Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի` ոստիկանությունն ապօրինի ու բիրտ ուժ կիրառելով է բերման ենթարկում ընդդիմադիրներին


Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով այսօր Հանրապետության հրապարակից 2 ցուցարար է տարվել ոստիկանություն: Թե ովքեր են նրանք, և ինչ զենք է հայտնաբերվել, չի հաղորդվում։

16 անձ էլ, ըստ գերատեսչության, իրավապահների օրինական պահանջը չկատարելու հետևանքով է բերման ենթարկվել։ Բողոքի ակցիաների մասնակիցներին անվճար իրավական աջակցություն տրամադրող փաստաբանական խմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է՝ ոստիկաններն ապօրինի ու բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։

«Փաստաբանական այդ թիմը այն խնդիրները, որը արձանագրում է, ծայրահեղ մտահոգիչ են, բիրտ ուժի կիրառումից սկսած մինչև ոչ իրավաչափ գործողություններ, և ընդամենը ժամեր առաջ տեղեկացա, որ ոստիկանության Մաշտոցի բերման աղջկան ենթարկելիս, երևի թե չեմ սխալվում, 18 տարեկան աղջկա ձեռքն են անգամ կոտրել: Վայրագությամբ հատկապես աչքի են ընկնում կարմիր բերետավորները և ոստիկանության զորքերը ծառայողները», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը:

Երեկ իշխանությունների հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ակցիաների ընթացքում էլ 39 քաղաքացի է բերման ենթարկվել։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնում են՝ բոլոր բերման ենթարկված քաղաքացիները նույն օրն ազատ են արձակվել։

«Փաստաթղթավորվում են հավաքի մասնակիցները որպես ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարած իրավախախտներ, մինչդեռ նաև հանրամատչելի մամուլում հայտնված տեսանյութերից բխում է, որ որևէ պահանջ չկա, ընդամենը մեկ գործողությամբ հավաքի մասնակիցներին լցնում են ոստիկանական «Գազելը» և տեղափոխում բաժիններ», - նշեց Կոչուբաևը:

Փաստաբանն ասում է` քաղաքացիները որոշ դեպքերում ոստիկանական բաժիններում 3 ժամից ավելի են պահվում, ինչը օրենքի խախտում է, ոստիկանությունն անգամ իրենց ու պատգամավորներին խոչընդոտում է տեսակցել բերման ենթարկվածներին. «Մենք շուրջ 20 րոպե հնարավորություն չենք ունեցել տեսակցել բերման ենթարկված անձանց, և միայն Արամ Վարդևանյանի և հանրապետության ոստիկանապետի հեռախոսային խոսակցությունից հետո հնարավորություն ենք ստացել մուտք գործել բաժին»:

Ոստիկանություն բաժին տարված քաղաքացիների մեջ նաև երեխաներ են եղել

Ոստիկանություն բաժին տարված քաղաքացիների մեջ նաև երեխաներ են եղել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ արձագանքել է այդ դեպքերին։ Ըստ օմբուդսմենի՝ առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում 16-17, իսկ մեկը 13 տարեկան են եղել:

«Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկություններ է ստացել, որ ոստիկանները երեխաներին որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով: Բերման ենթարկված երեխաների ծնողներն այսօր հրաժարվեցին խոսել։

Նրանց շահերը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է պաշտպանում. «Վիզուալ էլ տեսանելի է, որ գործ ունես մանկահասակ երեխայի հետ, և նրա նկատմամբ ձեռնամարտի հնարք կիրառելով նստեցնել ոստիկանության մեքենա և բերել ոստիկանության բաժին, կարծում եմ, սա մի քիչ մարդկային տեսանկյունից անգամ վայրագ գործողություն է, ըստ էության»:

Ոստիկանությունից չեն մեկնաբանում ընդդիմության պնդումները։

XS
SM
MD
LG