Մատչելիության հղումներ

«5 օրում հայտնվում եմ դրսում, որովհետև հիմա ռուսներին են արագ տեղավորում». Երևանում թանկացել են վարձով տները


Լուսինե Ներկարարյանն ու ընկերները մեկը մյուսի հետևից վարձակալած բնակարաններն ազատելու զանգեր են ստացել տան տերերից։ Պատճառները տարբեր են՝ ցանկանում են տունը վերանորոգել, բարեկամներին են հանձնում և այլն։

Լուսինեն պատմում է՝ դեռ վարձակալած տնից դուրս չեկած, լսել է, որ Ռուսաստանից եկած մարդկանց են այդ բանալիները խոստացել, գինն էլ՝ կրկնակի:

«Ես հիմար չեմ, հասկանում եմ, որ ներկայիս սիտուացիայում ուղղակի 5 օրում հայտնվում եմ դրսում, որովհետև հիմա ռուսներին են արագ-արագ տեղավորում», - ասաց Լուսինե Ներկարարյանը:

Եթե նախորդ տարի, անգամ Երևանի կենտրոնում կարող էիր ամսական 100-120 հազար դրամով, բարվոք վիճակում գտնվող մինչև 70 քմ անոց բնակարան վարձակալել, ապա հիմա, այդ գնով միայն ծայրամասերում կհաջողվի փոքրիկ բնակելի տարածք գտնել, այն էլ առավելագույնը 35 քմ տարածքով։ Լուսինեն փնտրում ու չի գտնում, ասում է՝ գլխից դուրս թվեր են՝ 200 - 400 հազար դրամ ու ավելին:

«Ներկա պահին մոտավորապես Կենտրոն տարածքում 600 դոլարի սահմաններում արդեն անհնար է տուն գտնել: 800, 1000 կամ դրանից ավելի դոլարի մասին է խոսքը», - նշեց նա:

Լուսինեն բնակարանը վարձակալել է բանավոր պայմանավորվածությամբ, ինչպես «Ազատության» մյուս զրուցակիցը։ Նրա պատմությունն այլ է՝ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է մարտերին, վերջին 2 օրերին վիրավորվել է, 40-ից ավելի բեկորային վնասվածքով անգիտակից վիճակում հոսպիտալացվել։ Ասում է՝ բախտը բերեց ողջ է մնացի, տունն էլ, որ վարձել է, ծառայակից ընկերոջ ընտանիքինն է։ Իր խոսքով՝ փրկել է այդ տղայի կյանքը, հաշվի առնելով այդ կապը, մտքով չի էլ անցել վարձակալության պայմանագիր կնքել։ Բուժումներին զուգահեռ տաքսի է վարում, ծայրը ծայրին հասցնում, աչքի վիրահատության գումարը հավաքում, ու պարտաճանաչ տան վարձը մուծում, բայց ստիպված է տունն ազատել՝ տան տերը կոպիտ որակումներով է դա պահանջել։

«Պայմանագիր չեմ կնքել հիմնվելով այն փաստի վրա, որ պատերազմի ընթացքում իր որդին Հադրութում շրջափակման մեջ է եղել, մենք դուրս ենք բերել այդ տղային, քանի որ կար ընդհանուր ծանոթ, չէի պատկերացնում, որ կարող ա մի օր զանգեն ասեն՝ բարև ձեզ, մարդն ասում ա՝ կրակը չընկա, որ դու պատերազմի ես մասնակցել: Ասի՝ շատ լավ, մակարդակը հասկանալի ա, ամեն ինչ հասկանալի ա, երկու օրից դուրս կգամ: Դուրս գամ ու տեղ չունեմ գնալու, բայց դե որ Հադրութում լեռների մեջ ապրել եմ, ստեղ հաստատ ավելի ապահով կապրեմ դուրսը՝ ոչ ցրտից եմ նեղվում, ոչ էլ ինչ-որ բանից: Զեյթունում տուն կար, արժեր 450 դոլար, որը տալիս էին 70 հազար դրամով», - պատմեց նա:

Անշարժ գույքի գործակալների կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, դեպի Հայաստան մարդկանց մեծ հոսքին զուգահեռ վարձով տների կտրուկ թանկացումը երկար չի կարող տևել։

«Այդ մարդկանցից բոլորը չէ, որ մնալու են Հայաստանում, անգամ նրանց համար են այս գները շատ բարձր, նրանք էլ են դժգոհում», - այսպիսի կարծիքներ են հայտնում գործակալները սոցցանցերում, որտեղ ամեն երկրորդ օգտատերը գրում է՝ «տան տերն ինձ տնից հանում է, որ օտարերկրացիներին տունը հանձնի, օգնեք բնակարան գտնենք»։

Չկարգավորվող այս շուկայի, այսպես ասած, «զոհերից» է նաև Լիլիթ Ալեքսնյանը։ Բայց ի տարբերություն մեր նախորդ զրուցակիցների՝ Լիլիթն ու տանտերը վարձակալության պայմանագիր են կնքել՝ հստակ ժամկետով։ Բայց դա էլ չի փոխել իրավիճակը, բանալիները պետք է հանձնի ու դուրս գա տնից:

«Նշեցի, որ պայմանագիրս մայիսի 1-ին է ավարտվում ու շուտ դուրս գալ չեմ կարող, բայց ինքը անընդհատ զանգում ասում է՝ «կարող ա տուն գտել եք», հետո ասաց, որ պետք ա իրա ռուս բարեկամներին տա, դրա համար ա տենց անընդհատ հիշեցնում: Չենք կարողանում բնակարան գտնել, պետք է բարեկամների տանը մնանք, մինչև հասկանանք ինչ կարող ենք անել, որովհետև խայտառակ բարձր են գները: Էրեբունիում 180 հազար դրամից 300 հազար դրամ տներ են տալիս, որ ընդհանրապես էդ գիները չարժե», - ներկայացրեց Ալեքսանյանը:

«Բոլոր այն մարդիկ, որոնք վարձակալության պայմանագիր ունեն՝ կարող են չլքել տունն ու վեճը դատարանում պարզել»

«Լիլիթն ու բոլոր այն մարդիկ, որոնք վարձակալության պայմանագիր ունեն՝ կարող են չլքել տունն ու վեճը դատարանում պարզել», - ասում է պայմանագրային վեճերով զբաղվող փաստաբան Աշխեն Դաշյանը։

Այս հարցերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով։ Եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, բայց կողմերից մեկը ցանկանում է հրաժարվել բնակարանից, պետք է 3 ամիս առաջ նախ գրավոր տեղեկացնի։ Իսկ եթե պայմանագրում հստակ ժամկետ է նշված, դրա լուծարումը ինչ-ինչ պատճառներով կարող է դատարան հասնել, օրինակ, պատճառը պարզելու համար:

«Խորհուրդ կտամ վարձակալության պայմանագրում որքան շատ ներառվի այդ բոլոր մանրամասն չափանիշները, այսինքն և՛ լուծաման կարգը, և՛ վարձավճարի ուշացման դեպքում, և՛ գույքի չհանձնման դեպքում այդ բոլոր կետերը, դրանք ավելի երաշխիք են տալիս և վարձավճարը միանշանակ ամենակարևոր հանգամանքն է: Այսօր շատերն արտարժույթով են տալիս, որն անօրինական է, պայմանագրերը պետք է ֆիքսված լինեն հայկական դրամով, այսինքն բավականին շատ երաշխիքներ կտային եթե պայմանագրում դրանք ամրագրված լինեն: Պայմանագրի որևէ փոփոխություն չի կարող անել կողմը, բացառապես եթե լուծարման դեպքում վեճ առաջանա ու դատական կարգով յուրաքանչյուրը վնասներ պահանջի», - նշեց Դաշյանը:

Քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող այս բոլոր կետերն ուժի մեջ կլինեն, եթե վարձակալության պայմանագրերը կնքվեն, վավերացվեն նոտարով ու գրանցվեն կադաստրում։ Այս քայլերի համար բնակարանի սեփականատերը պետք է մեկանգամյա պետական վճարումներ կատարի ու շրջանառության հարկի 10 տոկոսը որպես եկամտահարկ մուծի պետությանը՝ 12 ամիսների համար։ Սա է պատճառը, որ տան տերերը հիմնականում իրենց անշարժ գույքը վարձակալության են հանձնում առանց պայմանագրի, ասում են ՊԵԿ-ից:

Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանի հետ հաշվեցինք, օրինակ, ամսական 100 հազար դրամով բնակարանը վարձակալության հանձնած սեփականատերը որքա՞ն պետք է պետությանը: «Տարվա արդյունքներով կլինի 1 միլիոն 200 հազար, գանձելու ենք այդ 1 միլիոն 200 հազարը և 1 միլիոն 200 հազարի 730 օրվա համար 0,04 տոկոսը: Վարձավճարը 100 հազար է, նշանակում է, որ տարեկան իր վարձավճարը կկազմի 1 միլիոն 200 հազար, 1 միլիոն 200 հազարի հարկը 10 տոկոսով՝ տարեկան իր հարկը 120 հազար դրամ է: Այսինքն մենք գանձելու ենք 120 հազարը և 120 հազարի ևս 29,2 տոկոս, ևս 35 հազար դրամ տույժ: Այսինքն մենք ոչ միայն վերականգնելու ենք ամբողջ հարկի գումարը, այլ ևս 35 հազար դրամ էլ տույժ ենք հաշվարկելու», - պատասխանեց Մուրադյանը:

ՊԵԿ-ից ընդունում են՝ այս պահին բավարար գործիքակազմ չունեն, որ վերահսկեն վարձով բնակարան հանձնողի, վարձակալի, բրոկերների և մյուսների ֆինանսական հոսքերը։

«Բայց մենք մտածում ենք, որ այս հարցի լուծումը լինելու է համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, երբ որ յուրաքանչյուր ֆիզիկական անձ պարտադրված է լինելու հայտարարագրել իր եկամուտները և որևէ բան թաքցնելու դեպքում դրանց նկատմամբ կիրառել պատասխանատվություն», - ասաց Հրաչյա Մուրադյանը:

Բնակարանի վարձակալը կարող է բողոք ներկայացնել ՊԵԿ ու նշել, որ իր տան տերը պետությունից եկամուտ է թաքցրել և օրենքով սահմանված վճարներից խուսափել։ Սա այն դեպքում, եթե վարձակալը կարողանա ապացուցել, որ առնվազն մեկ տարի ապրել է այդ տանը, կոմունալ և այլ ծառայությունների համար վճարել։ Թեև ՊԵԿ-ից պնդում են՝ իրենք էլ կարող են պարզել դրանք ու ընթացք տալ բողոքին, բայց եթե խոսքը մի քանի ամսվա վարձակալությանը չի վերաբերում, այլ ողջ տարվա կամ տարիների։

XS
SM
MD
LG