Մատչելիության հղումներ

Շիրակցի գերիների հարազատները փակել էին ճանապարհն ընդդիմադիրների առջև


Ադրբեջանում պահվող շիրակցի գերիների հարազատները փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը` թույլ չտալով ընդդիմադիրներին շարունակել իրենց ավտոերթը դեպի Գյումրի:

Նրանք մեղադրում էին ընդդիմադիրներին, որ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ քայլեր անելու փոխարեն` փողոցային պայքար են մեկնարկել: Բացի այդ, արդեն շուրջ մեկուկես տարի ադրբեջանական բանտերում պահվող գերիների հարազատները պահանջում էին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ով նստացույց է հայտարարել, նաև երթեր է անցկացնում: Նրանք նշում էին, որ Վանեցյանը խոստացել էր գերիներին վերադարձնել, և հարցնում էին. «Ինչո՞ւ չի բերել ոչ մի գերի»:

2021-ի փետրվարին Արթուր Վանեցյանը հայտարարել էր. «Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»:

Տեղում նաև ոստիկանական ուժեր կային, սակայն ընդհարումներ արձանագրվեցին:

Քիչ հետո շիրակցի գերիների հարազատները բացեցին ճանապարհի Հոռոմի հատվածը: Ժամը 13:00-ին ընդդիմությունը Գյումրիում հանրահավաք է նախատեսել:

Ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանում 38 հայ գերի կա, նրանցից մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն:

Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։

2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից 64 պահեստազորայիններ էին գերեվարվել:

XS
SM
MD
LG