Մատչելիության հղումներ

Կողմերը հաստատել են՝ արտատարածքային պահանջներ չկան, հակառակի մասին շահարկումն ափսոսանք է հարուցում. ԵՄ


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, 22-ը մայիսի, 2022թ.
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում, 22-ը մայիսի, 2022թ.

Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ինֆրակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումն ափսոսանք է հարուցում: Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը այս գիշեր հրապարակած հայտարարությունում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթավերջին հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Նա այլ պնդումներ էլ է արել, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հղում անելով Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որում, սակայն, նման արձանագրումներ չկան:
Պաշտոնական Երևանը հակադարձել է Ալիևին՝ կոչ անելով չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում Միշելը, ըստ հայտարարության, վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների: ԵՄ խորհրդի նախագահը ողջունել է սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի հանդիպումը՝ այն անվանելով պատմական, և շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման հսկայական կարևորությունը սահմանազատումից առաջ:

«Ավելի լայն առումով՝ նախագահ Միշելը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին, այդ թվում առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին: Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ պայմաններ ստեղծելու տևական և արդարացի խաղաղության համար», - ասված է հայտարարությունում:

Նշելով, որ «տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում», խոսնակն ընդգծում է, որ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի», և որ ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համընդգրկուն հասցեագրումը. - «Սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքները և անվտանգությունը»:

Ադրբեջանի նախագահը, պնդելով, թե Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա, վկայակոչել էր նաև մայիսի 22-ի հանդիպմանը հաջորդած հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահի ձևակերպումները: «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի», - այդ հայտարարությունում իր սեփական տեսակետն էր ներկայացրել Շառլ Միշելը:
Ստեփանակերտում քննադատում են Միշելի ձևակերպումները՝ դրանք անընդունելի համարելով:

Եվ վերջապես, Շառլ Միշելը, ըստ խոսնակի հայտարարության, շեշտել է բնակչություններին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը և «այդ առնչությամբ հրապարակային հռետորաբանության կարևորագույն դերը»: Նա ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի արտահայտած՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներին:

Խոսնակը հայտնում է նաև, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG