Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանի տարածքում հայտնաբերված զենքի քրգործն ուղարկվել է դատարան


Մխչյան գյուղում հայտնաբերված զենք-զինամթերքը, օգոստոս, 2018թ.

Գլխավոր դատախազությունն այսօր հայտնում է, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի քրեական գործն ուղարկվել է դատարան։

Հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 30-ին Գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննված քրեական գործն «ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի և Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար»:

«Քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հ. Ա.-ն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել մեկ տասնյակից ավելի քանակությամբ տարբեր տեսակի հրազեն հանդիսացող զենքեր և շուրջ երեք հազար՝ կրակվելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության փամփուշտներ», - ասված է հաղորդագրությունում։

«Հ. Ա.-ն Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ զենքերը և ռազմամթերքը ապօրինի կերպով փոխադրել ու պահել են Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող, փաստացի ՀՀ նախկին վարչապետներից մեկին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում: ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից 2018թ. օգոստոսի 6-ին այդ տարածքում կատարված խուզարկությամբ նշված զենք զինամթերքը հայտնաբերվել և առգրավվել է», - փոխանցում է Գլխավոր դատախազությունը։

Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հ. Ա.-ն դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ Ա. Գ.-ն հայտնել է, որ թեև իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն զղջում է կատարածի համար, և տվել է խոստովանական ցուցմունք, որը պնդել է Հ. Ա.-ի հետ առերեսվելիս, նշված է հաղորդագրությունում։

Գլխավոր դատախազության՝ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նշված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշենք, որ Հայաստանի նախկին վարչապետներից ծագումով Մխչյան գյուղից է Հովիկ Աբրահամյանը, որին փաստացի պատկանող գործարանն էլ խուզարկվել էր 2018 թվականի օգոստոսին, ձերբակալվել էին նախկին վարչապետի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը և Ամբիկ Գալստյանը։ Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր, ապա երկու ամիս անց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։

XS
SM
MD
LG