Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի նախաձեռնած արտահերթ նիստը տապալվեց


Այսօր Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի նախաձեռնած արտահերթ նիստը տապալվեց։ Համայնքապետարանի աշխատակազմը նախաձեռնողներին գրավոր հայտնել էր, որ նիստ չեն կազմակերպի, քանի որ պարզ չէ՝ նորընտիր ավագանին արտահերթ նիստ գումարելու հնարավորություն ունի, թե ոչ։ Օրենքներն այս հարցը չեն կարգավորում։ Այս մասին Արդարադատության նախարարությունն է ավելի վաղ հայտնել աշխատակազմին ուղղված իր պարզաբանման մեջ։

Աշխատակազմն էլ որոշել է ձեռնպահ մնալ ու նիստ չկազմակերպել։ Նիստերի դահլիճում խոսափողները միացված չէին, սեղաններին ջուր, օրակարգ և թղթեր չկային։ «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցությունների ներկա 16 անդամները սա համայնքապետարանի աշխատակազմի կողմից անարգանք համարեցին, թեև քվորում չկար՝ ավագանու 33 անդամներից 16-ն էին ներկա։ «Քաղաքացիական պայմանագիրը», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ու «Ապրելու երկիրը» չէին ներկայացել։ Այս դեպքում նիստը չէր կարող կայանալ, եթե անգամ աշխատակազմն այն կազմակերպեր։

«Ես սա անարգանք եմ համարում Վանաձոր համայնքի ավագանու նկատմամբ, Վանաձոր համայնքի բնակչության նկատմամբ: Մոտ 5 ամիս Վանաձոր համայնքում չի իրացվում սահմանադրական իրավունք:

Ի՞նչ փորձ է արվել, փորձ է արվել ավագանու ձեռքերը կապել, որ չզբաղվի ոչ մի խնդրով, ի՞նչն է նպատակը: Մարդիկ կան, որ այս քաղաքը չգիտեմ` ուր են տանում, ի՞նչն է պատճառը, ատելություն կա՞ այս քաղաքի հանդեպ, թե՞ մեր նկատմամբ է այդ ատելությունըէ այս սեղանի շուրջ նստածների, թե՞ այն մարդու, ով հիմա կալանավորված է, որ ստացել է ձայների մեծամասնությունը», - ասաց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Արթուր Օհանյանը:

Երկու ընդդիմադիր խմբակցությունները նախատեսել էին այսօրվա նիստում ավագանու նոր կանոնակարգը հաստատել։ Ներկաներն ասացին՝ «իրենց առջև դռներ փակելն անհետևանք չեն թողնի»։

«Կարծում եմ, որ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք և օրենքի շրջանակներում նաև բացի մեր քաղաքական հայտարարությունից, կտանք նաև օրենքի շրջանակներում պատիժ», - հայտարարեց «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը։

Վանաձորում դեռ երեք ամիս առաջ են տեղի ունեցել ավագանու ընտրությունները, 5 խմբակցությունների 33 անդամներն ստացել են մանդատները, բայց ավագանուն չի հաջողվում համայնքի ղեկավար ընտրել։ Վարչական դատարանն արգելանք է սահմանել, որով ավագանին դեռ իրավունք չունի համայնքապետի ընտրության օրակարգով նիստ գումարել։ Անցած տարեվերջին Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած և ավագանի չանցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էր բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Դատական առաջին և երկրորդ ատյանները մերժել էին կուսակցության հայցն ու վերջնական արդյունքներն անփոփոխ թողել։ Բողոքը հասել է երրորդ՝ վճռաբեկ ատյան, որը դեռ երեք ամիս առաջ ստացած դիմումը վարույթ ընդունել-չընդունելու մասին որոշում չի կայացնում։

Արդեն երեք ամիս կալանքի տակ գտնվող «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդի փաստաբանն այստեղ միտում է տեսնում. «Լուսավոր Հայաստանը» շատ լավ պատկերացնում է չէ՞, որ երբ դու դիմեցիր վարչական դատարան, վարչական դատարանը այս գործը կարող է քննի 2-3 տարի, դրանից հետո պետք է գնա վերաքննիչ, հետո էլ վճռաբեկ, այսինքն` տեսականորեն այն հայցը, որը ներկայացրել է ԼՀԿ-ն դատարան, այդ գործի հանգուցալուծումը կարող է տևել այնքան ժամանակ մինչև ավագանու լիազորությունների ժամկետի դադարում»:

Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամ Խաչատրյանը հակադարձում է. «Իրենք, տեսեք, իրավական դաշտից տեղափոխվել են քաղաքական դաշտ, բայց սա իրավական պրոցես է, և մարդիկ, օգտվելով իրենց իրավունքից, դիմել են դատարան, և սա ես նորմալ եմ համարում: Իսկ ինչ վերաբերում է իրենց կարծիքներին, թող ժամանակից առաջ չընկնեն»:

Երեկ Լոռու մարզպետն «Ազատությանն» ասել էր՝ հնարավոր է՝ վարչապետն առաջիկայում Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակի, բայց օրենքի ինչ կետով` դեռ անհայտ է։

Դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրությունների արդյունքում ամենաշատ թվով ձայներ ստացած թեկնածուն՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երեք ամիս կալանքի տակ է պաշտոնեական կեղծիքի և լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Նրա կառավարման օրոք՝ 2016 թվականին էլ ընդդիմությունն էր բոյկոտում ավագանու նիստերը՝ իշխանությանը մեղադրելով «մանդատագողության» մեջ։ Չնայած ավագանու մեծամասնության մեկ տարի տևած բոյկոտին` այն ժամանակ համայնքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնության մասնակցությամբ նիստեր էր գումարում և որոշումներ ընդունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG