Մատչելիության հղումներ

Ալիևն այցելել է Շուշի, ծանոթացել է քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին


Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը նախօրեին այցելել են պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի և Շուշի՝ ծանոթանալու այդ տարածքներում տարվող շինարարական աշխատանքներին:

Նախագահականի հաղորդմամբ, Ալիևները Ֆիզուլիում մասնակցել են մասնագիտական վարժարանի և շրջանային հիվանդանոցի հիմնարկեքին, ծառեր են տնկել կենտրոնական զբոսայգում:

Իսկ Շուշիում նրանք ներկա են եղել «Ազերըշըգ» էլեկտրակայանի թվային կառավարման կենտրոնի բացմանը, ծանոթացել են «Շուշի» հյուրանոցի, «Շիրին Սու» համամի, ռեալական դպրոցի և մի քանի այլ պատմական նշանակության կառույցների շինարարության ընթացքին:

Իլհամ Ալիևը Շուշիում հոր՝ Հեյդար Ալիևի 99-ամյակի առիթով ելույթ է ունեցել՝ խոսելով նաև Ղարաբաղում իրականացվող ծրագրերի մասին. - «Այսօր Ղարաբաղը վերածնվում է: Մենք մի քանի միջոցառման մասնակցեցինք Ֆիզուլիում և Շուշիում: Ողջ շրջանում մեծ թափով կառուցապատման և վերականգնման աշխատանքներ են տարվում, ազատագրված բոլոր տարածքներում մեծածավալ շինարարություն է ընթանում»:

Ալիևը հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, պատմական հուշարձանները ավերելու համար, ու պնդել, որ դրանք հիմա, ըստ էության զրոյից են կառուցվում. - «Տարածաշրջանի, Ղարաբաղի մարգարիտը համարվող Շուշին հասցրել են սարսափելի վիճակի»:

Մինչ Ալիևը մեղադրանքներ է հղում հայկական կողմի ուղղությամբ, Արցախի իշխանությունները պարբերաբար ահազանգում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային կոթողների ոչնչացման դեպքերի մասին։ ՄԱԿ-ի մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող հիմնական կառույցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց էլ դեռ չի այցելել Լեռնային Ղարաբաղ։

Իսկ մինչ այդ Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում պետական միջոցներով շինարարություն իրականացնել: Ադրբեջանի նախագահը նաև քանիցս կոչ է արել տեղացի և արտասահմանցի գործարարներին գալ և ներդրումներ անել այդ շրջաններում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, Ադրբեջանում, այդուհանդերձ, մտահոգություն կա, թե այդ վերակառուցումը կոռուպցիոն մեխանիզմներով է ընթանում։ Պետությունը թափանցիկ չի աշխատում, հայտնի չեն վերակառուցման ծրագրերի համար կատարվող ծախսերը, տենդերներ գրեթե չեն հայտարարվում և պետական պատվերները բաժին են հասնում միայն մի քանի ընկերությունների, որոնք, ըստ լրագրողական հետաքննությունների, կապված են իշխող ընտանիքի հետ։

Վերջին շրջանում հանրային կասկածներ կան հատկապես Շուշիում մեծ թափով ընթացող շինարարության կոռուպցիոն մեխանիզմների շուրջ։

Թեև Ադրբեջանի կառավարությունը չի հրապարակում այդ ծրագրերի համար նախատեսված ընդհանուր բյուջեն, իշխանությանը մոտ կանգնած պաշտոնյաները 100 մլրդ դոլարի մասին են խոսում: 2021 թվականին պետբյուջեից շուրջ 1,3 միլիարդ դոլար է հատկացվել շինարարական աշխատանքների համար: Նույնքան էլ նախատեսված է 2022 թվականի բյուջեով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG