Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր արեց. կա 15 բերման ենթարկված


Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր անհնազանդության ակցիաներ իրականացրին ավտոերթով Երևանում շրջելով: Մի քանի ուղղություններով շարժվող ավտոերթի ընթացքում լուրջ խցանումներ չէին առաջացել մինչև այն պահը, երբ ընդդիմադիրները մեքենաներով փակեցին Աբովյանի փողոցից դեպի Հանրապետության հրապարակ գնացող ճանապարհահատվածը:

Տևական ժամանակ կենտրոնական փողոցում երթևեկությունը դադարել էր, ոստիկանները մեքենաները ճանապարհից քարշակների միջոցով հեռացրին։

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ այսօր բերման է ենթարկվել 15 ցուցարար։

Արդեն երկու շաբաթ փողոցային պայքարով իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմությունը շարունակում է դժգոհել ոստիկանների աշխատանքից: Հայտարարում են՝ իրենց գաղափարակիցները, աջակիցները բերման են ենթարկվում, կալանավորվում քաղաքական դրդապատճառներով:

«Գողերը ոստիկանության մեջի, մարդագողերը, մարդ ծեծողները պետք է հասկանան, որ Փաշինյանն անցողիկ է, հետո մնալու է խիղճը, մնալու են իրենց ուսադիրները, որոնցից շատ-շատերը, վստահ եմ, մի օր պոկվելու են», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` հավելելով, որ ավելացել են սադրանքները. «Որովհետև որևէ այլ կերպ իշխանությունը չի կարողանում դիմագրավել ժողովրդային շարժմանը, և հիմա մնում է սադրիչների մի խմբաքանակ հավաքել, որը ստացվումէ առայժմ նրանց մոտ: Իհարկե, դերակատարներն էլ քանի որ շատ սահմանափակ են, նույն սադրիչները տարբեր տեղերում են»:

Վարչապետի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը խոստանում է՝ իշխանափոխության դեպքում ազգային համաձայնության կառավարություն է ձևավորելու, որը կղեկավարի 1-1.5 տարի: Թե ում են տեսնում վարչապետի պաշտոնում, ովքեր են լինելու կառավարության կազմում, և ամենակարևորը՝ ովքեր և ինչպես են նրանց ընտրելու՝ դեռ չեն հստակեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG