Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթը նիստը տապալվեց


Արցախի հարցով հայտարարության ընդունման համար ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնած արտահերթը իշխանության ջանքերով այսօր տապալվեց. Բացառությամբ նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, իշխանական խմբակցության մյուս 7 տասնյակ պատգամավորները չեկան գրանցվելու, չնայած շատերը խորհրդարանում էին։

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ», - հայտարարեց Սիմոնյանը:

Դեռ մեկ ժամ էլ գրանցումը կշարունակվի, բայց իշխանականները հավաստիացրել են՝ չեն մասնակցելու նիստին։ Այսօր գործը անգամ ընդդիմության նախագծի քննարկմանը չհասավ, քանի որ այն կարող է սկսվել, եթե գրանցվում են պատգամավորների կեսից ավելին։ 107 հոգանոց խորհրդարանում այսօրվա նիստը նախաձեռնած ընդդիմությունը միայն 35 ձայն ունի։

Ընդդիմադիր 2 խմբակցությունները գրեթե ամբողջական կազմերով էին ներկա։ Բացակայում էին երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ու «Պատիվ ունեմը» ղեկավարող Արթուր Վանեցյանը։ Արտահերթի օրակարգում մեկ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծն էր։

Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը բացառելուց բացի, առաջարկում էին, որ Ազգային ժողովը նաև հայտարարի՝ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն է։ Սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ՝ որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը։

«Չմիանալով այս հայտարարությանը կամ որևէ ձևով տորպեդահարելով սրա ընդունումը՝ իրականում սպասարկում են հակառակ շահերը, սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Ուրեմն էր եթե ուզում ենք, որ Ադրբեջանի կազմում չհայտնվի Արցախը, պետք է հեռացնենք այն իշխանություններին, ովքեր ամեն ինչ անում են, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում»,- Ազգային ժողովի դահլիճից դուրս գալով հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Պատիվ ունեմից» Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եզրույթը այն կարմիր գիծն է, որ անհրաժեշտ է հայկական կողմին՝ հասնելու Արցախի ապագան երաշխավորող հայանպաստ լուծման։

«Բացարձակ զարմանալի չի, որ այն իշխանությունը, որը Հայաստանը հասցրել է այս վիճակի, ձեռքերը լվացել է Ղարաբաղից, հրաժարվում է իր համար կարմիր գծեր ֆիքսել, որոնք Հայաստանի համար օրհասական են, պայմանավորված են Հայաստանի ու Արցախի ֆիզիկական գոյությամբ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր այն համաքաղաքացիները, որոնց ես խորապես հարգում եմ, որոնք ձայն են տվել նախորդ արտահերթ ընտրություններին ՔՊ-ին, կհասկանա, թե ինչ առաջնահերթություններ ունի ՔՊ-ն, թե ինչից է վախենում ՔՊ-ն, և իրականում ինչ օրակարգ է սպասարկում ՔՊ-ն», - նշեց Մամիջանյանը:

Իշխանությունը ընդդիմադիրների նախաձեռնությունը «կեղծ գործընթաց», քաղաքական շանտաժ էր որակել։ Դեռ անցած շաբաթ էին հրապարակել խմբակցության որոշումը՝ չեն մասնակցի նիստին։ Խուսափելով ընդդիմության պահանջը կատարելուց և չկիրառելով «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահայտությունից՝ իշխանությունն էլ իր փաստարկը բերում՝ ամեն մի հայտարարություն կարող է սահմանափակել հայկական կողմի բանակցային հնարավորությունները:

«Ավելի լավ է բանակցությունների ժամանակ քիչ խոսել և շատ գործ անել, քան թե իրականում, օրինակ, գնալ դրսերում բանակցել Արցախը տալու շուրջ, ինչպես իրենք են արել և ինչպես փաստաթղթերի գաղտնազերծումն է ցույց տալիս, բայց գալ Հայաստան և խոսել հայրենասիրությունից», - ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «իրենք էլ ձեզ հակադարձում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը նշաձող իջեցնելու մասին, խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանն է պատրաստ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, դուք չունե՞ք նման պլաններ», Պապոյանը պատասխանեց. «Մենք անում ենք ամեն ինչ և կանենք ամեն ինչ, որպեսզի Արցախը մնա հայկական: Սա շատ կարևոր է, և սա մեր իշխանության, այսպես ասած, առաքելությունն է: Բնականաբար, իհարկե, մեզ ներսից շատ են հարվածում»:

Ադրբեջանի հետ բանակցություններում Փաշինյանի իշխանությանը նոր զիջումների մեջ մեղադրող ընդդիմադիրները ճիշտ հակառակ կարծիքին են. - «Այդ նախադասությունը հնչեցնելը հայկական կողմին երբեք չի խանգարել վարել հայանպաստ բանակցություններ: Այսինքն իրենք չեն ուզում ասել, որ միանշանակ չեն բանակցելու Արցախն Ադրբեջանի կազմում գտնվելը, այլապես ի՞նչ տրամաբանություն կա այդտեղ, ի՞նչ է նշանակում բանակցությունները կխաթարի: Իհարկե, պետք է խաթարել այն բանակցությունները, որոնց արդյունքում Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում»:

Այսօրվա տապալված արտահերթն անցնում էր անվտանգության աննախադեպ միջոցառումներով. տասնյակներով ուժայինները և՛ նիստերի դահլիճում, և՛ դահլիճից դուրս, և՛ Խորհրդարանի այգում էին հսկողություն իրականացնում։ Ուշադիր էին հատկապես տևական ժամանակ ԱԺ-ից բացակայած և փողոցում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների նկատմամբ։

XS
SM
MD
LG