Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է ներկայացնի խաղաղ կարգավորման երկփուլ առաջարկ. Լևոն Զուրաբյան


«Ազատության» հյուրը Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Զուրաբյան. - Ադրբեջանը ինչ է ուզում՝ շատ պարզ, հստակ ներկայացրել է բանակցություններում։ Մեզ կարող ա դուր չգալ էդ ամեն ինչը, բայց դա իրենց դիրքորոշումն է։ Իսկ ո՞ւր է մեր դիրքորոշումը, ի՞նչ ենք մենք ուզում։ Այսինքն՝ եթե մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի սահմանման հարցը մեզ համար կարևոր է, դա նշանակում է, որ դու ասեցի՞ր ինչ ես ուզում։

«Ազատություն». - Դա նշանակում է, որ կարևոր է, հետևաբար բանակցությունների նյութ պիտի դառնա։

Զուրաբյան. – Նախ և առաջ, էդպես ասված չի։ Եվ երկրորդը, բացի նյութ դառնալուց, պետք է հայկական կողմը հետապնդի հատուկ լուծումներ, օրինակ՝ կարգավիճակի հարցում մեզ պետք է սա։ Կամ՝ կարգավիճակի հարցը մենք համարում ենք, որ էտապում հնարավոր չի, բայց մենք առաջարկում ենք ապագայում լուծելու հետևյալ մեխանիզմները։

«Ազատություն». – Դա լա՞վ ելակետ է բանակցություններ սկսելու համար։ Դա կարող է ընկալվել վերջնագիր, կարմիր գիծ... Հակառակը, ասում է՝ բանակցությունների տեղ թողնելու համար ասում ենք եկեք քննարկենք արցախահայերի իրավունքները, դրանից բխեցնենք կարգավիճակ։

Զուրաբյան. – Այսինքն՝ Ադրբեջանին կարելի է իր պատկերացումները ներկայացնել, իսկ մեր կողմից ինչ-որ բան ասելը վերջնագի՞ր է։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Դու գնում ես բանակցությունների, դու չես ասել, որ սա վերջնագիր է, ուլտիմատում է, կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք... Սա մեր դիրքորոշումն է, սա մեր լուծումն է, սա այն է, ինչին մենք ձգտում ենք։ Մենք այսօր գիտե՞նք ինչին է ձգտում հայկական իշխանությունը։ Օրինակ, Ղարաբաղի հարցի կարգավորման ո՞ր լուծումն է իր համար ընդունելի։ Ու այս հարցերը գիտե՞ք ինչու են շատ կարևոր։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պաշտոնապես, որ մենք պետք է իջեցնենք մեր նշաձողը Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Բնականաբար, հարցեր են ծագում՝ ի՞նչ է նշանակում իջեցնել նշաձողը։ Այսինքն դուք ինչի՞ եք պատրաստ։ Դա նշանակում է, որ մենք, ասենք, տեսնում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմո՞ւմ, Ադրբեջանը որպես ունիտար պետություն, Ղարաբաղը դրա կազմո՞ւմ։ Թե՞ մենք տեսնում ենք Ղարաբաղը որպես ավտոնոմիա Ադրբեջանում, որտեղ նորից իշխանության մարմինները Ղարաբաղում պետք է ձևավորվեն Ադրբեջանի կողմից։

«Ազատություն». – Բայց ասում են, որ մենք տեսնում ենք, որ հայերը էնտեղ որպես իրենց բնօրրան պետք է շարունակեն ապրել, և այդ տարածքը պետք է մնա հայկական։

Զուրաբյան. – Իսկ ոչի՞նչ, որ այդ հայերը էնտեղ չեն շարունակի ապրել՝ եթե ընդունվի այն տեսլականը, որը Ադրբեջանն է մատուցում։

«Ազատություն». – Դուք ի՞նչ կգրեիք, պարոն Զուրաբյան։

Զուրաբյան. – Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է ներկայացներ խաղաղ կարգավորման երկփուլ գործընթաց։ Մեզ համար գաղտնիք չէ, որ այսօր հայ և ադրբեջանցի ժողովուրդների, կամ Հայաստանի ու Արցախի՝ մի կողմից, Ադրբեջանի՝ մյուս կողմից, միջև տիրում է անվստահության և թշնամանքի մթնոլորտ։ Կարծում եմ, ոչ ոք չի կարող հերքել։ Ակնհայտ է, որ նման մթնոլորտում կան շատ հարցեր, որոնք լուծել հնարավոր չէ։ Համատեղ կեցությունը, կամ հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանության մարմինների վերահսկողությունը։ Կամ հակառակը։ Օրինակի համար, մենք պատկերացնո՞ւմ ենք, որ այսօր Արծվաշենը, եթե խոսք է գնում անկլավների վերադարձման մասին, կարող է գոյություն ունենալ կտրված Հայաստանից, Ադրբեջանի տարածքում։ Որևէ արծվաշենցի կամ նրանց ժառանգորդները կգնա՞ն ապրելու այդ տարածքներում։ Պարզ է, որ ոչ։ Այսինքն՝ կան հարցեր, որոնք այս թշնամանքի մթնոլորտում լուծել հնարավոր չէ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ Չկա այնպիսի լուծում, որն այսօր ընդունելի լինի ղարաբաղցիների համար կամ ադրբեջանցիների համար։ Հետևաբար պետք է որդեգրել այս երկփուլ կարգավորման կոնցեպցիան։ Պետք է առանձնացնել այն հարցերը, որոնց լուծումը հիմա նպաստելու է խաղաղությանը, վստահության ներշնչմանը և հաշտությանը, և առանձնացնել այն հարցերը, որոնց հիմիկվա լուծումը ոչ թե չի նպաստելու, ինքը կոնֆլիկտագեն է, ինքը բերելու է ավելի թշնամանքի սրմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG