Մատչելիության հղումներ

Դատախազությունը բողոք է ներկայացրել` խնդրելով Հովիկ Աբրահամյանի եղբոր ու նրանց մերձավորի մեղադրանքը ծանրացնել


3 գնդացիր, «ԱԿ-74» տեսակի 7 ինքնաձիգ- դիպուկահար, հրացաններ, ատրճանակներ, բազմապիսի ու բազմաթիվ փամփուշտներ․ այս ռազմամթերքը, որ կարող էր, թերևս, սահմանային մի դիրքի բավարարել, գտնվել էր չորս տարի առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի գործարանում, որը թեև այլ մարդու անունով է ձևակերպված, սակայն, ըստ իրավապահների, փաստացի պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

ԱԱԾ-ն այն ժամանակ հատուկ տեսանյութ էր տարածել` տեղեկացնելով, որ ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ կամ Ջոնիկ Աբրահամյանն ու նրանց մերձավոր Ամբիկ Գևորգյանը:

Քննիչներն անգամ պնդել էին, թե այս զինամթերքը կարող էր կապ ունենալ 2008-ի մարտի մեկին կիրառված զենքերի հետ։ Հետագայում, սակայն, այս վարկածը հերքվել էր։ Մնացել էր գլխավոր հարցը՝ ո՞վ է կուտակել այս ռազմապահեստը, ի՞նչ նպատակով և ի՞նչ պատասխան է տալու դրա համար։

Տարիներ տևած քննությունից հետո՝ մոտ մեկ ամիս առաջ, դատարանը հաստատել է՝ ապօրինի ռազմամթերքը պատկանել է նախկին վարչապետի եղբորը, իսկ նրանց մտերիմ Գևորգյանը նրան օգնել է դրանք մի վայրից մեկ այլ տեղ տեղափոխել։

Ըստ այդմ, Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, բայց դատարանի դահլիճից տուն գնացել։ Դատարանը նրանց նկատմամբ համաներում է կիրառել՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ։ Բացի այդ, հաշվի է առնվել, որ 67-ամյա Աբրահամյանը նախկինում եղել է Ազգային ժողովի պատգամավոր, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ չկան։

Աբրահամյանների համագյուղացիները զենքի թեմայով գերադասում էին լռել, առանց կոնկրետ օրինակների պատմում էին նրանց բարեգործությունների, գյուղի համար կատարած լավ գործերի մասին՝ խուսափելով անդրադառնալ քրեական գործերին, որոնց համաձայն նախկին վարչապետի մերձավորները ապօրինի ճանապարհով են հարստությունը կուտակել։

«Ես տենց բաներից` զենք-մենքից չեմ հետաքրքրվում», - ասաց նրանցից մեկը, մյուսներն էլ ասում էին, թե չեն լսել:

«Ինչ-որ պետք է, ում հարցով պետք է եղել, մոտիկացել են, ինչ հարցով պետք է եղել, օգնել են, հիմա չգիտեմ` ում ոնց ինչ, բայց դե ես վատը չեմ լսել», - ասաց տեղացիներից մյուսը:

Չնայած գործում եղել են նախաքննական ցուցմունքներ ու գաղտնալսումների ձայնագրություններ, սակայն դատավորը հաստատված չի համարել, որ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը գործել են նախնական համաձայնությամբ։ Արդյունքում նրանց ներկայացված մեղադրանքը մեղմացվել է, ինչի հետևանքով էլ հնարավոր է եղել համաներում կիրառել։ Վճիռը հրապարակվել է մեկուկես ամիս առաջ։

Գլխավոր դատախազությունը երեկ է դրա դեմ բողոք ներկայացրել, երբ հետաքննող լրագրողները մանրամասներ էին հրապարակել աղմկահահույց այս գործի վերաբերյալ։ Վերաքննիչից դատախազությունը խնդրել է վերացնել առաջին ատյանի որոշումը, չկիրառել համաներումը և ամբաստանյալներին մեղադրել ավելի ծանր հոդվածով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG