Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական հանձնաժողովի առաջին հանդիպումը կառուցողական է եղել. նախարար


Չնայած հայտարարվել է, որ այս շաբաթ սպասվում է սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ հանդիպումը, սակայն կողմերը դեռ չեն հստակեցնում կոնկրետ օրը:

Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպման մասին այսօր խոսել են նաև Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Հայաստանի վարչապետը, բայց պաշտոնական հաղորդագրությունում կրկին օրվա մասին տեղեկություն չկա։

Այս հանձնաժողովում է ընդգրկված նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի տեղակալը՝ Հովհաննես Հարությունյանը: Նախարարը սահմանազատման առաջին հանդիպումը կառուցողական է գնահատում։

«Կարծում եմ՝ բավականին լավ, կառուցողական հանդիպում է եղել», - ընդգծեց Սանոսյանը:

Ըստ հայկական կողմի՝ Պուտինը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին:

Սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը առաջին անգամ հանդիպել էին անցած շաբաթ՝ հայ-ադրբեջանական սահմանին։

Բանակցություններին ու հանձնաժողովների աշխատանքին զուգահեռ հինգ օր առաջ ադրբեջանական կրակոցից ժամկետային զինծառայող զոհվեց։ Այս պայմաններո՞ւմ էլ է նախարար Սանոսյանը հանդիպումը կառուցողական գնահատում։

«Օրինակ՝ հիմա մեզնից ոչ մեկ ստեղ իրար չի ծեծում, չէ՞, հիմա, որ դրսում ինչ-որ մարդիկ իրար ծեծեն, չեղավ, չէ՞, որ ստեղ էր, հիմա այնտեղ, որտեղ այդ հանդիպումը տեղի է ունեցել, տեղի է ունեցել կառուցողական, նորմալ մասնագիտական քննարկում, առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են», - ընդգծեց Սանոսյանը:

Այդուհանդերձ, կառավարության ներկայացուցիչը կարծում է, որ Ադրբեջանի վարքագիծը կարող է խանգարել հանձնաժողովների աշխատանքին. «Շատ դատապարտելի է, երբ որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի արդյունքում նաև մեր անմեղ տղաները, զինվորները, ովքեր էնտեղ հայրենիքն են պաշտպանում, կարող են նման անմտությանը զոհ գնալ»:

Ի՞նչ են քննարկել առաջին հանդիպմանը, հարցրինք Սանոսյանին։ Որոշվե՞լ է՝ որ թվականի քարտեզներով է իրականացվելու սահմանազատումը։ Տարածքային կառավարման պատասխանատուն ընդհանուր տեղեկություններ հայտնեց։

«Բոլոր կողմերը տարբեր քարտեզներ ունեն: Մի բան եկեք ֆիքսենք, այս ամենի մեջ կարևոր են իրավաբական հիմքերը, այսինքն լինի անկլավների մասով, թե սահմանի այլ հատվածների և այլն, պետք է այդ քարտեզները ունենան իրավական հիմքեր: Ակնհայտ է, որ մենք Արծվաշենի մասով իրավական հիմքեր ունենք, մնացածը կաշխատեն գործընկերները, կտեսնենք»:

Սահմանազատման հանձնաժողովների մասին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել էին Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ՝ Բրյուսելում՝ մայիսի 22-ին։ Այդ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը կրկին խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչպես նաև պնդեց, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք չկա։

Շառլ Միշելի խոսնակը առաջնորդների հանդիպումից մոտ երկու շաբաթ անց՝ այսօր անդրադարձել է հանդիպման բովանդակությանը. «Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումն ափսոսանք է հարուցում»:

Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակը նաև տեղեկացնում է, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Մինչ այդ Հայաստանի վարչապետն այսօր Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել իր և Ալիևի հանդիպումից հետո «քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով»: Հաղորդագրությունում չի ասվում, թե ինչ մեկնաբանություններ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Պուտինը ողջունել է դեմարկացիայի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն՝ աջակցելու սահմանազատման գործընթացին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG