Մատչելիության հղումներ

Եթե պատերազմ է սկսում, Վանաձորում պիտի ՏԻՄ չլինի՞. ԱԺ նախագահ


Խորհրդարանն արտահերթ նիստում հրատապ ռեժիմով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծը։

«Աստված մի արասցե, եթե պատերազմ ա սկսում, Վանաձորում պիտի ՏԻՄ չլինի՞»։ Ազգային ժողովի նախագահն այսպես է արձագանքում ընդդիմադիրների մեղադրանքներին, որ իշխանությունն անվտանգության հարցերը թողած՝ հրատապ նիստ է հրավիրել Տեղական ինքնակառավարման մասին օրենքը փոխելու օրակարգով։

«Կամ որևիցե համայնքում պետք ա տեղական ինքնակառավարման մարմին լըլնի՞, բա պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու», - հավելեց Սիմոնյանը։

Իշխանական պատգամավորներն առաջարկում էին փոխել ՏԻՄ օրենքը, որ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չկարողանա գումարել, կամ եթե ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն, վարչապետը լիազորություն ստանա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։

«Քաղաքացիական պայմանագիրը» հատուկ ընթացակարգով էր քննարկում օրենքը, որ այսօր էլ ամբողջությամբ ընդունվեր։

«Ստեղծվել է մի իրավիճակ, որ որոշ համայնքներում ՏԻՄ կառավարումը, բնականոն ընթացքը խաթարված է, և այս օրենսդրական նախաձեռնության հրատապությունը դրանում է, որպեսզի այդ համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, ՏԻՄ կառավարումը բնականոն շարունակվի», - պարզաբանում էր նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը։

Իսկ քանի՞ համայնքում է կառավարումը կաթվածահար եղել, որ իշխանությունը հրատապ ռեժիմով լծվել է խնդրի լուծմանը, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. - «Հրատապությունը ինչո՞վ է պայմանավորված»։

«Այս պահին նման խնդիր մենք ունենք Վանաձոր համայնքում», - արձագանքեց Հովակիմյանը։

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո արտակարգ իրավիճակ էր մի քանի համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվել էր, ավագանու նիստերը տապալվել են ու համայնքապետ չի ընտրվել։

Ընտրություններից չորս ամիս անց հարցը դեռ չի հանգուցալուծվել Վանաձորում։ Հայաստանի երրորդ քաղաքը դեռ ղեկավար չունի։ Իսկ այսօրվա փոփոխությունից հետո հարցը կհանգուցալուծվի։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատար կնշանակի։

«Եվ եթե մինչև վերջ անկեղծ ու ազնիվ լինեին այս օրենքի նախաձեռնողները, ապա օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին (կամ վանաձորցիներին) քվեի իրավունքից զրկելու մասին» օրենքի նախագիծ», - ասաց Անդրանիկ Թևանյանը («Հայաստան»)։

«Ոչ մեկ ոչ մեկից իշխանություն չի զավթում։ Բայց արդյո՞ք հանդուրժելի է Հայաստանում իշխանական վակուումը», - հակադարձեց Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր)։

«Թշնամական զորքերը ներխուժել են Փառուխ, գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, և մենք ինչով ենք զբաղված այս պահին խորհրդարանում։ Ուզում եմ շատ պարզ հասկանամ՝ մենք ի՞նչ ուղերձ ենք տալիս մեր ժողովրդին», - ասաց Իշխան Սաղաթելյանը («Հայաստան»)

«Հիմա ես չեմ հասկանում ձեր դժգոհությունը։ Հա, կան հարցեր, որոնք նույնպես կարող էին քննարկվել։ Դուք նախաձեռնե՞լ եք էդպիսի բան, նախագիծ շրջանառե՞լ եք։ Պատասխանն է՝ ոչ», - արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Դեկտեմբերի 5-ի ընտրություններում Վանաձորում ամենաշատ ձայն հավաքած ուժի թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց քվեարկության արդյունքներն ամփոփելուց տասն օր անց, երբ պետք է ավագանին համայնքապետ ընտրեր։ Ակնկալվում էր, որ հենց Ասլանյանն էլ կդառնա քաղաքապետ։ Նրա գլխավորած դաշինքը 15 մանդատ էր ստացել, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացած քվեներով երկրորդ տեղում էր։ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելուց հետո՝ արդեն երեք ամիս է, ավագանին նիստեր չի կարողանում հրավիրել։

Օրինագիծը ընդունվեց 57 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, երկշաբաթյա ժամկետում վարչապետը Վանաձորում պաշտոնակատար կնշանակի։ Թե ում թեկնածությունն են քննարկում, Լոռու մարզպետն «Ազատությանն» անուններ չհայտնեց, չբացառեց, որ քննարկվում է ավանգանի անցած ՀԱՍԿ դաշինքի անդամ Արկադի Փելեշյանի թեկնածությունը, որը վանաձորցիներին հայտնի է քրեական անցյալով։

XS
SM
MD
LG