Մատչելիության հղումներ

Մայիսի սկզբից մինչ օրս կալանավորվել է 6 ընդդիմադիր ակտիվիստ, հարուցվել է 16 քրգործ


Մայիսի սկզբից ընդդիմադիրների՝ փողոցային ակցիաներ սկսելուց ի վեր կալանավորվել է 6 հոգի, ընդհանուր առմամբ հարուցվել են 1 տասնյակից ավելի քրեական գործեր, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում «Դիմադրություն» շարժման մասնակիցների կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի առթիվ քննվում է 16 քրեական գործ», - ներկայացրեց ՔԿ մամուլի խոսնակը:

Մինչ այդ մեզ չհաջողվեց պարզել, թե ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններին առնչությամբ քանի ծառայողական քննություն է անցկացվում ընթանում, ոստիկանությունից մեր հարցմանը կպատասխանեն միայն վաղը, սակայն հայտնի է, որ հարուցված որևէ քերական գործ չկա, 2 դրվագով նյութեր են նախապատրաստվում Հակակոռուպցիոն կոմիտեում, այլ մանրամասներ հայտնի չեն։

Մինչ մեղադրյալի կարգավիճակում որևէ ոստիկան չկա, ընդդիմադիրների փաստաբանները պնդում են՝ ոստիկանության գործողությունները հաճախ ոչ իրավաչափ են. «Ֆիզիկական բիրտ ուժը կամ անհամաչափ ուժը, որի մասին բազմիցս խոսվում է հիմնականում վերաբերելի է տեղում բերման ենթարկող ոստիկաններին»:

Այսպիսի բռնությունների ամենաաղմկահարույց դրվագը մայիսի 2-ին է տեղի ունեցել, երբ հենց տեսախցիկների առջևը մի ոստիկան բռունցքներով հարվածում էր ցուցարարի գլխին։ Սակայն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով, իրենց իրավաբանների խումբը մի քանի տասնյակ դեպք է առանձնացրել, հերթով դիմելու են պատկան մարմիններին։

«Մեր արձանագրածով հանցափաստ պարունակող շուրջ 30 դեպք ֆիզիկական ուժի գերծադրման, ոչ համաչափ ուժի գործադրման այդպիսի դեպքերը արդեն արձանագրվել են», - նշեց Կոչուբաև:

Օմբուդսմենի գրասենյակն իր հերթին բարձրաձայնում է, որ ամենամտահոգիչը բերման ենթարկելիս կատարվող գործողություններն են, բռնում ու սեղմում են մարդկանց կոկորդը, երբեմն ոչ թե նստեցում, այլ՝ նետում ոստիկանական մեքենայի մեջ։ Օմբուդսմենը նման գործելակերպն անթույլատրելի է համարում։

Ցուցարարներին պաշտպանող փաստաբանի խոսքով՝ բռնի մեթոդներով բերման ենթարկելուց հետո ոստիկանական բաժիններում արդեն ընդդիմադիրների հանդեպ բռնության դեպքեր չեն եղել. «Մենք ունենք իրավիճակներ, երբ հավաքի առավել ակտիվ մասնակիցների նկատմամբ հիշում են նախկինում հարուցված քրեական գործերը, կանչում են ծառայություն՝ 2-3 տարի առաջ տեղի ունեցած քրեական գործով»:

Ըստ իրավապաշտպանի, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է հավելյալ պարզաբանումներ ներկայացնեն

Ավելի քան 10 օր շարունակվող երթերից ու ցույցերից հետո Ոստիկանությունը 4 անգամ, Ազգային անվտանգության ծառայությունը 2 անգամ հայտարարություններով են հանդես եկան, որտեղ խոսել են հասարակական կարգի խախտումների, այդ թվում՝ հավաքի մասնակիցների կողմից զենք կրելու, կամ զանգվածային անկարգությունների իրական վտանգների մասին։ Իսկ մայիսի 4-ին հայտարարել են. «Հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը»։

Այդ օրը, սակայն, արտառոց միջադեպ տեղի չունեցավ, իսկ իրավապահները հնարվոր միջադեպը կանխելու կամ քննություն իրականացնելու մասին ոչինչ չհայտարարեցին. «Երբ որ ասվում է, որ հավաքի օպերատիվ տեղեկություններ կան, որ զենքով մարդ կա հավաքի շրջանում կամ այս հավաքը պետք է վերաճի զանգվածային անկարգությունների, բայց ամեն ինչ խաղաղ է անցնում, այստեղ հենց այդ իրավապահների խոսքի արժեզրկում է տեղի ունենում»:

Իրավապահները նման հայտարարություններով փորձում են ահաբեկել հանրությանը, վստահ են ընդդիմադիրները, մինչ այդ իրավապաշտպան Արթուր Սաքունցն այլ կարծիքի է։ Հաշվի առնելով ընդդիմադիրների նախկին հայտարարությունները, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, ըստ Սաքունցի, նկատելի է, որ նրանք դեմ չեն բռնությունը որպես գործիք կիրառելուն, հետևաբար իրավապահների զգոնությունն ավելորդ չէ։

«Խաղաղ ցույցի մասնակիցների կողմից նաև քաղաքացիների նկատմամբ կան բռնությունների դեպքեր, այլ հարց է՝ արդյոք այն ծավալի կամ թիրախավորված ինչ-որ ահաբեկչական գործողություններ նախապատրաստվում է, թե ոչ: Սրա մասին դժվար է խոսել, որովհետև իրապես մենք չունենք որևիցե այլ տեղեկություն բացի այդ հայտարարություններից: Գուցե և ունեն օպերատիվ տվյալներ, չգիտեմ», - նշեց Սաքունցը:

Այնուամենայնիվ, իրավապաշտպանի կարծիքով, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է հավելյալ պարզաբանումներ ներկայացնեն։

Ընդդիմության ցույցերի մեկնարկից ի վեր ոստիկանների գործողությունների վերաբերյալ որևէ քրգործ դեռ չի հարուցվել
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

XS
SM
MD
LG