Մատչելիության հղումներ

«Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի ոդիսականը շարունակվում է


«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը նախ մեկ անգամ ևս հանգամանալիորեն ներկայացրեց երգչախմբի սեփականությունը հանդիսացող, պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Արամի 23 հասցեում գտնվող շենքի ոդիսականը՝ շեշտելով, որ շենքն արդեն իսկ ամբողջովին փլուզման եզրին է հայտնվել, մինչդեռ ո՛չ այդ տարածքում կառուցապատում իրականացնող կազմակերպությունը, որի գործողությունների հետևանքով է ի վերջո շենքն այդ անմխիթար վիճակում հայտնվել, ո՛չ էլ պատկան մարմինները մինչև օրս մեկը մյուսի վրա գցելով ոչ մի քայլ չեն կատարել շենքն ամրակայելու և փրկելու համար:

Ավելին, ինչպես այսօր պատմեց Տիգրան Հեքեքյանը, դեռ ամիսներ առաջ այդ տարածքի սեփականատերերը իրեն վստահեցրել են, որ անգամ այս նոր իշխանությունների պարագայում շատ շուտով այդ տարածքը կճանաչվի պետական գերակա շահ: Հենց այդպես էլ եղել է՝ անցյալ տարեվերջին կառավարության որոշմամբ տարածքը պետական գերակա շահ է ճանաչվել:

Տիգրան Հեքեքյանը հավաստիացրեց, որ պաշտոնյաները ամիսներ շարունակ այս հարցը միմյանց վրա բարդելով՝ ոչ միայն որևէ սրտացավություն չեն ցուցաբերել խնդիրը դրական հանգուցալուծման բերելու, այլև հակառակը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով, անգամ վարչապետի հրահանգներից հետո, նպաստել են, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը հասնի փլուզման եզրին․ - «Նիկոլ Փաշինյանը վերջերս իր հանդիպման ժամանակ Դատախազության 101-ամյակին ասել է, որ այլևս Հայաստանում չկան անտեր մարդիկ: Այսինքն այդ «տերովին տերն է տարել, անտերին գելն է կերել» ասացվածքը արդեն պիտի իր տեղը գտնի բանահյուսության թանգարանում: Ես ուզում եմ մեր սիրելի վարչապետին ասել, որ սպասի, դեռ չուղարկի թանգարան, որովհետև, օրինակ, «Հայաստանի փոքրիկ երգիչները» այսօր իրենց անտեր են զգում»:

Ի պատասխան «Ազատության» հարցին անդրադառնալով խնդրի առնչությամբ իրենց ներկայացրած դատական հայցին՝ Տիգրան Հեքեքյանն ասաց հետևյալը․ - «Մենք ստիպված Կառավարության որոշումը հիմա վիճարկում ենք դատարանում: Դատական նիստը դեռ չի սկսվել, մենք չգիտենք ինչպիսի դատավարություն տեղի կունենա»:

Եթե տարածքը պետական գերակա շահ է ճանաչվել, արդյո՞ք երգչախումբը պիտի ստիպված լքի այդ շենքը: Այս հարցին Հեքեքյանը պատասխանեց․ - «Չէ: Դա նշանակում է, որ տարածքը վերցնում է մեզանից ինչ-որ բան կառուցելու: Ինչ-որ բանը այսօրվա վիճակով Սերմաքեշի բիզնես նախագիծն է»:

Իսկ հարցին, թե ինչ փոխհատուցում է առաջարկվում, երգչախմբի ղեկավարն արձագանքեց․ - «Ինձ հետ բանակցություններ են վարում, որպեսզի ուրիշ մի տարածքում, քանի որ քաղաքի կենտրոնում տարածք չկա, ինչ-որ տարածք գտնեն, շինարարություն անեն, մի բան կառուցեն-տան, ասեն՝ ստեղից դուրս էկեք: Դեռ չեն առաջարկել, բայց ասում են՝ մի տեղ հող տանք, շենք էլ սարքենք տանք երկհարկանի, մենակ թե պրծնենք ձեզանից: Ես դեռ չեմ համաձայնել»:

Առաջիկա աշնանը սպասվում են երգչախմբի հյուրախաղերը գերմանական մի շարք քաղաքներում, բայց նույնիսկ հյուրախաղերի համար պետությունը միայն գումարի կեսն է կարողանում վճարել․ - «Մեզ ասում են՝ մնացածը որտեղից ուզում եք, ճարեք: Մենք գնում ենք Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա կապակցությամբ: Ոչ միայն մենք ենք Կոմիտաս երգելու, այլ երգչախմբերը, որոնք մեզ հյուրընկալում են, իրենք նույնպես սովորում են արդեն Կոմիտասի խմբերգերը և մեզ հետ երգելու են: Սա Կոմիտասի ամենամեծ քարոզն է, ինչի կարիքը մենք խիստ ունենք, որովհետև ոչ միայն Կոմիտասին, այլև Հայաստանը լավ չգիտեն աշխարհում: Փոխանակ զբաղվենք արվեստով, մնեք մտածում ենք մենք վաղը լինելու ենք, թե ոչ: Երեխաների այդ ընկճված վիճակը, չեմ չափազանցնում․․․ Մենք հիմա ժպտալու վարժություններ ենք սկսել անել, որովհետև երեխաների դեմքին ժպիտ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG