Մատչելիության հղումներ

Փարիզը «Ստադ դե Ֆրանսում» տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրում է բրիտանացիներին


Չեմպիոնների լիգայի՝ շաբաթ օրը Փարիզում կայացած եզրափակչից առաջ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում մեկ տասնյակից ավելի բրիտանացի է ձերբակալվել։ Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

Նրա խոսքով` ձերբակալված երեք տասնյակ անձանց կեսից ավելին Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում անկարգությունները սկիզբ էին առել այն բանից հետո, երբ երկրպագուների մի զգալի մասը չէր կարողացել մուտք գործել ստադիոն` Չեմպիոնների լիգայի «Ռեալ»(Մադրիդ)-«Լիվերպուլ» հանդիպմանը ներկա գտնվելու համար։

«Խաղից առաջ կեղծ տոմսերի արդյունաբերական մասշտաբների հասնող վաճառք էր տեղի ունեցել։ Դրա հետևանքով «Լիվերպուլի» երկրպագուներից շատերը զանգվածաբար մարզադաշտ էին ներկայացել առանց վավեր տոմսերի», - հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը։

Ավելի վաղ Ֆրանսիայի սպորտի նախարարն էր պնդել, որ շաբաթօրյա անկարգությունների գլխավոր պատճառը բրիտանացի երկրպագուների պահվածքն էր։

«Ճգնաժամն էլ ավելի էր խորացել, երբ մարզադաշտի հարևանությամբ գտնվող թաղամասերի երիտասարդ բնակիչները ևս փորձել են առանց տոմսերի մուտք գործել «Ստադ դե Ֆրանս», - հաղորդում են ֆրանսիական աղբյուրները։

XS
SM
MD
LG