Մատչելիության հղումներ

Շիրակցի գերիների հարազատների մի մասը Նոր տարին կառավարության շենքի առջև է դիմավորել


44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատների մի մասը Նոր տարին կառավարության շենքի առջև է դիմավորել։ Արդեն երկրորդ տարին է՝ Ամանորն առանց տղաների են անցկացնում, կառավարությունից շարունակում են հստակություն պահանջել՝ ի՞նչ արդյունքներ կան բանակցություններից։

«Մի կոնկրետ բան իմանանք ինչ-որ մեկից՝ մեր գործերից, մեր տղաների գործերից, բանակցություններից ի՞նչ արդյունքներ կան, մի կոնկրետ ինֆորմացիա», - ասաց շիրակցի գերիներից մեկի հարազատը:

«Ամանորը պետք է անցկացնենք Երևանի հրապարակում, տուն չենք կարող գնալ, մեր էրեխեքը էս երկրորդ Ամանորն է՝ Բաքվի բանտում են», - նշեց շիրակցի գերիներից մեկի ծնողը:

«Ազատություն հայ գերիներին», «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը, «Ալիևը հրաժարվում է իրականացնել եռակողմ հայտարարության պահանջները», «Աջակցեք հայ գերիների և ռազմագերիների վերադարձման գործընթացին», անգլերեն, հայերեն ու ռուսերեն պաստառներով հարազատները ժամեր շարունակ կառավարության շենքի առաջ էին, հեռացան տարածքից՝ կեսգիշերն անց՝ անպատասխան մնացած հարցերով։ Գործադիրից ոչ ոք չարձագանքեց, «Ազատությանն» այսօր ասաց գերիներից մեկի ծնողը։

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիային մասնակցած մեկ այլ գերեվարված զինծառայողի մայրն հայտնեց, որ այդկերպ իրենք նաև միջազգային հանրության ուշադրությունն էին ուզում գրավել խնդրի վրա։

«Ճիշտն ասած մենք չէինք գնացել, որ ինչ-որ մեկը մեզ մոտենար, արձագանքեր, մենք մեր բողոքն այդպես էինք արտահայտում, որ այդ օրը մեր էրեխեքը Բաքվի բանտում էին, գնացել էինք մեր բողոքն արտահայտելու, էդ էր մեր բողոքը, որ մենք կանգնանք, ցույց տվեցինք բոլորին, որ տեղ ունենք խնդիրներ», - ընդգծեց գերիներից մեկի մայրը:

Գերիների խնդրի մասին ոչ մի խոսք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս տարվա ամանորյա ուղերձում։

«Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական առումով մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է», - հայտարարեց վարչապետը։

Փոխարենը նախագահ Արմեն Սարգսյանը չշրջանցեց այդ հարցը։ Վստահեցնելով՝ շարունակելու է միջազգային ջանքերն այդ ուղղությամբ. - «Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար»:

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ գերի, նրանց թվում եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված Խծաբերդի ու Հին Թաղերի 62 պահեսատզորայինների մի մասը։

Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել։ Նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 զինծառայողներն Հունգարիայի միջնորդությամբ էին վերադարձվել։











XS
SM
MD
LG