Մատչելիության հղումներ

Նախարարի հետ հանդիպմանը լոռեցիները դժգոհեցին համայնքների խոշորացումից, վնասակար արտանետումներից


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան, Լոռու մարզ, 1-ը սեպտեմբերի, 2018 թ․

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մի խումբ ալավերդցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե համայնքների խոշորացման գործընթացը շարունակվելու է խորհրդարանական ընտրություններից հետո:

Օրեր առաջ Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի բազմաթիվ բնակիչներ խոշորացման մասին որոշումը չեղարկելու և համայնքներին իրենց նախկին կարգավիճակը վերադարձնելու պահանջով միջպետական ճանապարհ էին փակել: Բողոքող լոռեցիները թեև նման կտրուկ քայլերի չեն դիմել, բայց համայնքների խոշորացումից իրենք ևս դժգոհում են:

Բնակիչների մտահոգություններին ի պատասխան, նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասաց, թե որոշ ժամանակ է պետք՝ հասկանալու գործընթացի թերացումներն ու դրական արդյունքները: «Նախաձեռնությունն իմը չէ, ես դա ժառանգություն եմ ստացել, բայց, միևնույն ժամանակ, ես այսպիսի մոտեցում ունեմ՝, բարեփոխումը, որ սկսվել է, նախ թղթի վրա շատ լավն է և իրականում արդյունավետ կիրառելու պարագայում կարող է շատ լավ արդյուքներ տալ: Ես հստակ նաև ընդգծել եմ, որ նախկինում սա արվել է շատ վատ ձևով, էական խախտումներով, առանց հաշվի առնելու ամենակարևորը՝ հանրության ձայնը: Բայց և այնպես՝ այսօր խոշորացված համայնքները, այսպես ասած, հետողորմյա անելը կլինի մեծագույն սխալ»,- ասաց Պապիկյանը:

Նա բնակիչների համար պարզաբանեց նաև, թե ինչ է սպասվում համայնքների խոշորացման փուլը լիովին ավարտելուց հետո․ «Երբ խոշորացված կլինեն բոլոր համայքները, անցնելու ենք երկաստիճան կառավարման համակարգի: Բայց սա նույնպես չի լինի կացնահարելով: Պիտի անցնենք փուլեր: Դրա համար մենք խոշորացված համայքներին պիտի փորձենք քիչ-քիչ պատվիրակել լիազորություններ»:

Ալավերդցիներին խոշորացման խնդիրներից առավել մտահոգում էր պղնձաձուլական գործարանի արտանետումների խնդիրը: Բնակիչներըն դժգոհում են, որ գործարանից արտանետվող ծխի պատճառով հաճախ են գլխացավեր ունենում, նրանք նախարարին խնդրեցին՝ հետամուտ լինել ու վերահսկել, որպեսզի գործարանի արտանետումները «գոնե նորմերին համապատասխան լինեն»:

«Արտանետումներ միշտ էլ եղել են, ժողովուրդը միշտ սովոր է եղել, բայց արտանետումների ծխի որակական բաղադրությունն էլ է փոխվել ու քանակն էլ է փոխվել: Այսինքն, էն ծխնելույզը, որ բարձրացրել են, չափը, տեղը փոխել են, փորձագետներն ասել են, որ դա սխալ է, ավելի վատ էֆեկտ է տալու: էն ժամանակ, եթե քաղաքի որոշակի թաղամասերում էր ծուխը նստում, հիմա հասնում է մինչև Թումանյան քաղաք»,- դժգոհեց հանդիպման մասնակիցներից մեկը: Պապիկյանն ասաց, որ ստուգումներ անելու համար ստեղծվել է տեսչություն, որն այս պահին ուսումնասիրություններ է կատարում Ամուլսարում:

Քննարկվեցին նաև Ալավերդիում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցեր: «Վահագնի 21» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ նախագահ Գոռ Հովվյանն ասում է, թե քայլեր է ձեռնարկել՝ Ալավերդիում տուրիզմը զարգացնելու համար, բայց արդյունաբերական քաղաք լինելն ու արտանետումների՝ նորմայից բարձր քանակը մշտապես խոչընդոտել են այդ քայլերը: «Տուրիստները Բելգիայից եկել են Քարե կամուրջի մոտ, հայտնի 10-րդ դարի Քարե կամուրջի մոտ, ծուխը տեսել են, թողել գնացել են: Ամերիկյան դեսպանատանը ես խնդրել էի՝ կամավորներ ուղարկեք, որ զբոսաշրջության տարածաշրջանային զարգացման ծրագիր մշակեք, ասում են՝ դուք գտնվում եք սև ցուցակում»,- ասաց Հովվյանը:

Պապիկյանն էլ իր հերթին նշեց՝ իրենք նպատակ չունեն գործարաններ փակելու, բայց ամեն ինչ անելու են, որպեսզի դրանք գործեն պահանջվող չափանիշներին համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG