Մատչելիության հղումներ

Պատմամշակութային շենքերի պահպանությունը պետք է իրականացնեն սեփականատերերը. Հայկ Մարության


«Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանությունը պետք է իրականացնեն սեփականատերերն ու տնօրինողները», - անդրադառնալով պատմամշակութային հուշարձան հանդիսացող Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատի փլուզմանը՝ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքի ղեկավարն ասում է, որ կարևոր է տարբերել 2 կազմակերպություն՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հասարակական կազմակերպություն, որի նախագահը Տիգրան Հեքեքյանն է, և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը, որը պատկանում է Երևանի քաղաքապետարանին:

«ՀՈԱԿ-ի հարցերով քաղաքապետարանը մշտապես զբաղվել և զբաղվում է։ Տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ-ին, որպեսզի իրենք զբաղվեն իրենց գործունեությամբ, իսկ Արամի 23-ի այդ շինության սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ն է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է։ Ես չեմ սիրում անդրադառնալ հին իշխանություններին, նոր իշխանություններին, բայց այնուամենայնիվ այս պահին պետք է ասեմ՝ հին իշխանությունների օրոք տրվել է շինթույլտվությունը։ Մշակույթի նախարարությունը, որի հարցով արդեն դիմել է դատախազություն, որպեսզի դատախազությունը պարզի, արդյո՞ք այնտեղ կան նորմերի խախտումներ, թե ոչ», - ասաց Հայկ Մարությունը։

Երգչախմբի շենքը գտնվում է այն տարածքում, որտեղ կյանքի է կոչվելու «Հին Երևան» նախագիծը: Սեփականատերը շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սերմաքեշն է, որն արդեն նախագծի իրականացման համար 27 միլիոն դոլար է ներդրել: Թե՛ շենքի սեփականատեր Տիգրան Հեքեքյանը, թե՛ Մշակույթի նախարարության պատմական ու մշակութային հուշարձանների վարչության պետ Արմեն Աբրոյանը պնդում են՝ թեև քանդման թույլտվությունը տվել է քաղաքային նախորդ իշխանությունը, այդուհանդրերձ, այսօր էլ ոչինչ չի արվում շենքի փլուզումը կանխելու համար:

Հեքեքյանը նաև տարակուսած է, թե ինչու 2018-ի տարեվերջին կառավարության նիստում այս տարածքը հանրային գերակա շահ ճանաչվեց: Ի պատասխան տարակուսանքի, Հայկ Մարությանը խոստանում է՝ շենքը կանգուն է մնալու։

«Սա նշանակում է խլում են մեկի սեփականությունը։ Վերցնում ես, որ տաս Սերմաքեշի՞ն․․․ ինչո՞ւ ես վերցնում։ Չէ, վերցնում եմ, որ քանդեմ։ Բա ինչի՞ էինք ասում, որ չեք քանդում։ Չէ, չենք քանդելու, բա ինչի՞ եք տալու Սերմաքեշին», - հակադարձում է Հեքեքյանը:

«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի այս շենքը կանգուն մնա և մնալու է։ Մենք հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, իր հետ միասին քննարկվել է, թե ինչ ամրացումներ կարող է լինել։ Այսպես ասած անընդհատ այդ պրոցեսը փորձել ենք խթանել մեր կողմից՝ դե արեք, խնդրում եմ ներկայացրեք», - նշեց Երևանի քաղաքապետը։

«Ազատության» հարցին՝ եթե քաղաքապետարանը լիազորություններ չունի պարտավորեցնելու կառուցապատողին փլված պատը կանգնեցնելու և շենքի խորքային հիմքն ամրացնելու, ապա ինչո՞ւ էր քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարում, թե թույլ չի տա, որ որևէ պատմամշակութային շենք քանդվի, Հայկ Մարությանը պատասանեց. - «Այսինքն մենք էն նախագծին հավանություն կտայինք, որի դեպքում էս շենքը չէր քանդվի: Սա է նշանակում պարոն Մեսչյանի ասածը»։

Օպերայի հարակից տարածքները պետք է կանաչապատվեն ու ազատվեն սրճարաններից: Քաղաքապետարանի այս որոշումն իրարանցում է առաջացրել սրճարանների սեփականատերերի շրջանում, ասում են՝ ծախսեր ենք արել, վարկեր վերցրել, ի՞նչ անենք։

«Բոլոր բիզնեսները ունեն ինչ-որ խնդիրներ, և նորից եմ ասում՝ ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալու, ես պարտավոր եմ միայն այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրում է մեր հարաբերությունները։ Վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերն ազատ են: Եթե մենք նայենք ամբողջ աշխարհում բոլոր Օպերայի շենքերը, էսպիսի բան գոյություն չունի», - ընդգծեց Հայկ Մարությունը։

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ դատի է տալու ձեզ, եթե անուն առ անուն չհրապարակեք, թե քաղաքապետարանի ո՞ր աշխատակցին քաղաքային բյուջեից որքա՞ն պարգևավճար եք տվել, Մարությանն ասաց, որ եթե Արդարադատության նախարարությունը հաստատի, որ այդ ցուցակը հրապարակելով քաղաքապետարանը այդ աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտի, ապա կհրապարակեն։

Թե ի՞նչ թիվ է կազմում ամենաբարձր պարգևավճարը, Մարությանը պատասխանեց. - «Ճիշտն ասած չեմ հիշում բոլոր թվերը, չեմ ուզում մոտավոր ոչ մի բան ասել»։

Ավագանու այսօրվա նիստում, ի դեպ, քաղաքապետարանը որոշեց արտոնություններ սահմանել մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար։

«Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափը նվազեցնելով 58,34 տոկոսի չափով։ Առևտրի օբյեկտների ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար դրույքաչափը նվազեցնելով 72,92 տոկոսի ճափով, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների աշխատանքի համար ժամը 24-ից հետո թույլտվության համար՝ 70 տոկոսի չափով», - հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG