտիստ, լրիվ ուրիշ կլիներ, բայց ես ընտանիքիս, գործընկերներիս հետ եմ այստեղ: Ես հիմա փորձում եմ բոլորիս շարժիչը լինել... դեռ անգամ չեմ կարող կիսվել ձեզ հետ, թե ինչ գաղափարներ ունեմ իրականացնելու, կենցաղը դեռ չի թողնում», - ընդգծեց Յուրան։

Այդուհանդերձ չի զղջում ընտրության՝ այսօրվա Ռուսաստանից հեռանալու համար։ Թեև հայկական շուկան փոքր է, զարգացման հնարավորություններն էլ՝ աղոտ, սակայն վստահ է՝ այլընտրանքի հնարավորությունը ճիշտ է օգտագործել:

«Մեկնել ավելի ապահով երկիր ու սկսել անիմացիոն ստուդիայում հավաքարար աշխատել, թե այստեղ հիմնել սեփական ստուդիան, որ և՛ մեզ կօգնի, և՛ գուցե տեղացի արվեստագետներին։ Ինձ երկրորդ տարբերակն է դուր գալիս», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Գեղեցիկ այգով տունը ժամանակավոր կացարան է։ Համեղ բալն ու կեռասն արդեն ճաշակել են, դեռ չգիտեն կհասնի արդյոք տանձը, քանի դեռ նոր բնակարան ու աշխատավայր չեն գտել. «Հայաստանում հրաշալի կարելի է ապրել, թեև մի քիչ դեպրեսիվ վիճակում են մարդիկ։ Դե մենք էլ նույն վիճակում ենք գրեթե և կարող ենք մի լավ բան անել այստեղ»։

XS
SM
MD
LG