Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հերհերի ջրամբարը վարձակալում է ամսական ընդամենը 20 հազար դրամով


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը Վայոց ձորում գտնվող 26 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Հերհերի ջրամբարի տարածքը վարձակալել է ամսական ընդամենը 20 հազար դրամով։

Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի տարեկան հաշվետվության համաձայն, տարածքն այսքան փոքր գումարով Ջրային կոմիտեի կազմի մեջ մտնող «Ջրառ» ՓԲԸ-ն Աբրահամյանի «Յագուար կենդանիների աշխարհ» ընկերությանը տրամադրել է ձկնաբուծության նպատակով։

«Ջրամբարում ձուկ է լցվել, պահում-պահպանում ենք, հնարավոր ամեն ինչ անում ենք, որպիսզի զարգանա ու չենք կարծում որ դա բացասական է», - ասում է ջրամբարի պետ Նարեկ Գևորգյանը: Նա վարձի չափը նորմալ է համարում և Աստծուց ընկերության հիմնադրի համար առողջություն է խնդրում՝ պնդելով, որ Աբրահամյանը ջրամբարից եկամուտ չունի, և այս ամենն արվել է միմիայն ժողովրդի համար:

Այդուհանդերձ, ջրամբարի պետը խոստովանում է, որ ձկնաբուծության նպատակով վարձակալված տարածքում ձուկ գրեթե չկա․ - «Ձկան պաշարի հիմիկվա գործակից գրեթե զրո ա»:

Հենրիկ Աբրահմյանին պատկանող ընկերությունը Հայաստանի ամենամեծ ջրամբարներից մեկն օգտագործում է ոչ միայն ձկնաբուծության նպատակով․ 2017-ին և 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2 ՀԷԿ-երի համար բաց է թողնվել 40,5 մլն խմ ջուր: Այս ծավալի ջրի ինքնարժեքը կազմել է շուրջ 93 միլիոն դրամ, սակայն ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ն ստացել է միայն 3 միլիոնը՝ 31 անգամ պակաս։

Ջրամբարի պետ Գևորգյանը, չնայած այս բացահայտումներին, պնդեց, թե ամեն ինչ արել են օրենքի սահմաններում:

«Ջրառ» ՓԲԸ-ից «Ազատությանը» չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:

Իսկ նախկին վարչապետի եղբոր ընկերության վերոնշյալ «արտոնությունները» բացահայտած Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն, անդրադառնալով այս ամենին հայտնեց, որ առհասարակ ջրամբարները չպետք է հանձնվեն վարձակալության․ - «Պարզապես ջրամբարը 20 հազար դրամով վարձակալության տալը սխալ է»:

Յոլյանն ընդգծեց, որ Ջրային կոմիտեն և այլ գերատեսչությունները ռազմավարություն մշակելիս, հաշվի առնելով պալատի բացահայտումները, պիտի համապատասխան եզրակացություններ անեն: Յոլյանը հավելեց, որ ջրամբարների և ՀԷԿ-երի մասով պետությունը պիտի միասնական մոտեցում ցուցաբերի։

«Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը նույնպես սխալ է համարում ջրամբարների վարձակալության տալը: Դա, նրա համոզմամբ, բնապահպանական տեսանկյունից ընդունելի չէ։

Հովսեփյանն այստեղ և՛ ազգային անվտանգության, և՛ սոցիալական խնդիրներ է տեսնում․ - «Մարդիկ կարող էին էնտեղի ջրով իրենց սոցիալական որոշ խնդիրներ լուծել: Հիմա իրանք ստիպված են էդ ձուկը ոչ թե բռնալ, այլ գնել»:

Ջրատնտեսական այսպիսի մեծ համակարգերը հատուկ պահպանության կարիք ունեն: Հովսեփյանի խոսքով, այս ամենը Ջրային օրենսգիրքով համակարգված է, պահպանումը պետք է պետությունն իրականացնի․ - «Հիմա ես չգիտեմ պետությունը վարձակալության տալով էդ գործառույթն իրա դրե՞լ է վարձակալի վրա»:

«Ազատության» նկարահանումների ժամանակ ջրամբարում հերթապահում էին անվտանգության երկու աշխատակից, որոնք վստահեցրին, թե 24 ժամ այստեղ են և հետևում են ջրամբարի անվտանգ շահագործման բոլոր կանոններին: Բայց նաև ընդունեցին, որ պատնեշի անգամ փոքր վնասվածքը կործանարար հետևանքներ կարող է ունենալ:

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահն էլ է ռիսկեր տեսնում․ - «Բավականին մեծ քանակությամբ ջուր է էնտեղ կուտակվում, և եթե ինչ-որ խնդիր լինի, դա արդեն արտակարգ իրավիճակ է ստեղծելու: Նույնիսկ եթե որևէ գյուղի չհասնի, հաստատ ճանապարհներ է խաթարելու, գյուղատնտեսական հողեր է վնասելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG