Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով բարձրանում են հացահատիկի գները


Հացահատիկ աճեցնող ամերիկացի ֆերմերները բարձրաձայնում են տարբեր, մասնավորապես՝ եգիպտացորենի և սոյայի գների ռեկորդային թանկացման մասին։ Ըստ նրանց՝ հացահատիկային մշակաբույսերի թանկացումը անդրադառնալու է թե՛ գնուղատնտեսների, թե՛ սպառողների վրա:

Ամերիկացի ֆերմեր Մարկ Թաթլը Հյուսիսային Իլինոյսի իր ցանքատարածքներում եգիպտացորեն և սոյայի հատիկներ է տնկում՝ ակնկալելով, որ հացահատիկների վաճառքից այս տարի բավարար եկամուտ կստանա։

«Երկար տարիներ մենք եգիպտացորենը վաճառում էինք 2 դոլարով, որը բավարար էր ապրուստի ծախսերը հոգալու, իսկ հիմա հասել է 8 դոլարի», - ասում է գյուղատնտես Մարկ Թաթլը:

Սոյայի հատիկների գինը նույնպես ռեկորդային բարձր մակարդակի վրա է, և դա լավ լուր է. - «Բայց դա այլ բաների հաշվին է, օրինակ՝ պարարտանյութեր և սերմեր գնելու ծախսերի»:

«Երբ եգիպտացորենն արժեր 2 դոլար, եգիպտացորենի սերմացուն 1 հեկտարի ցանքատարածքի համար 80 դոլար էր: Այժմ եգիպտացորենի սերմացուն մեկ հետկարի համար հասնում է՝ 140, 150, 160 դոլարի: Ամեն ինչ թանկացել, կրկնապատկվել է», - ասում է Մարկ Թաթլը։

Տնտեսագետների կարծիքով, այս թանկացումները պայմանավորված են եգիպտացորենի, սոյայի և ցորենի նման հացահատիկային մշակաբույսերի բաշխման գլոբալ մատակարարման շղթայի խափանումներով, որը առաջացել էր կորոնավիրուսային համավարակի ընթացքում և է'լ ավելի բարդացել ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով:

Իլինոյսի ֆերմերային բյուրոյի ավագ տնտեսագետ Մայք Դոհերթին ասում է. - «Սև ծովից գրեթե ոչ մի նավագնացություն չի իրականացվում։ Թե' Ուկրաինան, թե' Ռուսաստանը իրենց առաքումները գրեթե ամբողջությամբ իրականացնում էին Սև ծովի նավահանգիստներով: Հենց այդտեղ է ցորենի համաշխարհային արտահանման 30 տոկոսը կանգ առել։ Այն դադարեցվել է պատերազմի պատճառով, ինչը բացասաբար է անդրադառնում նաև եգիպտացորենի արտահանման վրա»։

Տնտեսագետը հիշեցնում է, որ Ռուսաստանը նաև նավթի և բնական գազի հիմնական միջազգային մատակարարն է: Այժմ, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով պայմանավորված՝ ռուսական մատակարարումները միջազգային շուկայում նվազել են, քանի որ գնորդները այլ աղբյուրներ են փնտրում, որը հանգեցնում է աշխարհում նավթի գների աննախադեպ բարձրացման. - «Այդ ամբողջը էներգետիկ համալիր համակարգի մի մասն է, և նավթի գների աճը զգալիորեն է անդրադառնում նաև պարարտանյութերի գների թանկացման վրա»:

Գյուղատնտեսների համար բարդացել է նաև օրգանական պարարտանյութերի ձեռքբերումը: Ըստ Մարք Թաթլի, տրակտորներն ու բեռնատարները սնուցելու համար դիզվառելիքի գինը նույնպես գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ. - «Ես գիտեմ, որ նրանք ցանկանում են աստիճանաբար անցնել այլընտրանքային էներգիայի աղբյուրների, բայց այս պահին աշխարհի ֆերմերների մեծ մասն աշխատում են դիզվառելիքով, հետևաբար՝ հիմա չի կարելի սահմանափակել մեր մատակարարումները»:

Ուկրաինայի հարավում ընթացող պատերազմը, Միացյալ Նահանգների արևելյան ափի և Հարավային Ամերիկայի երաշտը, ինչպես նաև նավթի գների թանկացման ֆոնին եգիպտացորենից և սոյայից ստացվող կենսավառելիքի աճող պահանջարկը նպաստում են պարենային մթերքների թանկացմանն ու գնաճին:

«Հիմա գնաճը մեզ մոտ հասնում է 8, 9, 10 տոկոսի։ Եվ դա բացասաբար է անդրադառնում թե' ֆերմերների, թե' սպառողների վրա», - ասում է գյուղատնտես Մարք Թաթլը։

Նրա մտավախությունն այն է, որ բարձր եկամուտի հետ մեկտեղ այս տարի կրկնապատկվելու են նաև նրա ծախսերը. - «20 տարի առաջ նման պատկեր ունեինք, հիմա ընդամենը մեր դրամական հոսքերն են ավելանում: Տրակտորներն առաջ 80 հազար, իսկ այժմ 250 հազար դոլար արժեն։ Իրավիճակն այժմ այլ է, որի հիմնական պատճառը համաշխարհային գնաճն է: Կյանքի մակարդակը, հավանաբար, չի փոխվի: Պարզապես ինչ աշխատում ես, ծախսում ես»:

Ռուս-ուկրաինական պատերազմը ուղղակիորեն է անդրադառնում ընդհանուր գնաճի և թանկացումների վրա։

«Այս պատերազմից ոչ ոք չի շահում», - ասում է Մարք Թաթլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG