Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը չի պարզաբանում՝ ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը


Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում այդպես էլ չպարզաբանեց՝ հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը հայկական կողմն ինչպե՞ս է բարձրացնելու՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։

«Ձեզ ասելը նշանակում է, պայմանական, ինչ-որ նախապայման», - նշեց Սիմոնյանը:

Բաքվից հայտարարեցին՝ Հայաստանի վեց կետանոց պատասխանը չեն կարող առաջարկներ կոչվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները, մասնավորապես, Բաքու ուղարկված պատասխանի 6 կետերից մեկի վրա կենտրոնանալով իշխանությանը մեղադրեցին՝ և պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հայկական կողմի համար սկզբունքային է, և ոչինչ չեն ամրագրում՝ ինչպիսի՞ կարգավիճակ են պատկերացնում։ Իսկ փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջողները էլ ավելի հեռուն գնացին՝ հայտարարելով՝ համոզվեցին, որ այս իշխանությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։

«Ինչ-որ բանից պետք է սկսել, չէ՞: Ինչ-որ ձևակերպում Ադրբեջանի ձևակերպման մեջ մեր դուրը չի գալիս, ինչ-որ՝ մեր, դա է գործընթացը», - նշեց խորհրդարանի խոսնակը:

«Ազատության» հացին՝ իշխանության տեսակետը ո՞րն է, Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, թե՞ երբեք չի կարող լինել, Սիմոնյանը պատասխանեց. «Ես որպես օրենսդիր մարմնի ղեկավար, չեմ կարող բանակցային պրոցեսի մաս հանդիսանալ և ինչ-որ ձևով կանխորոշել: Այդ հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարարը, կառավարության ղեկավարը, ես հիմա այդ գործողությունն անելով, մեղմ ասած, կխառնվեմ մի գործընթացի մեջ, որին ես այս պարագայում խառնվելու իրավունք չունեմ»:

«Ազատության» դիտարկմանը, թե մինչև բանակցությունների գնալը, պետք է արդեն քաղաքական որոշում կայացրած լինեին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Քաղաքական որոշման մասին «Ազատության» ուղիղ եթերում ասելը նշանակում է դա ասել Ադրբեջանին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Եթե ես դրա կարիքն ունենամ, ես դա կանեմ այդ ճանապարհով»:

Արձագանքելով էլ այն հարցին էլ՝ եթե, օրինակ, նպատակ ունեն Արցախի հարցն ինքնորոշման իրավունքի հենքով քննարկելու, ինչո՞ւ այդ առաջարկը կոնկրետ չեն գրել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հայկական առաջարկը հենց ստատուս վերաբերյալ առաջարկն է, բայց այդ ստատուսի վերաբերյալ առաջարկը քննարկման առարկա է: Որևիցե բան չկա, որ գաղտնի է պահվել, եթե դա բանակցային ներբություն չի, որը հընթացս կարող է մի ժամվա մեջ փոխվել, որովհետև հաճախ լինում է՝ փաստաթուղթ է գալիս Ադրբեջանի կողմից, մի բառը կարող ենք մի շաբաթ քննարկել և փորձել փոփոխություն անել, բայց ընդդիմադիր գործիչներն ասում են՝ ամեն ինչ հենց հիմա և ուղիղ, այդպես չի լինում»:

«Ազատության» դիտարկմանը՝ «ինքնորոշման իրավունքը մանավանդ Ղարաբաղի և մանավանդ հայության համար ամենանուրբ հարցերից մեկն է, որ չի կարող հընթացս փոխվել, դուք կա՛մ պիտի ունենաք այդպիսի որոշում, որ այ դրանից հետքայլ չեք անելու՝ ինքնորաշման իրավունքն է և վերջ, կարգավիճակն այդպես եք պատկերացնում, կա՛մ դուք ավելի ճկուն եք ու կարող եք այլ կարգավիճակներ քննարկել, օրինակ, ընդդիմադիրները արդեն երեք շաբաթ՝ վարչապետի հայտնի ելույթից հետո՝ կարգավիճակի նշաձողն իջեցնելու, որ դուք տեսնում եք Արցախն Ադրբեջանի կազմում», Սիմոնյանը պատասխանեց. «Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը դրան պատասխանել է, ավելի շուտ կրկնել է վարչապետի ձևակերպումը, որ մենք պատրաստվում ենք բխեցնել կարգավիճակը մարդկանց իրավունքներից, ոչ թե հակառակից գալ: Մենք ինչքան էլ էդ նույն բանը կրկնենք, ինչքան էլ բացատրենք, մեկ է՝ այդ կողմից հնչելու է քննադատություն, բայց միևնույն ժամանակ չլինելով որևիցե առաջարկ: Իսկ ի՞նչ է այսօր ընդդիմությունը առաջարկում, ոչ մի բան, զրո»:

Իշխանական կուսակցության ղեկավար մարմնի՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Սիմոնյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չեն քննարկել։ Արդեն 2 շաբաթից ավելի խորհրդարանական ընդդիմությունը այդ պահանջն է դնում: «Միակ հարցը, որ մենք քննարկում ենք, ուզում ենք հասկանալ՝ լավ, որտեղ են մեզ խաբում: Այսինքն գաղտնիքն ինչո՞ւմ է, ի՞նչ են ուզում արած լինեն: Բոլոր երկրներում կա մի քանի հազար մարդ, որ պահանջում է իրենց վարչապետի հրաժարականը, հիմա հարց՝ ո՞վ է որոշելու Հայաստանի Հանրապետության իշխանությունը ով է լինելու, ՀՀ ժողովուրդը, 8 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր որոշումը կայացրել է», - նշեց նա:

Սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովն ամենայն հավանականությամբ կղեկավարի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Ազատությանը» տեղեկացրեց ԱԺ նախագահն՝ այլ մանրամասներ չհաղորդելով՝ էլ ո՞ր պաշտոնյաներն են ընդգրկվելու կազմում և ե՞րբ է կողմերի առաջիկա հանդիպումը։

Հանձնաժողովի կազմավորումը Փաշինյան-Ալիև բրյուսելյան պայմանավորվածություններից էր։ Իհարկե, հայտարարվել էր, թե այն մինչև ապրիլի վերջ պետք է ձևավորված լիներ ու դելիմիտացիայից բացի զբաղվեր նաև՝ սահմանային անվտանգությամբ։ Հանձնաժողովի գործունեության մասին մինչ այս պահը պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել, Երևանը անգամ կազմը չի բացահայտել։

«Մոտ օրերս կիմանանք: Այո, հանձնաժողովն աշխատելու է, բայց գործընթացն իր տեխնիկական խնդիրներն էլ ունենում ու նաև մարտավարական: Վարչապետն այց ու առանձնազրույց ունեցավ նախագահ Պուտինի հետ, այդ ամեն ինչը պրոցես է, որը կարող է այսկողմ կամ այնկողմ տանել ժամանակացույցը», - նշեց խորհրդարանի խոսնակը:

Ալեն Սիմոնյանին հանդիպեցինք ԱԺ-ի այգում՝ հագուկապը ոչ պաշտոնական էր։ Արձակուրդո՞ւմ է, հետաքրքրվեցինք։ Բացատրությունը հետևյալն էր՝ արձակուրդում չէ, բայց պաշտոնական հանդիպում էլ այսօր չունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG