Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրենին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն քննարկել են Covid-19-ով պայմանավորված ընթացիկ իրավիճակը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կարևորվել է պատվաստումային գործընթացի հետևողական իրականացումը:

Հայաստանում մինչ այս պահը հաստատվել է կորոնավիրուսի 422 հազար 865 դեպք, որոնցից 411 հազար 38-ը ապաքինվել են: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:

Վարչապետ Փաշինյանը արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հատկապես հիշատակելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել հասանելի և բարձրորակ ծառայությունների մատուցում:

ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը կարևորել է ՀՀ կառավարության հետ գործընկերությունը և բարձր գնահատել Հայաստանի կողմից համավարակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, որոնք թույլ են տվել փրկել կյանքեր և միևնույն ժամանակ բաց պահել տնտեսությունը: Հանս Կլյուգեն ողջունելով ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները հանրային առողջապահության ոլորտում՝ հայտնել է ԱՀԿ աջակցությունը գործընթացին:

Վարչապետն ու ԱՀԿ պաշտոնյան անդրադարձել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշատակել է հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի խնդիրը և կարևորել միջազգային կազմակերպությունների կողմից խնդրի բարձրաձայնումը:

Փաշինյանն ու Կլյուգեն վերահաստատել են արդյունավետ գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG