Մատչելիության հղումներ

«Մեծ 7-ը» վճռական է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու հարցում


«Մեծ 7-ի» լիդերները տեսակապով քննարկում են Ուկրաինայի խնդիրը, Ելիսեյան պալատ, Փարիզ, 8 մայիսի, 2022թ.
«Մեծ 7-ի» լիդերները տեսակապով քննարկում են Ուկրաինայի խնդիրը, Ելիսեյան պալատ, Փարիզ, 8 մայիսի, 2022թ.

«Մեծ յոթնյակի» լիդերները հեռավար կարգով քննարկել են Ուկրաինայի պատերազմի հարցը:

Յոթ երկրների ղեկավարները հայտարարել են, որ միանշանակ սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ցանկանում են ապագա Ուկրաինան տեսնել որպես բարգավաճ ու դեմոկրատական պետություն՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Յոթի խումբը միասնական է այս դժվար ժամանակաշրջանում Ուկրաինայի դեմոկրատական, բարգավաճ ապագայի կայացմանը նպաստելու և Ուկրաինայի դեմ պատերազմում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալու հարցերում»,- ասվում է յոթ երկրների լիդերների հեռավար համաժողովի ամփոփիչ հռչակագրում:

Յոթ լիդերների համաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ժողովի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի անվտանգության ամրապնդման և հետպատերազմյան խաղաղ կարգավորման հարցերը: Յոթ լիդերները մասնավոր ընկերություններին կոչ են արել «միջոցներ չապահովել Ռուսաստանի ռազմական մեքենայի գործունեությունը ֆինանսավորող ռեժիմի կամ դրան ենթակա կառույցների համար»:

«Մեծ յոթնյակը» հայտնել է, որ շարունակելու է պատժիչ որոշումներ ընդունել ռուսական ֆինանսական համակարգի նկատմամբ և հռչակագրում նշել, որ ագրեսիան ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունն արդեն էապես նվազել է:

«Մենք կիրականացնենք միջոցներ, որոնցով կարգելենք կամ կկանխենք Ռուսաստանին առանցքային նշանակության ծառայությունների տրամադրումը: Դա պետք է ուժեղացնի Ռուսաստանի տնտեսության բոլոր հատվածների մեկուսացումը»,- ասվում է փաստաթղթում:

«Մեծ յոթնյակը» կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային:

«Յոթ երկրները և ամբողջ միջազգային համայնքն արդեն տրամադրել են կամ ծրագրել են Ուկրաինային 2022 թվականի ընթացքում տալ ավելի քան 24 միլիարդ դոլարի ֆինանսական և նյութական օգնություն: Այս շաբաթ մենք դա կավելացնենք, մենք կօգնենք Ուկրաինային առաջացած բացերը փակելու և ժողովրդին տարրական աջակցություն տրամադրելու գործում»,- ասվում է հռչակագրում:

XS
SM
MD
LG