Մատչելիության հղումներ

Քաղաքական կամք լինելու պարագայում Արամի 9-ի խնդրի լուծումը վստահաբար կգտնվի. Երևանի նախկին փոխքաղաքապետ


Երևանի նախկին փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյան

Արամի 9 հասցեում գտնվող շենքը հանրապետական նշանակության հուշաձան է, գտնվում է պետական հոգածության ներքո։ Սակայն շենքից միայն ճակատն է մնացել, այն էլ ամեն պահի կարող է քանդվել։

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի տունը ներառված է Երևանի կենտրոնում կառուցվող «Հին Երևան» նախագծում, որը տարբեր պատճառներով չափազանց դանդաղ է առաջ գնում։ Իսկ Արամի 9 հասցեում գտնվող այս տան վիճակն ամեն տարի ավելի անմխիթար է դառնում։

«Շենքի այս վիճակում գտնվելը իսկապես ուղղակիորեն ամոթալի է մեզ համար, բոլորիս համար և մեր պետության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի նախկին փոխքաղաքապետ, ավելի վաղ ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Նա պատմում է, որ նախ փորձել է բարձաձայնել խնդրի մասին, ապա որպես փոխքաղաքապետ զբաղվել է Արամի 9-ի պահպանության հարցով, սակայն արդյունքի չի հասել. - «Ես բոլոր շահառուներից, կամ բոլոր ներգրավված անձանցից նույն կարծիքն եմ լսել, որ բոլորը համամիտ են, որ կարևոր է այս հուշարձանը և պետք է վերակառուցվի՝ դառնալով Արամ Մանուկյանի տուն-թանգարան։ Բայց քանի որ «Հին Երևանը» չի իրագործվում, իսկ դա կապված է «Հին Երևանի» իրագործման հետ, շենքը անորոշ վիճակում մնացել է»։

2019-ին մի քրեական գործ հարուցվել էր, որը պետք է պարզեր, թե ինչպես է 2008 թվականին տրվել հուշարձանի քանդման թույլտվությունը, իսկ 2017-ին շենքի մեծ մասն փաստորեն արդեն քանդված է եղել։

Այս գործի հարուցումից 3 տարի անց Քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն հայտնեցին, թե նախաքննությունը շարունակվում է։ Ըստ այդ գործի նյութերի, քաղաքապետարանը օրենք է խախտել՝ տալով քանդման թույլտվություն։

Նույնն են ասում նաև փորձագետները. հուշարձանները քանդելն արգելվում է օրենքով, ավելին, այդ շենքը պիտի հատուկ հոգածությամբ պահպանվեր։

Պատմության և հուշարձանների պահպանության արդեն լուծարված գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյան. - «Բոլոր հուշարձանները պետական պահպանության ներքո են, սակայն դրանք փաստացի իրական պահպանողները սեփականատերերը և օգտագործողներն են»։

Նախկին բնակիչներից «Գլենդել Հիլզնին», ապա գործարար Վարդան Սրմաքեշին անցած շենքը վերջին տարիներին նաև կտուրից է զրկվել, ինչն արագացնում է կառույցի քայքայումը։

Սրմաքեշի հետ կապ հաստատել չի հաջողվել, սակայն, ըստ Արամի 9-ը ներառող նախագծի ճարտարապետի, Սրմաքեշը ինքն էլ ցանկանում էր «Հին Երևան» նախագծի ամբողջական իրականացումից առանձնացնել ու արագ վերակառուցել Արամի 9-ը։

Աշխատանքները սակայն, Լևոն Վարդանյանի փոխանցմամբ, կրկին կիսատ են մնացել. - «Ես պանդեմիայից առաջ էլ էր, հատուկ ինքը Ժնևից զանգահարեց և ասեց՝ մարդիկ եմ ուղարկում էդ Արամի 9-ի համար։ Ամերիկահայեր էին, որոնք եկան էստեղ, պատրաստ էին էդ Արամի 9-ը առանձին իրականացնել։ Ու էդպես էդ պանդեմիան խանգարեց»։

«Արդեն սեփականատերը խախտել է իր պարտավորությունները։ Եվ պետությունը տարբեր լծակներ ունի հարկադրանքի կամ համոզման, որ կարողանա սեփականատիրոջը պարտավորեցնել վերակառուցել շենքը», - ասաց Մելքոմ Մելքոմյանը։

Մինչդեռ պատասխանատու մարմինները էական ոչինչ չեն անում։ Մշակույթի նախարարության պաշտոնյան ասում է, թե սպասում են քննչականի եզրակացությանը։ Մյուս կողմից, Լևոն Վարդանյանի խոսքով, շենքի սեփականատերը դեմ չէ առանձին զբաղվել Արամի 9-ով։ Նախկին փոխքաղաքապետն իր հերթին է ասում՝ մասնավոր զրույցներում հարցին առնչություն ունեցող բոլոր օղակները միայն ընդունել են, որ շենքը պետք է շուտափույթ վերականգնել, սակայն տարիների ընթացքում այստեղ ավելացել է միայն աղբը, է'լ ավելի են նստել կառույցի պատերը։

Ո՞վ է ի վերջո պատասխանատվություն ստանձնելու հուշարձան այս կառույցի համար։

«Պարզապես քաղաքական որոշման բացակայության խնդիր է։ Այսինքն՝ բոլորն էլ ասում են, որ և' շենքը պիտի վերակառուցվի, և' վերածվի թանգարանի, բայց դա չի արվում, որովհետև չկա, սա իմ տպավորությունն է, պետության կողմից, կառավարության կողմից այդ հստակ քաղաքական որոշումը և կամքը։ Որովհետև դա լինելու պարագայում վստահաբար լուծումը կգտնվի», - ասաց Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Լուծումը գտնելու փնտրտուքներում նա անգամ վարչապետին է նամակ գրել։ Դա էլ արդյունք չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG