Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը համախմբման կոչերով շարունակում է փողոցային պայքարը


Քայլերթեր, բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ. իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմությունը համախմբման կոչերով շարունակում է փողոցային պայքարը:

Ինչպես անցնող շաբաթվա բոլոր օրերին, այսօր էլ Երևանում ցույցերի մեկնարկը տվեցին բուհերով երթեր իրականացնող երիտասարդները. նրանք ուսանողներին հորդորում են միանալ իրենց:

Իշխանությունների հրաժարականը պահանջող երիտասարդները բուհերի առջև Լեռնային Ղարաբաղի դրոշն են տեղադրում. «Արցախի դրոշը տեղադրվում է ի նշան նրա, որ հայ ուսանողը երբեք չի կարող հաշտվել այն մտքի հետ, որը իշխանությունները ցանկանում են հրամցնել մեզ»:

Ընդդիմությունը փողոցային պայքար սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ դա ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։

Հայաստանի 4 մարզերից էլ դեպի Երևան ճամփա են բռնել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները, նրանք նշում են՝ Երևանում կլինեն այս կիրակի, մայիսի 1-ին ընդդիմությունը մայրաքաղաքում հանրահավաք է հրավիրել։

Այս ցույցերին զուգահեռ նույն պահանջով Ազատության հրապարակում նստացույցն է շարունակում խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը։ Երեկոյան երկու խմբակցություններն էլ երթ են անցկացնելու։

XS
SM
MD
LG