Մատչելիության հղումներ

Երևանը խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից, Բաքուն` պնդում, թե նման հարց այլևս չկա


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումից հետո Բաքուն կրկին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի: Ինչ վերաբերում է Հայաստանին, պատրաստ են խաղաղության պայմանագրի շուրջ անցնել գործնական քայլերի:

«Հակամարտությունն անցյալում է, և այժմ մեր գլխավոր խնդիրն է վերականգնել ազատագրված տարածքները, ապահովել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն` վերականգնելով տնտեսական և տրանսպորտային կապերը», - Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է Ջեյհուն Բայրամովը։

Արարատ Միրզոյանն էլ իր ելութում հայկական կողմի դիրքորոշումն է պնդել՝ Երևանը պատրաստ է հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, որտեղ ներառված կլինի նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Միրզոյանը կարևորել է խաղաղ գործընթացի առաջմղումը Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, այն դեպքում, երբ Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե միջնորդական այդ խումբն այլևս անելիք չունի:

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Կողմերի այս հակասական հայտարարությունները հնչում են Միրզոյան-Բայրամով-Լավրով երեկվա հանդիպումից հետո, ինչը վկայում է, որ Բաքվին և Երևանին դեռ չի հաջողվել հաղթահարել հիմնական տարաձայնությունները։ Այս պայմաններում հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին նիստը։ Մինչ այս պահը հստակ չէ՝ հայկական կողմից ով է լինելու պատվիրակության կազմում, Ադրբեջանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել է, որ Բաքուն ներկայացված կլինի փոխվարչապետի մակարդակով։

Անցած ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նաև Եվրամիությունն էր ակտիվ ջանքեր գործադրում։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ մի քանի հանդիպում էր անցկացրել Բրյուսելում․ արդյունքում կողմերը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծել։

Այժմ, երբ հայտնի է, որ կողմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, «Ազատությունը» հարցում է ուղղել Արտգործնախարարությանը` պարզելու՝ արդյոք շարունակվում են քննարկումները նաև Եվրամիության հետ, և հնարավո՞ր է զուգահեռ տանել այդ բանակցությունները՝ հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի ներկայիս խիստ լարված հարաբերությունները։ Արտգործնախարարությունը «Ազատության» այս հարցմանը դեռ չի արձագանքել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG