Մատչելիության հղումներ

Ախուրյանում դեմ են մեկ անգամ արդեն խոշորացված համայնքը նորից խոշորացնելուն


Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյան
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյան

Չորս տարի առաջ խոշորացված Ախուրյանը հերթական խոշորացման արդյունքում ևս 25 գյուղով կմեծանա՝ դառնալով 33 բնակավայր ընդգրկող համայնք։

Ախուրյանը արդեն 25 տարի ղեկավարող Արծրուն Իգիթյանին այնքան էլ չի ոգևորել իշխանությունների մտադրությունը. - «Օրինակ, Ախուրյան խոշորացված համայնքը կարծես թե արդեն կայունացել էր, հստակեցվել էր, կայացել էր, և նորից խոշորացնելը աննպատակահարմար եմ գտնում։ Նույնը Մարմաշենին է վերաբերում, նույնը մնացած նմանատիպ համայնքներին, որոնք խոշորացվել էին, նորից են խոշորացնում։ Ավելի ճիշտ կլիներ դեռևս չխոշորացվածները խոշորացնեին... հետո նոր համապատասխան ուսումնասիրություններից հետո համապատասխան եզրակացության գային։ Շտապողականությունը միշտ իր հետ բերում է որոշակի բացթողումներ և թերություններ»։

Մինչ իշխանությունները պատրաստվում են Հայաստանի համայնքների հերթական խոշորացմանը ու թվարկում դրա օգուտները, պնդում, թե ապակենտրոնացում տեղի կունենա, փոքր գյուղերում տնտեսական զարգացման հնարավորությունները կմեծանան, արդեն չորս տարի խոշորացված համայնք ղեկավարող Իգիթյանը հիշեցնում է, որ առաջին անգամ նախկին իշխանությունները բնակիչների կարծիքի հետ հաշվի չնստեցին, և նույնը հիմա անում է ժողովրդի կարծիքը հարգելու մասին շարունակաբար խոսող նոր իշխանությունը։

«Ազատության» հարցումները Շիրակի գյուղերում ցույց տվեցին, որ բնակիչների մեծ մասը տեղյակ էլ չէր, որ գործադիրը հավանություն է տվել խոշորացման հերթական փուլին, որի արդյունքում 441 համայնքներ կմիավորվեն՝ դառնալով 37։

Իգիթյանը սա համայնքներում ապրողների իրավունքների խախտում է համարում. - «Հիմա նորից երրորդ ընտրությունն է դրվում՝ էլի ժամկետը չլրացած։ Մենք հնգամյա զարգացման ծրագիր էինք մշակել և արդեն մենք լուրջ աշխատանք ենք տարել բոլոր բնակավայրերում հավասարապես ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Նաև ծրագրեր ունենք, որ նախատեսվում էր հաջորդ տարի։ Կան, որ զրոյից են նախատեսվում հաջորդ տարի։ Էստեղ ամբողջ խնդիրը զրոյից նախատեսված էս ծրագրերն էին. խոշորացման դեպքում դրանք միանշանակ հօդս են ցնդում... Էստեղ նաև իրավունքների խախտում է»։

Խոշորացման պարագայում համայնքը, որին միավորվում են փոքրերը, տուժո՞ւմ է, թե՞ շահում, հետաքրքրվեցինք Իգիթյանից։ «Մենք գյուղեր ունեինք, որ բացի աշխատավարձից, որևէ ինչ-որ բան չէր կարող անել։ Էս պարագայում մենք ստիպված ենք արդեն էդ գյուղին հավասարաչափ նույն գործառույթները կատարելու, նաև ծրագրեր իրականացնելու։ Դա լինելու է արդեն խոշոր համայնքի հաշվին։ Էստեղ էդ մեխանիզմները, որոշումները կառավարության կողմից օրենքի տեսքով ներկա պահին դեռևս չկան, որ, ասենք, ինչ կարգով է դա լինելու։ Էստեղ մնում է, թե համայնքի ղեկավարը որտեղից է լինելու և ինչ վերաբերմունք է ունենալու։ Շատ բան կախված է արդեն խոշորացված համայնքի ղեկավարից»։

Ժամանակին խոշորացման դեմ ընդվզող համայնքներից մեկը Ախուրյանին միացված Բասենն էր։ Այստեղ կարծում էին, որ գյուղը չպետք է այլ համայնքից ղեկավարվի։ «Ազատության» հետ զրույցներում բասենցիներն ասում են՝ հիմա էլ են դեմ, միայն թե այդ մասին հրաժարվում են բարձրաձայն խոսել, անտարբեր են դարձել:

Ախուրյանում էլ են դժգոհ խոշորացումից, թեև հարևան գյուղերն իրենց համայնքին են միացել: Ախուրյանցի Արմենակ Հովիկյանն ասում է. - «Սխալ է, միանշանակ սխալ է։ Էդ կատարեցին միայն էն պատճառով, որ ծախսեր քիչ անեին»։

Այդուհանդերձ, գյուղացիները կողմ են խոշորացումից հետո նոր ընտրությունների անցկացմանը, որոնք կանցնեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։ Ասում են՝ այդպես «թայֆաբազությունը» կվերանա։

Իսկ 25 տարի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Իգիթյանը կարծում է, որ համայնքի ղեկավարը պետք է անմիջական ընտրությամբ ընտրվի, կողմ է, որ ավագանին լինի քաղաքական. - «Ես գտնում եմ, որ համայնքի ղեկավարի ուղղակի ընտրությունն ավելի ճիշտ է, քան համամասնականը։ Համամասնականով ես դեմ չեմ, որ ավագանին լինի համամասնականով, որպեսզի կարողանա լուրջ հակակշիռ լինել համայնքի ղեկավարին»։

Ախուրյանի 8 գյուղերում շուրջ 18 հազար բնակիչ կա: Եվ ինչպես նշում է համայնքապետը, բնակիչների կարծիքը ճշտելու ամենալավ տարբերակը տեղական հանրաքվեն է։ Սակայն երեկ կառավարության նիստում վարչապետը հիշեցրել էր Սահմանադրական դատարանի որոշումը, որով այս հարցում հանրաքվե անցկացնելը հակասահմանադրական է համարվել։ Փաշինյանը հայտարարել էր, որ խոշորացման մասին քաղաքական որոշումն արդեն կայացվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG